Կլոդ Լևի Ստրոս «Կառուցվածքային մարդաբանություն» համառոտ



Ինչպես նշում է հեղինակը, իր վրա մեծ է առաջին հերթին Ռոման Յակոբսոնի և Նիկոլայ Տրուբեցկոյի ազդեցությունը: «Հնչույթաբանության ծնունդը սոսկ լեզվաբանական հեռանկարի թարմացում չէր… Սոցիալական գիտությունների համար հնչյույթաբանությունն ունի նույն նշանակությունը, ինչ միջուկային ֆիզիկան՝ բոլոր ճշգրիտ գիտությունների համար»: Հնչույթաբանությունը գիտակցված լեզվական երևույթներից քայլ կատարեց դեպի ենթագիտակցական ինֆրակառուցվածք՝ որպես հիմք ընդունելով տերմինների միջև եղած կապերի վերլուծությունը և ներմուծելով համակարգի հասկացությունը, իսկ լեզվաբանությունը հնարավոր դարձրեց մարդկային երևույթների խիստ հետազոտությունը:
Թողնելով այս կամ այն մշակույթի մասնավոր համակարգերի ազգակցության հետազոտությունը, Լևի Ստրոսը փնտրում է ավելի համընդհանուր օրենքներ: Օգտվելով լեզվաբանական և տրամաբանամաթեմատիկական մոդելներից՝ գիտնականը եկավ այն եզրակացության, որ ազգակցության հարաբերություններն ուսումնասիրելիս սոցիոլոգը նույն իրավիճակում է, ինչ հնչույթաբանը: Ինչպես հնչույթները, ազգակցության տերմինները ևս իմաստային տարրեր են: Իմաստը գոյանում է, երբ դրանք ինտեգրվում են համակարգի մեջ: Ազգակցության համակարգերը, ինչպես և հնչույթաբանական համակարգերը, ձևավորվում են մտածողության զարգացման նախառեֆլեքսիվ փուլում: Միմյանցից բոլորովին տարբեր տարածքներում գտնվող հասարակությունների, ազգակցությունների ձևերի և ամուսնության կանոնների դիտարկումը բերում են այն համոզման, որ դիտարկվող երևույթները բխում են ընդհանուր, սակայն ոչ ակնառու կանոնների խաղից:
Հետևաբար գոյություն ունի թաքնված հիմք, որը ուղղորդում և կառուցում է մարդկային քաոտիկ երևույթները: Ազգակցության համակարգերը կարելի է մեկնաբանել որպես լեզվի տեսակ և գործողությունների համակցություն, որոնք երաշխավորում են հաղորդակցությունը խմբի ներսում:
Նույնիսկ այնպիսի անփոփոխ ու կայուն տաբուները, ինչպիսին է օրինակ ինցեստը, Լևի Ստրոսը հրաժարվում է բացատրել կենսաբանական կամ բարոյական դիրքերից: Դրանք անգիտակից կառույցների հետևանք են: «Ինցեստի արգելքը ոչ այնքան կանոն է, որն արգելում է ամուսնությունը մոր, քրոջ և դստեր հետ, որքան կանոն, որը հարկադրում է ուրիշին տալ մորը, քրոջը և դստերը: Դա բացառիկ շնորհի կանոն է»: Համընկնում են ոչ միայն լեզվաբանության և սոցիոլոգիայի մեթոդները, այլև հետազոտության առարկան՝ հաղորդակցությունը և սոցիալական ինտեգրումը:
Մերձավոր կանանց «ուրիշներին տալը» ընդլայնվող խմբի մոդելն է: Ինչպես նկատել է Պոլ Ռիկյորը, Լևի Ստրոսի կառուցվածքաբանությունը «կանտականություն է, առանց տրանսցենդենտալ սուբյեկտի»: Անգիտակցականը (կանտական, այլ ոչ ֆրոյդյան տիպի), որը ձևավորվում է կատեգորիաներից, մատրիքս է բոլոր մնացյալ կառուցվածքների համար: Պատմությունը զուրկ է որևէ իմաստից և նպատակից: Նրա մեջ իշխում են ոչ թե մարդիկ, այլ անգիտակցական կառուցվածքները: Խոսել մարդկության պատմությունը ուղղորդող առաջընթացի մասին անիմաստ է, քանզի ամեն «պատմական գոտի» ունի իր ուղին, որը տարբեր է մյուսների ուղուց: Պատմության նորոգման պրոցեսները բավականին կասկածելի են: Չէ՞ որ կան նաև «սառը հասարակություններ», որոնք անտարբեր են էվոլյուցիայի հանդեպ:
Լևի Ստրոսի համակրանքը հենց այդպիսի պրիմիտիվ հասարակությունների կողմն է, քանի որ նրանք չեն խախտում բնության հետ իրենց կապի ներդաշնակությունը:
Պատմությունը հիշեցնում է շախմատի խաղ: Չիմացողին ֆիգուրների դասավորվածությունը կարող է թվալ կամայական: Ֆրանսիացի փիլիսոփան ոչ թե կամայականություն, այլ խիստ տրամաբանություն է տեսնում միֆերում: Պարզելով դրանց շարահյուսական կազմավորումը և բաժանելով բինարային խմբերի (հերոս-զոհ, բարեկամ-թշնամի, հայր-մայր, կոպիտ-փափուկ), նա խմբավորում է միֆերը ոչ թե ըստ բովանդակության, այլ ըստ աքսիոմների համակարգերի:
Միֆերի տրամաբանությունը հենց դիցաբանության մեջ է: Էական է ոչ թե այն, թե ինչ ենք մենք մտածում միֆերի մասին, այլ այն, թե ինչ են միֆերը մտածում մեր մասին: 
        

Տես նաև Ֆերդինանդ դը Սոսյուր «Լեզվաբանության ընդհանուր դասընթաց», Էմիլ Բենվենիստ «Ընդհանուր լեզվաբանություն» և Առնոլդ Թոյնբի «Պատմության հետազոտություն» 
Կլոդ Լևի Ստրոս «Կառուցվածքային մարդաբանություն» համառոտ Կլոդ Լևի Ստրոս «Կառուցվածքային մարդաբանություն» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 03, 2015 Rating: 5
Технологии Blogger.