Խորխե Լուիս Բորխես | Հարավը



1871 թվականին Բուենոս Այրեսի նավահանգիստ հասած մարդու անունը Յոհաննես Դալման էր, նա ավետարանական եկեղեցու հովիվ էր: 1939 թվականին նրա թոռներից մեկը՝ Խուան Դալմանը, Կորդովա փողոցի վրա ընկած մի գրադարանի քարտուղարն էր և ինքն իրեն խորապես արգենտինացի էր համարում:
Նրա մյուս պապը՝ հետևակազորային երկրորդ գնդի ծառայող, Բուենոս Այրեսի մերձակայքում Կատրիելի հնդկացիների նիզակի հարվածից մահացած Ֆրանցիսկո Ֆլորեսն էր: Տոհմական ազգանվան տևական երկվությունից հետո Խուան Դալմանը (գուցե գերմանական արյան ազդեցության շնորհիվ) ընտրեց ռոմանտիկ կամ ռոմանտիկ մահով մահացած պապինը: Անարտահայտիչ և մորուքավոր մարդու լուսանկարով մի փոքրիկ տուփ, մի հին սուր, տեղական մեղեդիների կիրքն ու առնականությունը, «Մարտին Ֆիեռոյի» սովորական դարձած տողերը, տարիները, անտարբերությունն ու մենությունը քաջալերեցին այդ գուցե և կամավոր, բայց ոչ երբեք ցուցական կրեոլիզմը: Ինքնազրկանքների շնորհիվ Դալմանը կարողացել էր Հարավում գտնվող և Ֆլորեսներին պատկանող Էստանսիայի մի մասը փրկել. նրա հիշողության մի սովորությունը՝ բալզամային էվկալիպտների և երկարաձիգ, վարդագույն տան, որն ինչ-որ ժամանակ մուգ կարմիր էր եղել, պատկերներն հիշելն էր: Գործերը, գուցե և անհոգությունը նրան պահում էին քաղաքում: Ամառվանից ամառ բավարարվում էր սեփական վերացական գաղափարով և այն հավատքով, թե դաշտի որոշակի տեղում իր տունն սպասում է իրեն: 1939 թվականի փետրվարի վերջերին, ինչ-որ բան պատահեց նրան, որ անշուշտ, անկանխատեսելի էր:
Մեղքերն անտեսող ճակատագիրը կարող է և շատ դաժան լինել ամենաչնչին անզգուշության դեպքում: Դալմանն այդ երեկո ձեռք էր բերել Ուեյլի «Հազար ու մեկ գիշերներ» գրքի անավարտ օրինակը: Հայտնությունն ստուգելու տենչանքով տարված՝ վերելակի չսպասեց և աստիճաններով բարձրացավ: Մթության մեջ ինչ-որ բան, չղջիկ կամ թռչուն, քերծեց նրա ճակատը: Դուռը բացող կնոջ դեմքին սարսափ նկատեց, իսկ ճակատին տարած ձեռքը ամբողջովին արյունոտվեց: Վերքի պատճառը մոռացված, բաց թողնված ու նոր ներկված փեղկի ծայրն էր: Դալմանը դժվարությամբ կարողացավ քնել, բայց լուսադեմին արդեն զարթնեց և այդ պահից սկսած ամեն ինչ նրա մեջ մղձավանջի վերածվեց: Տենդը մաշեց նրան և «Հազար ու մեկ գիշերների» պատկերազարդումները զարդարեցին նրա մղձավանջները: Ընկերներն ու ազգականները այցելում էին և շինծու ժպիտով կրկնում, որ այնքան էլ վատ չէ նրա տեսքը: Դալմանը նրանց լսում էր մի տեսակ անօգ զարմանքով և հիանում այն բանի վրա, որ նրանք չէին հասկանում, որ ինքը արդեն Դժոխքում է: Ութ օրն անցավ ութ դարի պես: Մի երեկո բժշկի հետ մի նոր բժիշկ հայտնվեց, և նրա գլխի ռենտգենանկարը հանելու համար նրան տեղափոխեցին Էկվադոր փողոցի վրա ընկած հիվանդանոցը: Դալմանը մեքենայի մեջ մտածեց, որ իրեն չպատկանող օտար սենյակում վերջապես կկարողանա քնել: Ինքն իրեն երջանիկ ու աշխույժ զգաց. հասնելուն պես մերկացրին, խուզեցին գլուխը, կապեցին մահճակալին, կուրացնելու և գլխապտույտ պատճառելու լուսավորեցին դեմքը, զննեցին, և դիմակավոր մի մարդ սրսկեց նրա թևը: Սրտխառնոցով արթնացավ, վիրակապված, մի խցում, որ ինչ-որ ձևով փոս էր հիշեցնում, և գործողությանն հաջորդող մի քանի օր ու գիշերների ընթացքում կարողացավ հասկանալ, թե դրանից առաջ ընդամենը դժոխքի շեմին է եղել: Այդ ժամանակահատվածում Դալմանը ոտից գլուխ ատեց ինքն իրեն. ատեց իր ինքնությունը, իր մարմնական կարիքները, իր նվաստացումը, ատեց դեմքին փուշ-փուշ ցցված մորուքը: Բուժումներին, որ շատ ցավալի էին, արժանապատվորեն դիմացավ, սակայն երբ վիրաբույժն ասաց, որ արյան վարակով մեռնելուց հազիվ է պրծել, Դալմանն արցունքներով ողբաց իր ճակատագիրը: Մարմնական տառապանքներն ու սարսափելի գիշերների մշտական սպասումը նրան թույլ էին տվել մտածել մահվան պես վերացական մի բանի մասին: Մի ուրիշ օր վիրաբույժն ասաց, որ շուտով կկարողանա Էստանսիա գնալ և այնտեղԱնհավատալիորեն եկավ սպասված օրը:
Հարկ է նշել, որ նրան միշտ դուր էին գալիս իրականության համաչափություններն ու թեթևակի անաքրոնիզմները: Դալմանին բերել էին հիվանդանոցի մեքենայով, այժմ էլ հիվանդանոցի մեքենայով տարան մինչև Սահմանադրության հրապարակ: Ամռան հոգեմաշ շոգերից հետո աշնան առաջին զովությունը կարծես մահից և ջերմությունից փրկված ճակատագրի բնական խորհրդանիշը լիներ: Առավոտյան ժամը յոթին քաղաքը դեռ չէր ցրել հինավուրց տան գիշերվա հաղորդած պատկերը, փողոցները կարծես երկար միջանցքներ լինեին, իսկ հրապարակները՝ բակեր: Դալմանը հուզմունքով և հիացմունքով ճանաչեց քաղաքը. տեսնելուց մի քանի վայրկյան առաջ նա հիշում էր խաչմերուկները, ցուցափեղկերը, Բուենոս Այրեսի համեստ ինքնատիպությունը: Նոր օրվա դեղին լույսի տակ Դալմանը վերգտնում էր ամեն ինչ:
Բոլորին հայտնի է, որ հարավն սկսվում է Ռիվադավիայից այն կողմ: Դալմանը կրկնում էր, որ այդ սահմանը պայմանական է և որ այդ փողոցն անցնողը մտնում է մի ավելի հաստատուն ու հին աշխարհ: Մեքենայից դուրս՝ նորակառույց շինությունների մեջ առանձնանում էր ցողապատ պատուհանը, զանգակը, դռան կամարը, միջանցքը, հարազատ բակը:
Կայարանի սպասասրահում նա իմացավ, որ գնացքի շարժվելուն 30 րոպե է մնում: Հանկարծ հիշեց, որ Բրազիլ փողոցի վրա գտնվող մի սրճարանում (Իրիգոյենի տնից մի քանի մետր հեռավորության վրա) քմահաճ աստվածության պես մարդկանց կողմից իրեն շոյել թույլ տվող մի մեծ կատու կար: Մտավ: Կատուն այնտեղ էր և քնած էր: Սուրճ պատվիրեց, քաղցրացրեց, փորձեց, փորձեց (այդ հաճույքը արգելված էր հիվանդանոցում) և կատվի սև մորթը շոյելով մտածեց, որ հպումը խաբեական է, որ կարծես նրանց ապակի է բաժանում, քանի որ մարդն ապրում է ժամանակի հաջորդականության, իսկ կախարդական կենդանին՝ ներկայի և պահի հավերժության մեջ:
Նախավերջին երկաթգծի վրա գնացքն սպասում էր: Դալմանը շրջեց վագոններով ու գտավ գրեթե դատարկ մի վագոն: Ճամպրուկը տեղավորեց ցանցի վրա, երբ գնացքը շարժվեց՝ բացեց ճամպրուկն ու որոշ տատանումներից հետո միջից հանեց «Հազար ու մեկ գիշերներ» գրքի առաջին հատորը: Իր հետ վերցնել այդ գիրքը, որ այնքան սերտորեն էր կապված իր դժբախտության պատմության հետ, նշանակում էր չեզոքացնել այդ դժբախտությունը և միևնույն ժամանակ ուրախալի ու գաղտնի մի մարտահրավեր նետել չարի հուսախաբ ուժերին:
Գնացքի պատուհաններում քաղաքը բզկտվում էր արվարձաններով, սկզբում այդ, ապա այգիների ու պարտեզների տեսարանները հետաձգեցին ընթերցումը: Ճիշտն ասած Դալմանը չէր կարողանում կենտրոնանալ գրքի վրա. կախարդված լեռան և ոգու, որ երդվել էր սպանել իր բարերարին, պատմությունները անկասկած հիանալի էին, ինչ խոսք, սակայն ոչ ավելի, քան այս առավոտն ու սեփական գոյության հանգամանքը: Երջանկությունը շեղում էր նրա ուշադրությունը Շահրազադեից և նրա անօգուտ հրաշքներից: Դալմանը փակեց գիրքն ու պարզապես ինքն իրեն թույլ տվեց ապրել:
Ճաշը (ինչպես արդեն մանկության անտառներում մոռացված մետաղե փայլփլուն ափսեներով մատուցված սուպը) նոր հաճույք ու երախտապարտ վայելք պատճառեց նրան:
Վաղը Էստանիսյում կարթնանամ, մտածում էր ինքն իրեն և ինքը կարծես միաժամանակ երկու հոգի լիներ՝ աշնանային օրվա և հայրենի երկրի միջով առաջացողը, մյուսը՝ հիվանդանոցում հայտնված, բուժական ընթացակարգին ենթարկվող ու հաբեր կուլ տվողը: Գնացքի ընթացքը հավերժորեն դիտող երկար և առանկյունաձև, կավաքարե անսպառ տներ տեսավ, տեսավ ձիավորներ փոշոտ ճանապարհներին, հերկված հողեր, լճեր և կենդանիներ տեսավ, տեսավ երկար ու փայլուն ամպեր, որ կարծես մարմարյա լինեն, և այդ ամբողջը դաշտի երազների պես պատահական էին: Նա կարծես ճանաչում էր ծառերն ու ցանքսերը, սակայն չէր կարող տալ նրանց անունը, քանի որ դաշտային աշխատանքներին վերաբերող իր գիտելիքները չափազանց համեստ էին՝ իր կարոտախտական և գրական գիտելիքների հետ բաղդատած:
Երբեմն քնում էր և նրա քունը գնացքի ընթացքի պես ընդմիջվում էր: Կեսօրվա անտանելի սպիտակ արևն իրկնամուտին նախորդող դեղին արևն էր դարձել և շուտով կարմիր կդառնար: Վագոնն էլ էր տարբեր, Սահմանադրության կայարանում կանգնածը չէր այլևս, հարթավայրն ու ժամերը կարծես փոխվել ու փոքրացել էին: Դրսում, վագոնի շարժուն ստվերը երկարաձգվում էր մինչև հորիզոն: Անապական հողը չէր անջրպետվում ո՛չ բնակավայրերով, ո՛չ էլ մարդկային այլ նշաններով: Ամեն ինչ լայնարձակ էր, բայց միևնույն ժամանակ՝ մտերիմ և ինչ-որ ձևով խորհրդավոր: Հաճախ անսահման դաշտում մի ցուլից բացի ուրիշ ոչինչ չէր երևում: Մենությունը կատարյալ էր, գուցե և թշնամական, ու Դալմանի մտքով անցավ, որ ինքը ոչ միայն հարավ, այլև դեպի անցյալ է ճամփորդում: Հսկիչը նրան շեղեց այդ ֆանտաստիկ մտորումներից և տեսնելով նրա տոմսը՝ զգուշացրեց, որ գնացքն այդ կայարանում չէր կանգնելու, այլ Դալմանի համար գրեթե անծանոթ մի այլ կայարանում: (Հսկիչը ինչ-որ լրացուցիչ բացատրություններ տվեց, բայց Դալմանը չուզեց հասկանալ, ոչ էլ անգամ լսել, քանի որ հանգամանքների դասավորությունը նրան չէր հետաքրքրում):
Գնացքը դժվարությամբ կանգ առավ ամայի վայրում: Երկաթուղուց այն կողմ կայարանն էր, որ հասարակ հենահարթակից և պատսպարանից բացի ուրիշ ոչինչ չուներ: Փոխադրվելու համար մեքենա չկար, բայց կայարանապետն ասաց, որ մեկ-մեկուկես մղոն հեռավորության վրա գտնվող խանութում գուցե և ճարվի:
Դալմանը քայլարշավը որպես փոքրիկ արկած ընդունեց: Արևն արդեն մայր էր մտել, բայց վառ ու լուռ դաշտը գիշերային խավարի մեջ ջնջվելուց առաջ, դեռ շեշտվում էր արևի վերջին ցոլքերի տակ: Դալմանը դանդաղ էր քայլում ոչ թե չհոգնելու, այլ այդ ամբողջ հաճույքը տևականացնելու համար և լիաթոք շնչում էր երեքնուկների բույրը:
Ալմասենը ինչ-որ ժամանակ վառ-մորեգույն էր ներկված, բայց տարիները մեղմացրել էին այդ անդուր գույնը: Նրա խղճուկ ճարտարապետության մեջ ինչ-որ բան հիշեցնում էր բրոնզե փորագրություն, գուցե «Պաբլո և Վիրխինիա»-ի հրատարակության մեջ տեսածը: Ցանկապատից կապված էին մի քանի ձիեր: Դալմանը ներսում կարծես ճանաչեց տիրոջը… հետո հասկացավ, որ նրան խաբել է այդ մարդու նմանությունը հիվանդանոցի աշխատողներից մեկի հետ: Տերը լսեց և ասաց, որ լծել կտա սայլը: Այդ օրվա դեպքերին մի դեպք ավելացնելու և ժամանակը լցնելու համար Դալմանը որոշեց ալմասենում ընթրել:
Սեղաններից մեկի շուրջը ուտում-խմում էին մի քանի գյուղացի տղաներ, որոնց սկզբում Դալմանն ուշադրություն չդարձրեց: Վաճառասեղանի մոտ, հատակին կռթնած, իրի պես անշարժ կծկվել էր մի ծերունի: Տարիները, ինչպես ջուրը՝ քարը, կամ սերունդները՝ իմաստուն մտքերը, փոքրացրել ու հղկել էին նրան: Նա մռայլ էր, փոքր ու չորուկ, և կարծես ժամանակից դուրս էր, հավերժության մեջ: Դալմանը գոհունակությամբ նկատեց տնահյուս մազակալը՝ պոնչոն, երկար չիրիպան, ձիակաշվե սապոգը, ապա Հյուսիսի կուսակցություններին հարողների կամ էնտրոռիոսցիների հետ անօգուտ վեճերը վերհիշելով՝ ինքն իրեն մտածեց, թե այդպիսի գաուչոների միայն Հարավում կարելի է հանդիպել:
Դալմանը տեղավորվեց պատուհանի կողքի սեղանի մոտ: Խավարը պատել էր դաշտը, բայց երկաթե ճաղերի միջից դեռ հասնում էին նրա բույրն ու շշուկները: Խանութպանի բերած սարդինն ու խորոված միսը Դալմանը կլլեց մի քանի գավաթ կարմիր գինու օգնությամբ: Ծուլորեն համտեսում էր բարկ համը և քնաթաթախ հայացքը պտտում սրահով մեկ: Նավթի ճրագը կախված էր սյուներից, մյուս սեղանի մոտ նստածները երեք հոգի էին, երկուսը կարծես թե ագարակի աշխատողներ էին, մյուսը՝ բութ ու չինական դիմագծերով մի մարդ, լայնեզր գլխարկով, խմում էր: Դալմանը հանկարծ դեմքին թույլ հարված զգաց: Հասարակ ապակե բաժակի կողքին, սփռոցի գունավոր շերտի վրա մի խմորագնդիկ կար: Հենց այդքանը, բայց չէ՞ որ ինչ-որ մեկը պետք է նետած լիներ:
Մյուս սեղանին նստածները կարծես ուշադրություն էլ չէին դարձնում իրեն: Դալմանը զարմացած որոշեց, որ ոչինչ չի պատահել և իրողությունը թաքցնելու համար բացեց «Հազար ու մեկ գիշերներ» գրքի հատորյակը: Մի քանի րոպե հետո մի նոր գնդիկ հասավ, և այս անգամ մշակները խնդացին: Դալմանն ինքն իրեն ասաց, որ չի վախենում, սակայն հիմարություն կլիներ, որ ինքը՝ մի հիվանդ մարդ, թույլ տար, որ անծանոթներն իրեն կռվի մեջ ներքաշեին: Որոշեց դուրս գալ, արդեն ոտքի վրա էր, երբ խանութպանը մոտեցավ և տագնապած ձայնով համոզեց.
- Պարոն Դալման, ուշադրություն մի դարձրեք, քեֆները մի քիչ լավ է:
Դալմանը չզարմացավ, որ իրեն անունով դիմեցին, բայց զգաց, որ նրա հաշտեցնող բառերը սրում են իրադրությունը: Մի քիչ առաջ մշակների մարտահրավերն ուղղված էր պատահական մեկին, գրեթե ոչ ոքի դեմ, իսկ հիմա իր դեմ էր, իր անվան դեմ, և հարևաններն իմանալու էին: Դալմանը մի կողմ հրեց խանութպանին և, դիմելով մշակներին, հարցրեց, թե ինչ է նրանց ուզածը:
Չինական դիմագծերով կոմպադրիտոն ճոճվելով ոտքի ելավ: Խուան Դալմանից մի քայլ հեռավորության վրա բղավոցով հայհոյեց, կարծես սա շատ հեռու տեղում լիներ: Չափազանցում էր իր գինովությունը, և այդ չափազանցությունը դառնում էր գազանություն ու ծաղր: Անպատվելով ու հայհոյելով օդ նետեց երկար մի դանակ, ապա բռնեց, խաղաց դանակով և կռվի հրավիրեց Դալմանին: Խանութպանը անվստահ ձայնով ակնարկեց, որ Դալմանը զինված չէ: Այդ պահին անսպասելի մի բան կատարվեց:
Հարբած ծեր գաուչոն, որի մեջ Դալմանը տեսել էր Հարավի նշանը (այն Հարավի, որ իրենն էր) նրա կողմը նետեց մերկ մի դաշույն, որն ընկավ նրա ոտքերի տակ: Կարծես թե Հարավը որոշելիս լիներ, թե Դալմանը պետք է ընդունի մարտահրավերը: Դալմանը կռացավ դեպի դաշույնն ու երկու բան զգաց: Առաջինը՝ որ գրեթե բնազդական այդ շարժումն իրեն պարտադրում էր կռվել: Երկրորդը՝ որ զենքն իր անվարժ ձեռքում ոչ թե պաշտպանելու էր իրեն, այլ արդարացնելու էր իր սպանությունը: Բոլոր տղամարդկանց պես ինքն էլ էր մի ժամանակ դանակով խաղացել, սակայն իր գիտելիքները սահմանափակվում էին այն իմացությամբ, թե հարվածը պետք է ուղղել ներքևից վերև և սուր կողմը մխրճել կողոսկրների միջև: Հիվանդանոցում չէին թույլ տա, որ այդպիսի բան պատահեր, մտածեց:
- Դուրս գանք,- ասաց տղան:
Դուրս եկան, և եթե Դալմանը հույս չուներ, ապա երկյուղ էլ չուներ: Շեմից դուրս գալու ժամանակ զգաց, որ հիվանդանոցի այն առաջին գիշերը, երբ ասեղը խրեցին թևը, բաց երկնքի տակ դաշունամարտում մեռնելն իր համար կլիներ ազատություն, երջանկություն, տոն: Զգաց, որ եթե իրեն տրվեր իր մահն ընտրելու կամ երազելու հնարավորությունը, այդ կլիներ իր ընտրած կամ երազած մահը:
Դալմանը հաստատուն ձեռքերով բռնեց դանակը, որ գուցե և գործածել չգիտեր և դուրս եկավ դաշտ:

Թարգմանությունը՝ Հովհաննես Բոդուկյանի

Խորխե Լուիս Բորխես | Հարավը Խորխե Լուիս Բորխես | Հարավը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 16, 2016 Rating: 5
Технологии Blogger.