Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Սահնակին լծված գայլը



Բայց շուտով գլխի ընկա, որ ձմեռը ձիով գնալն անհարմար է։ Ավելի լավ է սահնակով ճանապարհորդել։ Մի լավ սահնակ գնեցի և սլացա փափուկ ձյան վրայով։
Երեկոյան անտառ մտա։ Ես սկսեցի նիրհել, երբ հանկարծ լսեցի ձիուս անհանգիստ խրխնջոցը։ Ետ նայեցի և լուսնյակի լույսով տեսա մի ահռելի գայլ, որը բերանը բաց արած վազում էր իմ սահնակի ետևից։
Ազատվելու հույս չկար։
Սահնակի մեջ պառկեցի և վախից աչքերս փակեցի։
Ձիս կատաղի առաջ էր սլանում։ Գայլի ատամների չխկչխկոցը լսվում էր ականջիս շատ մոտ։
Բայց, իմ բախտից, գայլն ինձ վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։
Նա թռավ սահնակի վրայից՝ ուղիղ գլխիս վրայով և հարձակվեց խեղճ ձիուս վրա։
Մի րոպեում ձիուս ետևի մասն անհետացավ գայլի ագահ երախում, իսկ առջևի մասը սարսափից ու ցավից շարունակում էր առաջ սլանալ։
Գայլի երախն ավելի ու ավելի էր մտնում ձիուս մեջ։
Երբ ուշքի եկա, վերցրի մտրակը և ոչ մի րոպե չկորցնելով, սկսեցի մտրակել ագահ գազանին։
Նա ոռնաց ու առաջ սլացավ։
Ձիու առջևի մասը, որ դեռ գայլը չէր կերել, ընկավ ձյան մեջ, իսկ նրա տեղը բռնեց գայլը՝ լծված սահնակին։
Այդ լծասարքից նա դուրս պրծնել չէր կարող, նա ձիու պես լծված էր սահնակին։
Ես շարունակեցի ամբողջ ուժով մտրակել նրան։
Նա սլանում էր առաջ ու առաջ, հետևից քարշ տալով սահնակը։ Նա այնպես արագ էր քաշում, որ երկու-երեք ժամից հետո մտա Պետերբուրգ։
Պետերբուրգի զարմացած բնակիչները խումբ-խումբ դուրս եկան նայելու այն հերոսին, որը ձիու փոխարեն իր սահնակին կատաղած գայլ էր լծել։

 Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ      
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Սահնակին լծված գայլը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Սահնակին լծված գայլը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 15, 2020 Rating: 5
Технологии Blogger.