Արա Գեղեցիկ և Շամիրամ | համառոտ


Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի տարփասեր կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։
Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործոլու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե, և այստեղ կա´մ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կա´մ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։
Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։
Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։
Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարացուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի տարփածուին։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։
Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին:
Շամիրամի հույսերն ի դերև են ելնում: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Տես նաև Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն, Մովսես Խորենացի Հայոց պատմություն և Ագաթանգեղոս Հայոց պատմություն

Արա Գեղեցիկ և Շամիրամ | համառոտ Արա Գեղեցիկ և Շամիրամ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.