Ֆրիդրիխ Շիլլեր | Երաշխիք


Երբ դաշույնը շորերի տակ թաքցրած`
Դամոնն ուզեց սպանել նենգ Դիոնիսին,
Պահնորդները շղթայեցին հերոսին:
«Ասա, ինչո՞ւ եկար դաշույնն այդ առած»,-
Թագավորը նրան հարցրեց մռայլված:
«Բռնակալից իմ քաղաքը փրկելու»:
«Երբ քեզ խաչեն, զղջալն ուշ է լինելու»:

Տղան ասաց. «Մահից ես չեմ վախենում,
Չեմ աղերսում կյանքիս համար գթություն,
Միայն թող ինձ երեք օրով գնամ տուն.
Իմ քրոջը պսակել եմ կամենում:
Իբրև պատանդ ընկերոջս եմ ես թողնում:
Ժամանակին եթե չգամ, դու արդեն
Ընկերոջս խաչել տուր իմ փոխարեն»:

Քմծիծաղ է տալիս արքան խորամանկ
Եվ ասում է, մտորելով մի վայրկյան.
«Համաձայն եմ, բայց ահա քեզ մի պայման.
Շնորհում եմ քեզ երեք օր ժամանակ,
Եթե չգաս, լավ իմացիր, պատանյակ,
Ընկերոջդ կխաչեմ քո փոխարեն`
Մահվան պատժից ազատելով քեզ արդեն»:

Ընկերոջն է Դամոնն ասում. «Մեր արքան
Կամենում է, որ իմ կյանքով հատուցեմ,
Քանզի ելնել հանդգնեցի ես իր դեմ:
Ինձ բաց թողեց երեք օրով նա միայն,
Որ հարազատ քրոջս տամ կնության:
Իբրև պատանդ թե արքայի մոտ մնաս,
Ես ետ կգամ, դու նորից տուն կգնաս»:

Ազնիվ ընկերն ընկերոջն է լուռ գրկում
Եվ հանձնվում թագավորին բռնակալ:
Իսկ Դամոնը շտապում է հեռանալ:
Երրորդ այգը դեռ չբացված երկնքում`
Իր սիրասուն քրոջն է նա պսակում,
Վերադարձի ճամփան բռնում տագնապած,
Որ չխախտի հանկարծ պայմանն իր կապած:

Սակայն ահա վարար անձրև է իջնում,
Առուներն են գահավիժում լեռներից,
Պղտոր ջուրը գետ է դառնում փրփրալից:
Ցուպը ձեռքին տղան ջրին է հասնում:
Հորձանուտը կամուրջն է իր մեջն առնում,
Մռնչում են ալիքները մոլեգնած
Եվ սյուները խորտակելով տանում ցած:

Հեղեղի մոտ կանգնում տղան հուսահատ,
Շուրջն է նայում անմխիթար ու տխուր,
Ձայն է տալիս, կանչում է նա, բայց իզուր.
Չի երևում ջրի վրա ո´չ մի լաստ,
Ո´չ մի նավակ, ո´չ մի ճերմակ առագաստ:
Ինչպե՞ս անցնի, պատանին չի իմանում,
Մինչդեռ արդեն խենթ հեղեղն է ծովանում:

Նստում ափին, լաց է լինում դառնորեն,
Դեպի Զևսն է նա ձեռքերը կարկառում.
«Զսպիր ջուրն այս, որ անվերջ է վարարում:
Ժամանակն է անցնում, եկավ միջօրեն,
Մինչ մայրամուտ եթե մնամ, ես արդեն
Իմ խոստացած ժամին քաղաք չեմ հասնի,
Եվ ընկերս իմ փոխարեն կմեռնի»:

Բայց հեղեղը ավելի է մոլեգնում,
Ալիքներն են իրար բախվում լեռնացած,
Նորից ժամերն են սլանում թև առած:
Տղան սոսկում, բայց տեղից վեր է կենում,
Նետվում շաչող հեղեղի մեջ անհատնում,
Ջուրն է ճեղքում բազուկներով համարձակ,
Եվ…շարժվում է գութը աստծո կրծքի տակ:

Ափ է հասնում, շարունակում իր ճամփան,
Գոհություն է հայտնում աստծուն փրկարար,
Հեռանում է, բայց երբ մտնում է անտառ,
Հարձակվում են ավազակները վրան,
Ճանապարհն է փակում խումբը մարդասպան,
Մահակները թափահարում զայրագին:
Սարսափահար կանգ է առնում պատանին:

«Ի՞նչ եք ուզում,- գոչում է նա ահաբեկ,-
Ես ոչ մի բան չունեմ, բացի իմ կյանքից,
Այն էլ արքան խլելու է ինձանից:
Ընկերո´ջս համար գոնե գթացեք»:
Մեկի ձեռքից փայտն է խլում հուսաբեկ,
Հարվածում է. երեք հոգի են ընկնում,
Փախուստի է խումբը դիմում, հեռանում:

Հուր է տեղում բորբ արևը անդադար,
Ուժասպառ է արդեն լինում պատանին,
Եվ հոգնատանջ ահա ընկնում է գետնին:
«Տե´ր, փրկեցիր ինձ մարդկանցից անարդար,
Ափ հանեցիր ինձ հեղեղից այն վարար,
Մի՞թե պիտի մեռնեմ շոգից անխնա,
Եվ սիրելի իմ ընկերը զոհ գնա»:

Եվ ի~նչ. հանկարծ պարզ լսում է պատանին
Արծաթահունչ մի կարկաչյուն մոտերքից:
Լսում է նա, քար է կտրում զարմանքից,
Երբ տեսնում է ժայռի կրծքից ահագին
Մի աղբյուր է հորդում, երգում քնքշագին:
Ալիք տալով ջուրը մոտ է սլանում
Ու ճամփորդի այրող ծարավն հագեցնում:

Արևն է ցած նայում դալար ճյուղերից,
Նկարելով գորգի վրա մարգերի
Հսկայական ստվերները ծառերի:
Հայտնվում են մարդիկ…Տղան երկյուղից
Վեր է թռչում, որ հեռանա այնտեղից,
Երբ ականջին հանկարծ այս խոսքն է հասնում.
«Հանցագործին հիմա խաչ են բարձրացնում»:

Սոսկումն ասես թև է տալիս պատանուն,
Խայթը խղճի նրան առաջ է մղում:
Սիրակուսի պարիսպներն են ողողում
Մայրամուտի ճաճանչները արնագույն:
Մոտ է վազում հանկարծ ահով մի անհուն
Դամնոսի տան պահապանը անձնուրաց,
Իր տիրոջը այսպես դիմում սարսափած.

«Ե´տ դարձիր շուտ, ընկերոջդ չես փրկի,
Թե կարող ես, փրկիր կյանքդ սեփական.
Հենց այս պահին զոհ է դառնում նա մահվան:
Մինչև վերջն էլ չէր կորցնում հույսն իր սրտի,
Վառ էր պահում պայծառ շողը հավատի.
Բռնակալի ծաղրի տակ էլ անխնա
Այդ հավատը անսասան էր պահում նա»:

«Եթե ուշ է, և իզուր է ամեն բան,
Ընկերոջս անզոր եմ ես փրկելու,
Ա~խ, թող ե´ս էլ բաժին դառնամ սև մահու.
 Բռնակալը արյունախում ու դաժան
Թող չկարծի, որ ընկեր եմ դրուժան:
Թող ինձ խաչի, բայց հավատա աներեր,
Որ կա ազնիվ մտերմություն, ազնիվ սեր»:

Մայրամուտ է: Դարբասի մոտ ոստանի
Դամոնն ահա խաչ է տեսնում բարձրացված,
Ժողովուրդն է խաչի շուրջը հավաքված,
Եվ ձգվում է արդեն ծայրը պարանի:
Բազմությունն է իսկույն ճեղքում պատանին,
«Դահի´ճ, զոհը չի´ գործել ոչ մի ոճիր.
Պատանդ է նա իմ փոխարեն, ի´նձ խաչիր»:

Քար է կտրում ժողովուրդը զարմանքից,
Իրար գիրկ են ընկերները նետվում լուռ,
Լալիս վշտից ու բերկրանքից մի անլուր:
Մշուշվում են բոլոր աչքերն արցունքից,
Թագավորին դեպքն են պատմում ցնծալից:
Հուզվում է նա, երբ լսում է այդ մասին,
Պատվիրում է պալատ բերել երկուսին:

Երկար, երկար նայում է նա զարմացած,
Ասում. «Այսօր դուք իմ սիրտը շարժեցիք,
Զարմանալի ձեր վարմունքով ցույց տվիք,
Որ պատրանք չէ ընկերությունն անձնուրաց:
Ձեր ընկերն եմ ուզում լինել ես սրտանց:
Բարեկամներ, իմ խնդիրքը կատարեք
Եվ ձեր երրորդ ընկերը ինձ համարեք»:

Թարգմանությունը՝ Պ. Միքայելյան

Տես նաև Ֆրիդրիխ Շիլլեր Բալլադներ

Ֆրիդրիխ Շիլլեր | Երաշխիք Ֆրիդրիխ Շիլլեր | Երաշխիք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 05, 2017 Rating: 5
Технологии Blogger.