Կորնեյ Չուկովսկի | Կոկորդիլոսը


(Հին, շատ հին հեքիաթ)
Երկրորդ մաս
1
Հոգնատանջ կինը ասում է նրան.
-Ձագուկները մեր իմ կյանքը կերան:
Մերթ Կոկոշիկն է Լելյոշին ծեծում,
Մերթ Լելյոշիկն է Կոկոշին ծեծում:
Իսկ Տոտոշիկը՝ խենթուլիկը մեր,
Երեկ մի մեծ շիշ թանաք է խմել:
Նա իր պատիժը անշուշտ, ստացավ.
Անկյուն կանգնեց ու ընթրիք չստացավ:
Կոկոշիկը ողջ գիշեր ջերմում էր.
Սխալմամբ ինքնաեռն էր կուլ տվել:
Ապրի դեղագործ պարոն Գետաձին՝
Սառը գորտերով փրկեց հիվանդիս:
Կոկորդիլոսը անչափ վշտացավ,
Դժբախտ աչքերը նրա թացացան.
-Առանց ինքնաեռ ի՞նչ ենք անելու,
Ինչպե՞ս ենք հիմա մենք թեյ խմելու:
2
Դռներն այդ պահին բացվեցին,
Գազանները տուն լցվեցին.
Վագրեր, օձեր, բորենիներ,
Գայլեր, աղվեսներ, ջորիներ:
Եկավ փղի պճնված կինը՝
Հարյուր փթանոց տիկինը:
Բոյո˜վ-բոյո˜վ
Ընձուղտն եկավ՝
Հեռագրասյան նման երկար:
Եկան ընկեր-մտերիմներ,
Խնամիներ, ազգականներ,
Ո˜նց են գրկում ու համբուրում
Հեռվից եկած հարևանին.
-Ցույց տուր նվերներդ բերած:
3
Կոկորդիլոսն ասաց այսպես.
-Ոչ մեկիդ չեմ մոռացել ես,
Ամեն մեկիդ համար ահա
Հարմար նվեր ունեմ պահած.
Առյուծին՝ վրձին,
Կապիկին՝ շապիկ,
Հավքերի արքային՝
Զարդեր,
Գոմեշին՝ կարթեր,
Ջայլամին՝ դուդուկ,
Պարոն փղին՝ ատրճանակ,
Իսկ տիկնոջն էլ՝ մի ճոճանակ:
4
Միայն թե իր Տոտոշիկին,
Միայն թե իր Կոկոշիկին
Կոկորդիլոսը ոչ մի բան,
Ոչ մի նվեր
Չնվիրեց:

Լաց է լինում Տոտոշիկը,
Լաց է լինում Կոկոշիկը.
-Դու վատ հայրիկ ես,-ասում են,-
Դու մեզ չես սիրում,- ասում են,-
Նույնիսկ Խոյի համար անթով
Քաղցրավենիք ունես համով:

Բա մենք քո բալիկները չե՞նք,
Բա մենք քո լավիկները չե՞նք,
Այդ ո՞նց է, որ մոռացել ես
Ու ոչ մի բան չես բերել մեզ:
5
Կոկորդիլոսը ժպտաց, ծիծաղեց.
-Խենթուլիկներս, չեմ մոռացել ձեզ:
Զարդարված բազում խաղալիքներով,
Ոսկե մրգերով ու ճայթուկներով,
Ռուսաստանից ես բերել եմ մի ծառ,
Որ բուրում է ու փայլփլում պայծառ:
Լույսեր կվառենք մենք նրա վրա
Եվ ուրախ երգեր կձոնենք նրան.
«Դու մարդկանց էիր ծառայում այնտեղ,
Իսկ հիմա էլ մեզ ծառայիր այստեղ»:
6
Հենց որ այդ մասին լսեցին
Վարազ, հովազ, ընձուղտ ու ձին
Իսկույն ձեռք ձեռքի տվեցին,
Ուրախ մի շուրջպար բռնեցին,
Ծառի շուրջը ցատկոտեցին:
Ոչինչ, որ Գետաձին փարթամ
Մի սեղան ջարդեց այս անգամ,
Իսկ եղջյուրը Ռնգեղջյուրի
Ծակեց-պոկեց դռնակ մի հին:
Աղվեսը նստել ծառի տակ
Նվագում էր պարեղանակ:
Նույնիսկ թիթեռներն ուս ուսի
Մոծակների հետ պարեցին:
Պար բռնեցին ծիծառները,
Շլդիկները անտառում,
Կապույտ ծովում ձկները և
Եվ խեցգետիններն են պարում:
Պար են բռնել ճիճուները,
Զատիկները և սարդերը,
Պարում են, ո˜նց են պարում:
7
Հանկարծ թմբուկներ զարկեցին,
Կապիկները ներս վազեցին.
-Դո՛ւմ-դո՛ւմ-դա՛մ: Դո՛ւմ-դո՛ւմ-դա՛մ:

Հուշում է այդ «դումդումդամը»,
Գալիս է Հիպոպոտամը[1]:
-Իսկապե՞ս Հիպոպոտամը:
-Այո, Հիպոպոտամը:
-Արդյո՞ք ինքը:
-Այո, ինքը:
Նույն ինքը՝ Հիպոպոտամը:

Ա˜խ, ի˜նչ հնչյուններ քաղցրաձայն
Ու մռնչոցներ բարձրացան:
-Տեսե˜ք, մոտենում է հարկավ
Ինքը՝ Հիպոպոտամ արքան:
Պարզ է, մայրիկն աճապարեց
Ձագուկներին լվաց, սանրեց:
Կոկորդիլոսն էլ հուզմունքից
Կուլ տվեց չորս անձեռոցիկ:

Ընձուղտն էլ,
Թեկուզ անվանի,
Ցատկեց, նստեց պահարանին
Եվ Ուղտի վրա
Շատ նազուկ
Շուռ տվեց ամաններ բազում:

Իսկ օձերը սպասավոր
Խիտ ծառուղով սողում են, որ
Վայրկյան առաջ ընդառաջեն
Մոտեցող ջահել արքային:
8
Կոկորդիլոսը տան շեմին
Ոտքերն է համբուրում հյուրի.
-Թագավո՛ր ջան, խնդրեմ, ասա՛,
Այցիդ ինչո՞վ արժանացա:

Ահա թե արքան ինչ ասաց.
-Կապիկներից ինձ լուր հասավ,
Որ ճամփորդել ես դու երկար
Այն երկրում, ուր ամեն թփի
Խաղալիքներ կան բազմաթիվ
Եվ որի երկնքից կապույտ
Առատ թխվածքներ են թափվում:
Եկել եմ ահա, որ պատմես՝ լսեմ,
Համ էլ մի-մի հատ թխվածք համտեսեմ:

Կոկորդիլոսն այսպես ասաց.
-Ուրախ եմ, Ձերդ մեծություն,
Որ ելել, եկել ես մեր տուն:
Կին ջան, ինքնաեռը լցրու,
Շուտ հոսանքը միացրու:
9
Ասում է Հիպոպոտամը.
-Ես մի քիչ ննջեմ քո տանը,
Իսկ դու այդ ընթացքում պատմիր՝
Ի՞նչ աշխարհ տեսար, ի՞նչ երկիր:

Կոկորդիլոսը չալարեց
Եվ այս պատմությունը արեց.

-Իմացե՛ք, ընկերներ անգին,
Անչափ ցնցված է իմ հոգին:
Այնտեղ այնքա˜ն դժբախտներ կան,
Որ նույնիսկ դու, Հիպոպոտամ,
Շատ ձագի պես կոռնայիր,
Եթե տեսնել կարենայիր:
Մեր եղբայրներն այնտեղ անտուն
Ապրում են ինչպես դժոխքում,
Ապրում են խեղճ, նվաստացած,
Մեծ աշխարհից մեկուսացած:
Հսկիչների մտրակի տակ
Տառապում են բազմաքանակ
Կենդանիներ ու գազաններ՝
Շղթաներով կապված ամուր՝
Վանդակներում երկաթակուռ:

Խաղալիք է փիղը այնտեղ
Մանուկների համար հիմար:
Այնտեղ ձագուկները մարդկանց
Եղնիկ են չարչարում հիմա,
Խուտուտ են տալիս գոմեշին,
Կարծես նա քուռակ է էշի:
Հիշում եք դուք, որ մեր կողքին
Ապրում էր մի կոկորդիլոս…
Զարմիկն էր իմ: Եվ ես նրան
Սիրում էի որդուս նման:
Խելառ էր նա, անուղղելի,
Համակրելի մի խենթուլիկ,
Իսկ հիմա նա այդ աշխարհում՝
Կիսակենդան մի տառապյալ,
Պառկած կեղտոտ ջրափոսում
Հազիվ շնչելով ինձ ասաց.
«Դահիճներին չեմ անիծում,
Չեմ անիծում մտրակ ու բանտ,
Բայց ձեզ, ընկեր ցեղակիցներ,
Իմ անեծքն եմ հղում ահա:
Դուք, որ ուժեղ եք և հզոր,
Փղեր, վիշապներ, գոմեշներ,
Չե՞ք իմացել, որ ամեն օր
Գերյալներս կանչել ենք ձեզ:
Սպասել ենք հավատալով,
Որ ուր որ է մեզ կփրկեք,
Որ դուք կարշավեք ու կգաք
Կործանելու վանդակ ու բանտ,
Ազատելու եղբայրներին,
Զավակներին ձեր տառապյալ»:
Ասաց, մեռավ:
Իսկ ես կանգնել
Երդում տվի հազարներին.
Վրեժխնդիր լինել մարդկանց
Ու ազատել գազաններին:
Ելե՛ք, քնած իմ եղբայրնե՛ր,
Լքե՛ք որջերը ձեր բոլոր
Ու գրոհենք մեր թշնամուն
Ժանիքներով ու պոզերով:
Այդ մարդկանց մեջ կա մի մանուկ,
Որ քաջ է բոլոր քաջերից:
Նա հերոս է մի ահավոր.
Կուզենայի իմանայիք,
Վասիլչիկով է կոչվում նա
Եվ ես նրա գլխի համար
Ոչինչ էլ չէի խնայի:
10
Գազանները մոլեգնեցին ու ասում էին գոռալով.
-Առաջնորդիր մեզ հենց հիմա քաղաքը այդ հեռավոր:
Փրկենք եղբայրներին գերված վանդակներով, բանտերով:
Մենք վանդակները կջարդենք, շղթաները կկոտրենք,
Ցեղակիցներին մեր դժբախտ գերությունից կպոկենք,
Իսկ չարագործ բոլոր մարդկանց անխնա կկծոտենք:
Ճահճուտներով, ավազներով
Գնդերն են շարժվում վազելով,
Նրանց զորավարն առջևում
Զայրույթից փնչում է, հևում:
Նրանք գնում են Պետրոգրադ,
Որ ավերեն քաղաքը այդ,
Լափեն, կծոտեն բոլորին:
Վա˜յ խե˜ղճ, վա˜յ խե˜ղճ Պետրոգրադ:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև առաջին և երրորդ մասերը

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ


[1] Ոմանք կարծում են, թե Հիպոպոտամն ու գետաձին նույն կենդանիներն են: Գետաձին դեղագործ է, իսկ Հիպոպոտամը՝ թագավոր:

Կորնեյ Չուկովսկի | Կոկորդիլոսը Կորնեյ Չուկովսկի | Կոկորդիլոսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 03, 2019 Rating: 5
Технологии Blogger.