Ակուտագավա Րյունոսկե | Լյուցիֆերը


«Ի սկզբանե Տերն արարեց աշխարհը, այնուհետեւ` երեսունվեց հոգիները: Այդ հզորագույն հոգիների մեջ առաջինը կոչվում էր Լյուցիֆեր… Նա պնդում էր, որ խելքով հավասար է հենց Տիրոջը: Տերը զայրացավ եւ նրան դժոխք նետեց… Թեեւ, հայտնվելով դժոխքում, Լյուցիֆերն այնտեղ տառապում էր, հոգիների կեսը վերածվեցին դեւերի եւ ախորժանք էին ապրում այս աշխարհի բերկրանքներից:

Նա խուսափում էր բարի մտադրություններով մարդկանցից»:Ջուլիո Ալեսկիի խոսքից եկեղեցական երրորդ պառակտման առթիվ:

1

Քիչ չեն այն մարդիկ, ովքեր լսել են «Հաձուսու», (Անկյալ Տերը) երկի գոյության մասին, որում քննադատվում է կաթոլիկությունը: Այդ երկը գրել է Գեննի վեցերորդ տարում (1620), Ֆաբիան անունով Ձեն բուդդիստ վանականը, ով ապրում էր Կագա գավառում: Սկզբում Ֆաբիանը կաթոլիկ էր եւ ապրում էր Հարավային Բարբարոսների տաճարում, հետո հանգամանքների բերումով թողեց Տեր Դեուսին ծառայելը եւ դիմեց բուդդիզմին: Նրա ստեղծագործություններից պարզ է, որ նա նաեւ զբաղվել է Լաո-ցզիի եւ Կոնֆուցիոսի աշխատություններով եւ բազմակողմանի զարգացած մարդ էր:

«Հաձուսուի» ամենատարածված ցուցակը «Կատյոսան-բունկո» գրադարանից հրատարակվել էր 1868 թվականին Ուգայի Տեցուձեի առաջաբանով: Սակայն դա բնավ էլ չի նշանակում, թե չկան այդ երկի այլ տարբերակները: Օրինակ, իմ հավաքածուում գտնվող հինավուրց ձեռագրում ես որոշ տարաձայնություններ տեսա ընդհանուր ցուցակի հետ:

Այսպես, այդ ստեղծագործության երրորդ բաժնում, որտեղ քննվում է սատանայի ծագման հարցը, իմ ձեռագիրը զգալիորեն տարբերվում է կանոնիկ տեքստից: Բանն այն է, որ այնտեղ պատմվում է այն մասին, ինչը Ֆաբիանն իր աչքերով է տեսել, նաեւ բերվում են նրա կծու քննադատական դիտողություններն ու դատողությունները: Պատճառը, որի համար այդ հաստատումները չեն ներմուծվել ավելի ուշ շրջանի ցուցակի մեջ, հավանաբար, բացատրվում է այն բանով, որ դրանք բովանդակում են կեղծիքի ժխտման եւ ճշմարտության հաստատման ակնհայտ բուդդիստական կոչը, իսկ որոշ տեղերում դրանք անհեթեթության են հասնում:

Ստորեւ ես կփորձեմ, երրորդ բաժնի հիման վրա, ցույց տալ, թե ինչպես էր պատկերացնում Ֆաբիանը ճապոնական սատանային: Իսկ նրանց, ում կհետաքրքրեն Ֆաբիանի կյանքի մանրամասները, առաջարկում եմ կարդալ նրա մասին պրոֆեսոր Սիմուրայի հոդվածը:

Քրիստոնյաները պնդում են, որ Դեուսը /Արարիչը. անգույն եւ անմարմին էություն է, որ իրենով է լցնում երկինքն ու երկիրը այնքան հոծ, որ նույնիսկ մազ անգամ չես կարող այնտեղ խցկել: Դեուսը ամենայն երկինքներից վեր կառուցեց դրախտային աշխարհը, որ «պարայսո» է կոչվում, որպեսզի լավ մարդկանց բերկրանք պարգեւի: Սակայն մարդուց ավելի վաղ, Նա արարեց երկնաբնակների անհամար բազմությունը, որ «հրեշտակներ» են կոչվում (ավետաբերներ), իսկ ինքն իր պատկերը դեռ երեւան չի բերել: Եվ Նա ազդարարեց այն պատգամը, որ պետք չէ ձգտել գերմարդու վիճակին, այլ պետք է առաքինաբար պահպանել երկնային պատգամները, եւ հավատարիմ մնալով առաքինություններին, երկրպագել Դեուսի պատկերը: Այնժամ նրանք կկարողանան ձեռք բերել բարձրագույն երանությունը: Իսկ արգելքները խախտողները կընկնեն դժոխք, որ «ինֆերնո» է կոչվում, չարիքներով եւ տառապանքներով լեցուն, ուր նրանց սարսափելի տանջանքներ են սպասում, անտանելի ցրտով եւ տապով փորձություններ: Բայց չէր հասցրել Նա ավարտել աշխարհի արարումը, երբ անհամար հրեշտակաց մեջ հայտնվեց Լյուցիֆեր անունով մեկը, նա իրեն Դեուս հռչակեց եւ պահանջում էր երկրպագել իրեն: Եվ այդժամ հրեշտակների մեկ երրորդը Լյուցիֆերի կողմն անցավ, իսկ մեծամասնությունը նրանից հրաժարվեց: Եվ այդժամ Դեուսը վտարեց Լյուցիֆերին եւ բոլոր նրանց, ով նրա կողմն էր անցել, հողի տակ, նրանց անվանեց «ինֆերնո»: Այսպես հրեշտակները իրենց գոռոզամտության պատճառով վերածվեցին տենգուներիի, որ «դիաբլո» են կոչվում:

Իսկ երբ դուք, Տիրոջ հետեւորդներ, խոսում եք այս բաների մասին, ապա ձեր իսկ ծուղակն եք ընկնում: Նախկինում դուք ինքներդ էիք պնդում, որ Դեուսն իրենով լցնում է ամենայն ինչ, մի՞թե դուք չեք հիշում, որ նրա ճշմարիտ էությունը շամփրում է երկինքն ու երկիրը եւ ներթափանցում է բովանդակ «աշխարհի վեց ծագերը»: Երբ խոսքն այսպիսի բաների մասին է, դա չի նշանակում, թե դրանք միանման են: Բայց մի՞թե դուք չէիք պնդում, որ Դեուսը «ամենագետն է»` «սապիենտիսիմոն», եւ որ իմաստնությունը նրա թափանցում է երեք աշխարհները` անցյալը, ներկան եւ ապագան: Բայց եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ, հրեշտակներին ստեղծելիս, Նա չէր կանխատեսել, որ նրանք մեղաց գիրկը կընկնեն: Եթե Նա դա չգիտեր, ապա անհեթեթ է երեք աշխարհները ներթափանցող նրա իմաստնության մասին խոսելը: Իսկ եթե նա նրանց արարել էր, գիտենալով, թե ինչով է դա ավարտվելու, ապա դա աներեւակայելի դաժանություն է: Եթե Դեուսը ամենակարող է, ինչո՞ւ Նա չստեղծեց մեղքին չենթակա հրեշտակների: Թույլատրելով նրանց մեղաց գիրկն ընկնել, Նա դրանով չար ոգիների մի ողջ հորդա ստեղծեց: Նա ինքն արարեց անպիտան տենգուներին, ամենայն դավեր նյութող դեւերին, այստեղ այլեւս ի՞նչ հավելես: Իսկ գո՞ւցե, «դիաբլո» կոչվող տենգուները, ի սկզբանե պետք է գոյություն ունենային այս աշխարհում: Սակայն այժմ անիմաստ է դատել, թե ինչու, հրեշտակներին ստեղծելիս, Աստված արարեց հրեշտակ-դեւերին:

Ենթադրենք, թե հենց այդպիսին է սատանայի ծագումը, եւ Նա ստեղծել է այդպիսի նողկալի եւ դաժան հրեշ, ինչպես դուք եք պնդում, բայց ես այդ առթիվ կասկածներ ունեմ: Երբ ես անցած-գնացած տարիներին ապրում էի Նամբաձի տաճարում, ապա իմ աչքերով եմ տեսել դեւ Լյուցիֆերին, եւ նա անձամբ պատմեց ինձ, որ այդ ամենը ամենեւին էլ այդպես չի եղել, որ մարդիկ պարզապես չգիտեն սատանային, եւ հենց այդ պատճառով էլ այդքան սաստիկ վշտանում են: Եվ մի պնդեք, թե Ֆաբիանը պարզապես սատանայի ցանցն ընկավ, նրա հետ պարապ զրույցներ էր վարում: Աստծո անվամբ ահաբեկված, անընդունակ ճշմարիտ Ուսմունքն ընդունելու, Դեուսի հետեւորդները իրենց անգիտության մեջ էին թաղված, գիտցեք, որ ես իմ աչքերով եմ տեսել նրան, իսկ դուք միայն հարգալից աղոթքներ եք հղում Աստվածածնին, եւ թեպետ պատերենների թիվը մեծ է, մեզ հայտնի չէ եւ ոչ մեկը, ով դեւ Լյուցիֆերի հետ վեճի մասնակիցն է եղել: Եթե ինչ-որ կերպ վերնագրեմ իմ հանդիպումը Լյուցիֆերի հետ, ապա Հարավային Բարբարոսների լեզվով դա կկոչվի «պարականոն»:

Ճշտելու կարիք չկա, թե հատկապես երբ է դա տեղի ունեցել: Մի անգամ աշնանային մթնշաղում ես միայնակ զբոսնում էի Հարավային Բարբարոսների տաճարի տարածքի մացառուտների միջեւ, ինչպես դա կաներ յուրաքանչյուր քրիստոնյա, եւ հիշում էի մի ազնվաբարո կնոջ խոստովանանքը: Բոլորովին վերջերս, նա արցունքն աչքերին ասում էր. «Ախ, որքան տարօրինակ է: Զօր ու գիշեր մեկն ինձ շշնջում է` ինչո՞ւ դու հոգ ես տանում միայն քո ամուսնու մասին: Եվ հավատացնում է, որ աշխարհում քիչ չեն արժանավոր տղամարդիկ: Բավ է լսեմ այդ ձայնը, եւ սիրտն իմ, չգիտես ինչու, հիացմունքով է լցվում, եւ ես մեծ դժվարությամբ եմ կարողանում զսպել իմ սիրային մղումները: Եվ այդ ժամանակ ես տխրում եմ, որ չիք մեկը, ում հետ սիրային կապ հաստատեմ եւ ես, դեռեւս երիտասարդ եւ գեղեցիկ, զուր կենում եմ պարտասանքի մեջ»:

Այդժամ ես նրան բացատրեցի քրիստոնեական պատվիրանները եւ խստորեն կշտամբեցի. «Հիշիր, որ այդ ձայնն անշուշտ սատանային է պատկանում: Այդ սատանան տիրապետում է մարդուն առ յոթը սարսափելի մեղքերը ներքաշելու ուժին, որոնցից առաջինը` ամբարտավանությունն է, երկրորդը` չարությունը, երրորդը` նախանձը, չորրորդը` ագահությունը, հինգերորդը` տռփանքը, վեցերորդը` որկրամոլությունը, յոթերորդը` ծուլությունը, դրանցից մեկը բավական է, որ դժոխք ընկնես: Հետեւաբար, Դեուսը` մեծագույն կարեկցանքի ակունքն է, իսկ սատանան` ամենայն չարյաց արմատը: Ընդ որում բոլորը, ովքեր երկրպագում են Արարչի ուսմունքը, երբեք չեն ընկնի սատանայի ճանկերը: Բավ է պարզապես ջանադրաբար աղոթքները կրկնել, հնազանդ մնալ Դեուսի առաքինություններին, եւ դու կկարողանաս խուսափել ինֆերնոյի կարմայական հրից»:

Ինձ բախտ է վիճակվել տեսնելու սատանայի սարսափելի կերպարանքը արտասահմանյան նկարներում, եւ ես փորձեցի ուրվագծել նրան այդ կնոջը. «Այդ էակը չղջիկի թեւեր ունի, այծի սմբակներ, օձի խորխ: Եվ երբ նույնիսկ տեսանելի չէ, նա նստած է կողքիդ եւ շշնջում է անառակ սիրո մասին»։

Եվ ահա, անդադար այդ մասին մտածելով եւ զբոսնելով մթին մարգագետնով ու ինձ անհայտ անուններով անդրծովյան բույսերի միջով, ես հանկարծ աչքերս բարձրացրի եւ ինձանից տասը քայլի վրա պատերենի նման մի մարդ տեսա: Չէի հասցրել աչքս թարթել, երբ նա սրընթաց մոտեցավ ինձ եւ հարցրեց. «Դու ինձ ճանաչո՞ւմ ես»: Ես ուշադիր նայեցի այդ մարդուն, նրա դեմքը թուխ էր, ինչպես «կունդուլինյան ստրուկներինը», արտաքինը բավական առինքնող էր, նա սեւ թիկնոցով էր փաթաթված, վզին` ոսկյա զարդ: Ի վերջո, ես ստիպված եղա ընդունելու, որ նախկինում երբեք նրան չեմ տեսել, եւ այդ ժամանակ մարդն այդ ասես քմծիծաղով արտաբերեց. «Ես հենց դեւ Լյուցիֆերն եմ»: Սարսափելի զարմանալով ես հարցրի. «Բայց դուք ի՞նչ Լյուցիֆեր եք: Չէ՞ որ դուք արտաքնապես ոչնչով մարդուց չեք տարբերվում: Իսկ ո՞ւր են չղջիկի թեւերը, այծի սմբակները, օձի խորխը»:

«Ի սկզբանե սատանան մարդուց չէր տարբերվում,- պատասխանեց նա: -Հաճախ ինձ եղկելի եւ այլանդակ են նկարագրում… Իսկ ես, ինչպես եւ իմ կողմնակիցները, չունենք ոչ թեւեր, ոչ սմբակներ, ոչ խորխ: Դե, նաեւ ծերության նշաններ էլ մեր դեմքին չկա»: Դրան ի պատասխան՝ ես կարողացա սոսկ շշնջալ. «Դա միայն արտաքնապես սատանան մարդուց չի տարբերվում, Բայց քո հոգում, կարիճների պես, գալարվում են յոթ մահացու մեղքերը»: Լյուցիֆերը դարձյալ ծիծաղելով ասաց. «Այդ նույն յոթ կարիճներն ապրում են նաեւ մարդկանց հոգիներում: Մի՞թե հենց քեզ այդ մասին հայտնի չէ: Եվ ես գոչեցի. «Ակնցի սատանա: Իմ սրտում, հանց հայելում, արտացոլվում են Դեուսի ամենայն անհամար առաքինությունները: Անտեղ տեղ չի գտնվի նույնիսկ քո ստվերի համար»: Սատանան բարձրաձայն քրքջաց. «Այ թե տխմարն ես դու, Ֆաբիան: Երբ դու պարսավում ես ինձ, քո սիրտն ամբարտավանությամբ է լեցուն, իսկ դա` յոթ մահացու մեղքերից առաջինն է: Դու ինքդ պետք է հասկանաս, որ մարդու եւ սատանայի միջեւ ոչ մի տարբերություն չկա: Եվ եթե ես` սատանա եմ, ապա դուք` արդյո՞ք սատանի պոչը չեք, ինչպիսին նրանց պատկերացնում են տերտերները: Մեր Երկնատակը երկու մասի է բաժանված` մեկում Տիրոջ հետ դուք եք ղեկավարելու: Քանի որ կա լույսը, ապա անպատճառ կլինի եւ խավարը: Ոչ մի անհնարինություն չկա այն բանում, որպեսզի աշխարհում փոխնիփոխ հաջորդեն Դեուսի օրն ու սատանայի գիշերը: Թեպետ իմ կողմնակիցները չար բնույթ ունեն, բայց բարու մասին էլ նրանք չեն մոռանում: Եվ եթե աջ աչքով մենք տեսնում ենք ինֆերնոյի խավարը, ապա ձախ աչքով, նույնիսկ եւ այժմ, մշտապես նայում ենք երկնային բարձունքներին: Այդ պատճառով մենք մինչեւ վերջ չենք կենում չարիքի մեջ: Նույնիսկ Տերը հաճախ տառապում է երկնաբնակներից: Դե, դու չգիտես, բայց չէ՞ որ հենց ինքը՝ Լյուցիֆերն էր անառակ խոսքեր շշնջում այն կնոջ ականջին, որ վերջերս քեզ մոտ խոստովանանքի էր եկել: Սակայն ոգով ես թույլ եմ եւ չկարողացա մինչեւ վերջ նրան գայթակղել: Միայն մթնշաղին ես մոտենում էի նրան եւ հետեւում էի, թե ինչպես է նա կողքովս անցնում, հիասքանչ տեսիլքի պես, իր մարջանե տերողորմյայով եւ ասես փղոսկրե դաստակներով: Եթե ես այդպիսի վերջացած չարագործ լինեի, ումից վախենում են ձեր տերտերները, ապա այդ կինը, խոստովանանքի ժամանակ քո առաջ հեկեկալու փոխարեն, հենց մեկից կթաղվեր արատավոր հաճույքների ճահճուտում եւ ձեռք կբերեր այն կարման, որը դժոխք է ներքաշում»:

Ինձ այնքան ապշեցրեց Լյուցիֆերի պերճախոսությունը, որ ես մեկեն չպատասխանեցի, այլ միայն զննում էի նրա էբենոսյա ծառի գույնի հարթ դեմքը: Եվ հանկարծ նա արագ գրկեց ինձ եւ տրտմալի շշնջաց. «Ես նույնպիսի հոգի ունեմ, ինչպես եւ նրանք, ովքեր մտածում են, որ իրենք ինֆերնո են ընկնելու, սակայն եւ նման եմ եւ նրանց հոգիներին, որոնք կարծում են, որ ինֆերնո չեն ընկնելու: Արդյո՞ք դու գիտես մեր վշտալի սատանայական ճակատագրի մասին: Երբ ես ջանում էի այդ կնոջը ներքաշել անառակության որոգայթը, ապա ես հասկանում էի, որ ինձ ի վերջո չի հաջողվի դա անել: Քանզի ես սիրում եմ կանանց վսեմագույն մաքրության համար, ապա հատկապես կամենում եմ պղծել նրանց: Եվ երբ դուք կարծում եք, թե ես ուզում եմ նրանց դրդել առ յոթ մահացու մեղքերը, ապա իրականում անընդհատ փորձում եմ նրանց առաջարկել յոթ սարսափելի առաքինությունները: Արդյո՞ք դուք Դեուսը չեք, քանզի միշտ ջանում եք գայթակղել սատանաներին բարիք գործելու: Իսկ գուցե դուք` ոգիներ եք, որոնք Դեուսից վե՞ր են»: Ականջիս շշնջալով այդ խոսքերը, դեւ Լյուցիֆերը նայեց մթին երկնքին, եւ նրա կերպարանքը սկսեց լողալ, հալվելով մշուշի մեջ, մինչեւ որ լրիվ ցնդեց աշնանային խամրած ծաղիկների մեջ:

Ես ահաբեկված սուրացի պատերենների մոտ եւ պատմեցի նրանց այն ամենը, ինչ լսել էի Լյուցիֆերից, բայց անգետ քրիստոնյաներն ինձ չհավատացին: Համարելով, որ ես խախտել եմ հավատի դավանանքը, նրանք ինձ մի քանի օր խոշտանգում էին: Բայց ես ինչպե՞ս կարող եմ կասկածել այն բանում, որ իմ աչքերով եմ տեսել եւ իմ ականջներով եմ լսել դեւ Լյուցիֆերից: Սատանայի մեջ էլ բարի սկիզբ կա, նա բնավ էլ ամենայն չարյաց ակունքը չէ:
Իսկ ձեզ, Դեուսի երկրպագուներ, հայտնի՞ է, թե ով է սատանան: Եվ արդյո՞ք Տիեզերքի Արարիչը չի նրան հորինել: Այստեղ ես ավարտում եմ, կասկածներով ալեկոծված: Ամեն:

Ակուտագավա Րյունոսկե | Լյուցիֆերը Ակուտագավա Րյունոսկե | Լյուցիֆերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 10, 2020 Rating: 5
Технологии Blogger.