Սիրում եմ անձրևը, երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզերական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան: Սիրում եմ շռնդալի անձրևը՝ ջրառա՛տ, ծանր, որ աղմկալի հարվածում է տանիքներին ու ջրհորդաններով գահավիժում ցած, և որին սաղարթախիտ ծառերը, միայն վայրկյաններ դիմադրելուց հետո, թևաթափ ու խոնարհ հնազանդվում են լուռ: Հանկարծահաս հորդ անձրևը, անակնկալ տեղատարափը,որ հեղեղում է արար աշխարհ և շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից: Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին, երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման «օխայ» են քրթմնջում հրճվանքով: Սիրում եմ և գարնանամտի անձրևը, որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին համբավաբերներն են, նրա հաղթական մուտքն ազդարարողները:
Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ և՛ գարնան ուրախ անձրևը, որ անթիվ կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը, որ թախիծ է բերում ու տխուր հուշեր: Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը: ...Ասում են, ես անձրևի տակ եմ ծնվել և , երբ աշխարհ եկա՝առաջին ձայները, որ լսեցի՝ ամպի գոռոցն էր և անձրևի շռնդալի թմբկահարությունը: Գոռգոռում են ամպերը, կայծակը խփում է դիմացի ժայռին, և ահաբեկված մայրս այդ պահին աշխարհ է բերում ինձ ՝ հազար տեղից կարկատած մեր վրանում: Դա օգոստոսն էր, բայց այնպես ցուրտ էր մեր սարերում, որ շներն անգամ դողում էին իրենց բներում: Առանց մորս համաձայնությունը հարցնելու, շալը կապել են նրա մեջքից, ինձ խանձարուրով գցել մեջը: Իմ բոբիկ մայրը լեռան լանջով բարձունքից քայլել է դեպի հովիտը: Քայլել է դեպի տաքը, դեպի արևը՝ իր վերջին զավակին գազազած տարերքից փրկելու համար... Ահը սրտում իջել է մայրս լեռերից ՝ իր մեջքին զգալով այն փոքրիկ արարածի գոյությունը, իջել է ամպերի միջից: Պետք է որ մայրս թաքուն բերկրանք զգար իր սրտի տակ, բարի արևից ջերմացած այն հովիտն իջնելիս:Բայց և երկյուղ է ունեցել իր սրտում մինջև ոսկորները թրջված այդ գեղջկուհին, երկյուղ ինձ համար: Ես տրոփում էի նրա նիհար մեջքին , և նա զգում էր, որ դեռևս կենդանի եմ: Կես դար է անցել այդ օրերից: Դու վաղուց ննջում ես հողի տակ, աղոտ եմ հիշում քո սուրբ պատկերը, վաղամեռ մայր իմ: Բայց հիմա էլ պարզ ու հստակ տեսնում եմ քեզ՝ ցուպը ձեռքիդ, ոտաբոբիկ, քոչվոր թրքուհու նման բեռդ թիկունքիցդ կապած ՝ մեր ամպոտ սարերից հովիտն ես իջնում: Կայծակից ու որոտից փախցնում էիր ինձ ՝քո վերջին պտուղը:
Տես նաև Վախթանգ Անանյան Պատմվածքներ
Վախթանգ Անանյան | Անձրև Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 28, 2017 Rating: