Գրիմ եղբայրներ | Գեղեցկուհի Քաթրինելյեն և Պիֆ Պաֆ Պոլտրին



Մի օր Պիֆ Պաֆ Պոլտրին որոշեց այցելել հարևան ագարակ:
- Բարի օր, Հոլենտե հայրիկ:
- Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:
- Ես ուզում եմ ամուսնանալ ձեր աղջկա հետ: 

- Ես դեմ չեմ, Պիֆ Պաֆ Պոլտրի, եթե Մալկո մայրիկը, Հոհենշտոլց եղբայրը, Քազեթրաուտ քույրիկը և գեղեցկուհի Քաթրինելյեն համաձայն են, թող քո ուզածը լինի:
- Իսկ որտե՞ղ է Մալկո մայրիկը:
- Գոմում կով է կթում:
- Բարի օր Մալկո մայրիկ:
- Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:
- Ես ուզում եմ ամուսնանալ ձեր աղջկա հետ:
- Ես դեմ չեմ, Պիֆ Պաֆ Պոլտրի, եթե Հոլենտե հայրիկը, Հոհենշտոլց եղբայրը, Քազեթրաուտ քույրիկը և գեղեցկուհի Քաթրինելյեն համաձայն են, թող քո ասածը լինի:
- Հոհենշտոլց եղբայրը որտե՞ղ կլինի:
- Ցախանոցում փայտ է ջարդում:
- Բարի օր, Հոհենշտոլց եղբայր:
- Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:
- Ուզում եմ ձեր քրոջ հետ ամուսնանալ:
- Ես դեմ չեմ, եթե Հոլենտե հայրիկը, Մալկո մայրիկը, Քազեթրաուտ քույրիկը և գեղեցկուհի Քաթրինելյեն համաձայն են, թող քո ուզածը լինի:
- Հապա Քազեթրաուտ քույրիկը որտե՞ղ է:
- Պարտեզում խոտ է հնձում:
- Բարի օր, Քազեթրաուտ քույրիկ:
- Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:
- Ուզում եմ ձեր քրոջ հետ ամուսնանալ:
- Ես դեմ չեմ, Պիֆ Պաֆ Պոլտրի, եթե Հոլենտե հայրիկը, Մալկո մայրիկը, Հոհենշտոլց եղբայրը և գեղեցկուհի Քաթրինելյեն համաձայն են, թող քո ուզածը լինի:
- Իսկ որտե՞ղ է գեղեցկուհի Քաթրինելյեն:
-Նստած իր փողերն է հաշվում հարսնատեսից առաջ:
- Բարի օր, գեղեցկուհի Քաթրինելյե:
- Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:
- Ուզո՞ւմ ես ինձ հետ ամուսնանալ:
- Եթե Հոլենտե հայրիկը, Մալկո մայրիկը, Հոհենշտոլց եղբայրը, Քազեթրաուտ քույրիկը համաձայն են, ես էլ դեմ չեմ:
- Գեղեցկուհի Քաթրինելյե, դե ասա տեսնեմ՝ ի՞նչ օժիտ ունես:
- Տասնչորս պֆենիգ ձեռքիս ունեմ, երեք ու կես էլ՝ ստանալիք, մոտ կես ֆունտ տանձի չիր ունեմ, մի բուռ ընկույզ, մի բուռ էլ չորացրած արմտիք: Հը, ո՞նց է: Լավ օժիտ չէ՞: Պիֆ Պաֆ Պոլտրի, դո՞ւ ինչ արհեստ ունես: Երևի դերձակ ես, հա՞:
- Չէ´, ավելի լավ:
- Կոշկակա՞ր:
-  Չէ´, ավելի լավ:
- Հողագո՞րծ:
- Չէ´, ավելի լավ:
- Հյո՞ւսն:
-  Չէ´, ավելի լավ:
- Երևի դարբի՞ն:
- Չէ´, ավելի լավ:
- Դե ուրեմն՝ ջրաղացպան:
- Չէ´, ավելի լավ:
- Կա-չկա՝ ավլող-թափող ես:

- Հա~, հա´, գտար: Ի՞նչ է, վա՞տ արհեստ է:

Գրիմ եղբայրներ | Գեղեցկուհի Քաթրինելյեն և Պիֆ Պաֆ Պոլտրին Գրիմ եղբայրներ | Գեղեցկուհի Քաթրինելյեն և Պիֆ Պաֆ Պոլտրին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 17, 2016 Rating: 5
Технологии Blogger.