Օրան ավանը հայտնի է հատկապես Մարտին ապոր խնձորի այգով: Խնամքով մշակված այգին խնձոր է մատակարարում ամբողջ շրջանին: Մարտին ապերն ինքն է վաղ տարիքում տնկել այդ խնձորենիները: Նա քաջ գիտի յուրաքանչյուր ծառի կենսագրությունը: Եվ անգամ քամու կոտրած ճյուղը Մարտին ապորը ծանր վիշտ է պատճառում: Գիշերային քամին, որից տնքում են ծառերը, ահով է լցնում նրա սիրտը: Բայց ահա մահանում է այգեպանի կինը` Սաբեթ նանը: Այգեպանը ծանր է տանում մենակությունը: Հիմա նրա կրծքին մշտապես չոքած են թախիծն ու վիշտը: Նրան ապրեցնում է միայն խնձորի այգին: Մոր մահից հետո դստրերն ավելի հաճախ են այցելում իրենց հորը, փորձում են սփոփել նրան: Այգեպանը իր այգում աշխատելու համար վարձում է կանանց, որոնք պահակ Սահակի հետ հավաքում, տեսակավորում և վաճառում են խնձորը: Կանանց թվում է Նունուֆարը: Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ամուսնուն, երեխաներին, հարազատ օջախն ու ապաստանել է Օրան ավանում: Նա տոկուն հայուհի է, որն ամենածանր կորուստներից անգամ չի ընկճվում: Նա բնությունից օժտված է գրավիչ արտաքինով: Արհավիրքներ տեսած, անդառնալի կորուստներ կրած և հարազատներ չունեցող այս կինը հանկարծ հայտնվում է խնձորի այգում:
Սաբեթ նանի մահից հետո Մարտին ապոր կյանքի լույսն ասես մարել էր: Սակայն Նունուֆարի հայտնվելով այդ լույսը նորից է վառվում: Եվ ահա 60 տարեկան Մարտին ապերն ամուսնանում է 30 տարեկան Նունուֆարի հետ, որը փարատում է Մարտին ապոր մենակության հոգեմաշ զգացողությունը` դառնալով նրա համար սփոփանքի և ներշնչման կենարար ակունք: Մինչ այդ, այգեպանին թվում էր, թե Սաբեթ նանի մահով տան բոլոր իրերը քարացել են, բայց Նունուֆարը վերականգնում է օջախը: Մայրանալու շեմին կանգնած Նունուֆարը սպասում է մի լուսե էակի, որը պիտի գա ու վերականգնի իր բոլոր կորուստներն ու կարոտները: Մայրացող կինը դառնում է ավելի հավատացյալ: Նունուֆարի հոգեկան աշխարհը պարուրվում է քաղցր արբեցումով: Բայց Նունուֆարի գողտրիկ սպասումներին փորձություն է սպասում: Մարտին ապոր դուստրերն ու փեսաները դավեր են նյութում նրա դեմ և եկեղեցուց տուն գալու ճանապարհին դստրերը դաժանորեն ծեծում են Նունուֆարին և հասցնում մահվան:
Նոյեմի ամուսինը` Արտուշը, Օրանի ամենամեծ հարուստներից է: Շահամոլության անսանձ կիրքը սպանել է նրա մեջ մարդուն: Նա ինքն է բացում կնոջ շահամոլ աչքերը` մշակելով խնձորի այգին ժառանգելու կամ կործանելու բոլոր տարբերակները: Կորցնելով Նունուֆարին` Մարտին ապերը կորցնում է նաև աշխարհի հետ իր հոգու կապը: Նա օտարանում է մարդկանցից և աշխարհից: Մի առավոտ խելագարված կացինը ձեռքին հարձակվում է բողբոջած խնձորենիների վրա և սկսում է կոտորել: Նրան համարում են ցնորված: Մեկուսացնում են և բանտարկում: Բանտում մեկ ամիս մնալուց հետո մարտին ապերը վախճանվում է: Նոյեմն ու Արտուշը տիրանում են խնձորի այգուն:
Տես նաև Պապ թագավոր և Մի կյանքի պատմություն
Ստեփան Զորյան | Խնձորի այգին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 01, 2016 Rating: