Դանիել Բուլանժե | Լսո՞ւմ եք, գալիս է…



-Այս ի՞նչ օրն եք ընկել,- բացականչեց մորաքույր Պոլինը,- անձրևն էլ չի կտրվում: Չորացրեք վերարկուներդ: Հենց նոր ասում էի Ժորժին. «Ե՞րբ պետք է, վերջապես, խճապատես ճանապարհը»: Նա խոստացել է նաև մանրախիճ բերել ծառուղու համար: Հապա մի նայեք կոշիկներիդ: Ի˜նչ վիճակում են: Ամեն ինչ նրա մեղքով է: Մրսո՞ւմ եք: Իմ փոքրիկ Դանիել, փայտ գցիր կրակին: Ինչքա՞ն ժամանակ է, որ ձեզ չեմ տեսել: Արդեն ութ օր է: Հենց որ գնացիք, սկսեց անձրև գալ: Ժորժը պնդում է, որ անցյալ տարի տասնվեց օր շարունակ անձրևը չի կտրվել: Կարծում էի, թե չափազանցնում է: Նա էլ ցույց տվեց օրացույցի վրա իր արած նշումները, ասելով, թե ես միշտ կասկածամիտ եմ եղել:
Այս անգամ էլ ճիշտ դուրս եկավ: Նա շրջանակի մեջ է առնում անձրևային օրերը: Իսկապես տասնվեց. այս նույն օրերին, հոկտեմբերի կեսերին: Նա լավ է, միայն թե հազում է: Օ˜, մեծ բան չէ, ինչքան նրան ճանաչում եմ, այդպես էր, միշտ էլ հազում էր: Դանիել, խնդրեմ, դու անցյալ շաբաթվա նման նրա առողջության մասին բան չասես: Ամբողջ գիշեր հոգիս հանեց. «Դու այլևս եփուկ չես պատրաստում ինձ համար: Ինչ եղավ մեղրը: Քո հաբերը չեմ ուզում», և այսպես շարունակ: Վերև բարձրացեք և կտեսնեք, որ գիշերասեղանին դեղաջրով լի սրվակներ կան: Չի էլ խմում: Անընդհատ թարմացնում եմ, բայց ինչ օգուտ: Դե լավ, ուրիշ բանից խոսենք: Իսկ գիտե՞ք, թե այսօր ինչ է բերել ինձ համար. սպիտակ սունկեր: Այս տարվա վերջին սունկերն են, եկեք տեսեք:
Մենք մորաքույր Պոլինի հետևից մտանք խոհանոց, որի վարդագույն ապակյա պատերը կախարդական լապտեր էին հիշեցնում: Մորաքրոջ ուսերին գցված էր մինչև հատակը հասնող, խոշոր օղակներով շալ: Սենյակը լցված էր դալար փայտի բուրմունքով: Եղբայրս նկատեց, որ պատուհանի ապակին կոտրված է, և նրանից խնդրեց թուղթ, որպեսզի փակցնի, մինչև ապակեգործի գալը: Այնտեղից ցուրտ էր փչում, և փեղկերը բորբոսով էին պատվել:
-Բան չկա, - ասաց Պոլինը, - անցյալ օրը Ժորժը կոտրեց, երբ ավելով ուզում էր սարդ սպանել: Չեմ հասկանում, ինչու է վախենում սարդերից. նա, որ ոչ մի բանից վախ չունի: Ոչ, ոչ, փոքրիկս, ոչնչի ձեռք մի տուր: Նա ինձ ասաց, որ պետք է փոխի ապակին: Հենց դրա համար էլ դուրս է եկել, որ ապակեգործից վերցնի: Թող դաս լինի նրան, թող հասկանա, որ այդ միջատները միայն օգուտ են բերում՝ զզվելի ճանճերին սպանելով: Թեյ ուզո՞ւմ եք: Գիտե՞ք, կանգնած միտք էի անում, որ սարդերի նման մեր բոլորիս կյանքն էլ նույն օրենքին է ենթարկվում, որ մեր օրերը, մեր արժեքները թելից են կախված: Եվ հանկարծ ներս է մտնում Ժորժը, հետևիցս ձեռքերով փակում աչքերս ու հարցնում, թե ինքն ով է: Նրան կատաղացնելու համար (ինձ դուր չեն գալիս այդ զինվորական կատակները), պատասխանում եմ՝ Անրին է: Անրին նրա ընկերն է, որն ինձ հետ շատ սիրալիր է, և դա Ժորժին խենթացնում է: Այս անգամ էլ հարվածը չվրիպեց: Խանդը դուրս ժայթքեց, պոռթկաց: Նա բաց թողեց աչքերս, բռնեց ուսերիցս և ստիպեց երդվել, որ իր բացակայությամբ Անրին չի եկել: Խենթ է, խենթ, ասում եմ, չէ՞: Անրին երբեք այդպիսի բան իրեն թույլ չի տա: Նա չափից ավելի վախկոտ է: Նրա տեղը Ժորժը հարյուր անգամ ներս խցկված կլիներ: Այս ամենից ծիծաղս եկավ: Միայն իմ ծիծաղն է, որ նրան զինաթափ է անում: Ժորժը ներողություն խնդրեց, համբուրեց ինձ, հետո այս սունկերով անակնկալը մատուցեց: Ուզո՞ւ եք միասին ուտենք: Նա շուտով կգա: Ապակեգործները շատախոս չեն լինում: Մի փոքր կզրուցեն և վերջ: Դանիել, սեղանը գցիր: Ահա, լսո՞ւմ եք, գալիս է:
Լսվեց միջանցքի դռան ճռռոցը: Պոչը տնկած, կամացուկ ներս մտավ կատուն, հայացք գցեց շուրջը, հետո եկավ փաթաթվեց մեր ոտքերին: Մենք նայեցինք Պոլինին, որը միանգամից մինչև ականջները կարմրել էր: Հետո նա սկսեց երկար մեզ նայել՝ մեկ բոլորիս նորից իրական ժամանակի մեջ պատկերացնելով, վերագտնելով հիշողությունը, մեկ էլ նորից մոռացության մեջ ընկնելով, չհասկանալով, որ խղճում ենք իրեն և կարեկցում իր վշտին. քեռի Ժորժը մահացել էր երեսուն տարի առաջ:
Եղբայրս և ես կտրտեցինք սպիտակ սունկերը, որ մենք էինք բերել, ու նրա սիրած կերակուրը պատրաստեցինք: Պոլինը մեկ-մեկ խուճապի մատնվելով հարցնում էր, թե ինչն էր մտքից թռել: Մենք նրա հետ խոսում էինք միայն Ժորժի մասին, որը նորից կլանել էր նրա ողջ էությունը, ձերբազատել նրան ամոթից ու անձկությունից: Ու երբ մանրիկ քայլերով մեզ հետ դուրս եկավ միջանցք, որպեսզի ճամփու գցի մինչև դուռը, խնդրեց ներել ամուսնուն, որը հարկ եղած պահին երբեք իր կողքին չի գտնվում և շատ է ափսոսալու, որ մեր այցելության ժամանակ տանը չի եղել:

Թարգմանությունը՝ Դոնարա Պապյան

Տես նաև Դանիել Բուլանժե Պատուհանը
Դանիել Բուլանժե | Լսո՞ւմ եք, գալիս է… Դանիել Բուլանժե | Լսո՞ւմ եք, գալիս է… Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 21, 2019 Rating: 5
Технологии Blogger.