Վարդան Այգեկցի | Բաբելացվոց թագավորը և իմաստուն ծերունին | Առակ

Օրին մեկը Բաբելացվոց թագավորը բազմաթիվ զորքերով իր մայրաքաղաքը կվերադառնար: Տեսավ, որ մի ծեր մարդ արմավենի կտնկեր: Ու այսպես խոսեցավ թագավորը:

«Ո՛վ ծեր, ինչո՞ւ համար այդպես դառն կաշխատիս և արմավենի կտնկես: Չէ՞ որ ծառը քառասուն տարի հետո միայն կարող է պտուղ տալ. Իսկ դու այսօր կաս, վաղը չկաս»:
Ծերուկը պատասխան տվավ. «Ո՛վ բարի թագավոր, մի ուրիշ մարդու տնկած ծառեն ես եմ կերել ու վայելել. Այժմ ես կտնկեմ, որ ինձնից հետո մի ուրիշը վայելի»:
Ու թագավորը կհրամայե. «Հազար դահեկան տվեք իրեն այդ խոսքի համար, քանզի բարի և օգտակար մարդ է նա»:
Երբ ծերը դրամն առավ, գոհություն տվավ Աստծո: Թագավորը հարցրեց. «Ինչո՞ւ համար գոհություն կտաս Աստծո»: Եվ նա պատասխանեց. «Ո՛վ թագավոր, ամեն արմավենի քառասուն տարի հետո միայն պտուղ կտա, իսկ իմ ծառս մեկ օրվա մեջ պտուղ տվավ»:
Թագավորը կասե. «Կրկին հազար դահեկան տվեք իրեն»: Ծերուկը դարձյալ գոհացավ: Թագավորը մեկ անգամ ևս հարցուց. «Ինչո՞ւ համար նորեն գոհացար»: Ծերը թե՝ «Ո՛վ բարի թագավոր, ամեն մարդու ծառ տարին մի անգամ միայն պտուղ կտա, իսկ իմ ծառս այսօր երկու անգամ պտուղ տվավ»:
Թագավորը շատ սիրեց ծերուկին և տարավ վերակացու կարգեց իր տան վրա, որ խրատե արքայազունները:

Տես նաև Վարդան Այգեկցի Աղվեսագիրք, Մխիթար Գոշ Առակներ և Խնկո Ապեր Առակներ

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Վարդան Այգեկցի | Բաբելացվոց թագավորը և իմաստուն ծերունին | Առակ Վարդան Այգեկցի | Բաբելացվոց թագավորը և իմաստուն ծերունին | Առակ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 13, 2017 Rating: 5
Технологии Blogger.