Ավետիք Իսահակյան | Համբերանքի չիբուխը | համառոտ


Երկաթուղին ոլորվում է Շիրակի ծաղկած դաշտերում: Հեղինակը վագոնի լուսամատից նայում է սիրելի հողի կտորին: Ահա՛ և Օհան-ամու ջրաղացի տեղը։ Առուն չորացել է, ջաղացը ավերվել, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծառուտից: Օհան-ամին վաղուց մեռել է և թաղված է այս ծառերի տակ։ Իր ձեռքով է շինել ջաղացը և տնակը: Հեղինակի թարմ զգայության վրա խորհրդավոր տպավորություն էր թողնում նրա ապրած կյանքը և իր ապրումներին գումարած մտքերը։ Մինչև քառասուն տարին Օհան-ամին ապրել է իր պապերի գյուղում, աշխատել է, ցանել ու հնձել, ծնողներին խնամել ու պատվով թաղել, քույրերին ամուսնացրել, ինքն էլ ամուսնացել և որդիներ ունեցել։ Գյուղում հողաբաժին է լինում։ Հարուստներն իրենց մեջ են բաժանում բերրի հողերը և ստերջ հողերը տալիս թույլերին։ Օհանը զայրանում է։ Գյուղի զրկված մասին ըմբոստացնում է։ Հարձակվում, ծեծում են ռեսին ու հարուստներին։ Գալիս է կաշառված պրիստավը մի քանի յասավուլներով, հավաքում ըմբոստներին, քաշում մտրակի տակ։ Օհանը վերցնում է քարը և խփում պրիստավին։ Մյուսները հետևում են նրա օրինակին և հարձակվում յասավուլների վրա: Երբ կազակները գալիս են նրանց ձերբակալելու՝ ելնում են սարերը, «ղաչաղ» են դառնում։ Կարճ ժամանակ անց ղաչաղները իջնում են գյուղը, ընկնում հարուստների ոտները, ներում են  խնդրում և ներվում։ Օհանը մնում է 4 ընկերների հետ։ Ընկերներն էլ գալիս են, ներում են ստանում։ Բայց Օհանը մնում է անսասան։ Մի օր մատնությամբ բռնվում է։ 4 տարով բանտում է հայտնվում։ Երբ ազատվում է, գյուղ է գալիս, բայց չի ուզում տեսնել իր դավաճան, փոքրոգի ընկերներին: Հեռանում է ջրաղացը և այդպես «աշխարհաթող» լինում Օհան-ամին։ Նրա մշտական ընկերը իր գամփռ Ասլանն է՝ հավատարիմ շունը: Նրան հաճախ է այցելում հեղինակը մանուկ ժամանակ: Հետը թեյ է խմում, նայում, ինչպես է քաշում իր համբերանքի չիբուխը և լսում պատմությունները:
«Իր համեբանքի չիբուխ քաշելու» արտահայտությունն էլ Օհանը Միրզա Մեհդիից էր սովորել՝ իմաստուն մի մարդուց, որին հաճախ է հիշում: Հիշում է, թե որքան բան է սովորել բանտում: Այնտեղ ուրիշների փողը կերած վաճառականը ուտելիք ու խմելիք էր ստանում հենց իրենից տուժածներից: Բանտի մեջ է հասկացել բանի ուղն ու ծուծը։ Գյուղ ու քաղաք իրար գզում են փողի, հարստության, ուրիշի աշխատանքը տանելու համար։ Եվ քանի որ փողը կա, մարդ չկա, սեր ու խիղճ չկա։
Մխոն Օհան-ամու քրոջ որդին է՝ մանուկ հասակից որբացած։ Մեծացել է քեռու տանը, իբրև նրա որդիներից մեկը։ Մոտ երեսուն տարեկան է, նեղ ճակատով, մեծ քթով և բարձրահասակ։ «Խելառշունչի մեկն է», գյուղացիները այսպես են բնորոշել նրան։ Խելառ-խելոք։ Սակայն մշտական զվարթ տրամադրության մեջ է այդ մարդը։ Աշխարհի չար իրերը նրան բարի դեմքով են երևում։ Ամեն բան ծիծաղի առիթ է նրա համար՝ ցավ, հիվանդություն, ծերություն: Մխոն ապրում է Օհան-ամու հետ, թեև նրա մի ոտը ջաղացումն է, մյուս ոտը՝ գյուղում։ Միասին վարում են իրենց փոքր տնտեսությունը՝ բաղկացած մի-երկու տասնյակ հավերից ու բադերից և մի կթան կովից։ Մխոն անչափ նվիրված է Օհան քեռուն, նրա խոսքին՝ հլու-հնազանդ։ Եվ միայն Օհան-քեռու հարցերին է լուրջ պատասխանում։ Մխոն գդակ չի դնում։ Գյուղի երիտասարդները, յուրաքանչյուր անգամ նրան տեսնելիս՝ հարցնում են. - Մխո՛ ջան, փափախդ ո՞ւր է։ Եվ Մխոն ամեն անգամ, օրական հարյուր անգամ իսկ, միևնույն պատասխանն է տալիս.- Ի՞նչը։ - Փափախդ ո՞ւր է։ - Ո՞ւմ։ - Քու փափախդ ո՞ւր է։ - Փափա՞խս, հա՛։ Քամին տարավ փափախս։ Չգիտեմ, խոլեռի տարին էր, թե քեռուս ձիու կորած տարին, մեկ սատանի քամի ելավ, աշխարք առավ մեջ, ջաղցի քարի պես պտտցուց, ֆռռացրեց։ Ես մե մենձ քարի տակ մտա, քարը բռնի, տափ եղա։ Մենակ փափախս տարավ, էդ տանելն է, որ տարավ։ Հիմի վո՜վ գիտե, փափախս ո՞ր սարի գլուխն է կորել, ո՞ր ծովերու վրեն կտմբտմբա։
«Մարդը գնացական է»,- սիրում է կրկնել Օհանամին,- նրա լավ գործը՝ մնացական»։ Մի անգամ, երբ հեղինակը բաժանվում է Օհան-ամուց, սա ասում է.- Է՜ է՜հ, ծերացա՜նք, ըսել է՝ եկանք հասանք ծերին։ Ամեն բանի ծերին, կյանքի ծերին, աշխարքի ծերին... Վնաս չունի։ Մեկ խնդրանք ունիմ - քանի ողջ եմ, ոտ ու ձեռով մնամ, գետնին գերի չըլնիմ, աշխատեմ, ու էստեղ, ջաղացիս դուռը նստած, համբերանքի չիբուխս քաշեմ, ու ամեն օր լսեմ բարի, ուրախ լուրեր աշխարքիս չորս դիերից, ամեն կողմերից։ Էլ ուրիշ բան չեմ ուզի...
Շատ տարիներ են անցել այն օրերից, բայց հեղինակը դեռ հիշում է Օհանի խաղաղ զրույցները, համբերանքի չիբուխի խաղաղ ծուխը, հանգիստ, հնամենի ձայնը...

Ավետիք Իսահակյան | Համբերանքի չիբուխը | համառոտ Ավետիք Իսահակյան | Համբերանքի չիբուխը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 02, 2016 Rating: 5
Технологии Blogger.