Գրիգոր Նարեկացի | Հարություն | համառոտ



«Հարություն» տաղում արդեն մարդուն տեսնում ենք բնության, իրական աշխարհի մեջ: Այստեղ պատկերվում է Մասիսից իջնող մի զարդարուն սայլ, որը վարում է մի ճորտ սայլապան: Այդ սայլը թեև դարձյալ այլաբանական իմաստ ունի, բայց նույնպես պատկերված է առարկայական ու տեսանելի: Սայլի վրա կա ոսկի աթոռ՝ վրան ծիրանի բեհեզ, բազմել է աթոռին արքայորդին (Քրիստոսը): Նրա կողքերին հրեշտակներ են, առջևում՝ գեղեցիկ մանուկներ, ովքեր երգում են՝ գրկած սաղմոսարան ու քնար, ձեռքերին խաչեր: Սայլին բարձած է խոտի հարյուր խուրձ՝ վրան մանուշակ: Եզները սև են ու սպիտակ, ծաղկահայտ ու արագաշարժ, խաչանման եղջյուրներով և մարգարտափայլ մազերով: Լծասարքերն արծաթից են, ոսկուց և աբրեշումից, խարազանքը՝ փնջված ծաղիկ: Իսկ ջահել սայլապանը խոշոր է, ճարպիկ, մեջքը բարակ, հաստաբազուկ, լայնաթիկունք, խարտիշագեղմ ահեղագոչ…

Այս գեղեցիկ պատկերն էլ դրված է շարժման մեջ: Ծանրաբեռնված սայլը, որն իր ողջ պարունակությամբ խորհրդանշում է քրիստոնեական հավատը, նախ անշարժ է մնում, չեն պտտվում անիվները: Ո՛չ թանկարծեք լծասարքերը, ո՛չ տոկուն ու գեղեցիկ եզները չեն կարողանում տեղաշարժել սայլը, որն սկսում է շարժվել միայն այն ժամանակ, երբ գործի է անցնում ճորտ սայլապանը: Բանաստեղծի մեկնաբանությամբ՝ դա Քրիստոսին մկրտած Հովհաննես Մկրտիչն է, որը քրիստոնեական հավատի առաջին տարածողն է: Սակայն եթե վերանանք այս այլաբանությունից, ապա մեր առջև կտեսնենք սովորական, կենդանի, բնական մարդուն՝ որպես բնության շարժիչ ու տեր: Բանաստեղծն այդ սայլը տեղադրել է հայրենի բնության մեջ՝ Մասիս լեռան լանջին: Սայլը բեռնավորված է հայոց դաշտերը ծածկող կորնգան և խոլրձան խոտաբույսերով, փունջ մանուշակով: Իսկ հաստաբազուկ, լայնաթիկունք և խարտիշագեղ պատանին էլ ասես իջել է հայ հին առասպելներից, վիպերգերից կամ էպոսից:
Գրիգոր Նարեկացին իր տաղերով վիթխարի առաջընթաց քայլ է կատարել՝ հայ բանաստեղծությունը մոտեցնելով իրական կյանքին, թեկուզ այլաբանորեն, բայց վառ գույներով պատկերելով բնության ու մարդկային գեղեցկությունը, սիրո զգացումը:


Գրիգոր Նարեկացի | Հարություն | համառոտ Գրիգոր Նարեկացի | Հարություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 09, 2017 Rating: 5
Технологии Blogger.