Կառլո Կոլլոդի | III. Ջեպետտոն տուն վերադառնալուն պես սկսում է բուրատինո պատրաստել և անունը դնում է Պինոքիո։ Բուրատինոյի սկզբնական չարաճճիությունները

Կառլո Կոլլոդի
Ջեպետտոյի տունը ներքնահարկ մի սենյակ էր, որի լույսը ընկնում էր սանդուղքների տակից։ Կահույքը, որ ավելի հասարակ լինել չէր կարող, բաղկացած էր մի անպետք աթոռից, մի նույնքան անպետք մահճակալից և մի փոքրիկ, ամբողջապես ջարդված սեղանից։ Դիմացի պատին մի վառած բուխարի էր երևում, բայց կրակը նկարած էր։ Կրակի կողքին նկարած էր նաև մի պղինձ, որը եռանդով խլթխլթում էր, բաց թողնելով գոլորշու կարծես թե բնական քուլաներ։

Տուն մտնելուն պես Ջեպետտոն վերցրեց գործիքները և սկսեց պատրաստել բուրատինոն։

— Ի՞նչ անուն դնեմ սրան,— ասաց ինքն իրեն։— Կոչեմ Պինոքիո։ Այս անունը սրան բախտավորություն կբերի։ Ես Պինոքիոների մի ամբողջ ընտանիք գիտեի. հայրն էլ էր Պինոքիո, մայրն էլ էր Պինոքիո, Պինոքիո էին նաև երեխաները։ Նրանք բոլորն էլ ապրում էին հաջողությամբ։ Նրանցից ամենահարուստը մուրացկանություն էր անում։

Հենց որ իր բուրատինոյին անուն գտավ, Ջեպետտոն սկսեց աշխատել է՛լ ավելի մեծ եռանդով. իսկույն ևեթ պատրաստեց բուրատինոյի մազերը, հետո ճակատը, այնուհետև աչքերը։

Աչքերը պատրաստելուց հետո պատկերացրեք Ջեպետտոյի զարմանքը, երբ նկատեց, որ դրանք շարժվում են ու ակնապիշ նայում իրեն։ Այդ բանը վրդովեց Ջեպետտոյին, և նա գրեթե բարկացած հարցրեց.

— Փայտե աչքեր, ինչո՞ւ եք նայում ինձ։

Ո՛չ մի պատասխան։

Այնուհետև պատրաստեց քիթը։ Հենց որ վերջացրեց, քիթն սկսեց աճել. աճեց, աճեց, աճեց և մի քանի րոպեում դարձավ մի այնպիսի հսկայական քիթ, որ վերջ չուներ։

Խեղճ Ջեպետտոյի հոգին դուրս եկավ նրա ծայրը կտրելով։ Բայց որքան շատ էր կտրում ու կարճացնում, այնքան շատ այդ հանդուգն քիթը երկարում էր։

Քթից հետո պատրաստեց բերանը։

Դեռ չէր վերջացրել, երբ բերանն սկսեց ծիծաղել ու ձեռ առնել Ջեպետտոյին։

— Վե՛րջ տուր ծիծաղիդ,— զայրացած ասաց Ջեպետտոն։ Բայց ոնց որ պատին ասեին։

— Ասում եմ՝ վե՛րջ տուր ծիծաղիդ,– բղավեց նա ահաբեկիչ ձայնով։

Այն ժամանակ բերանը վերջ տվեց ծիծաղին, բայց ամբողջ լեզուն դուրս գցեց։

Ջեպետտոն իր գործը չփչացնելու համար ցույց տվեց, թե իբր չի նկատում և շարունակեց աշխատել։

Բերանից հետո պատրաստեց կզակը, այնուհետև վիզը, ուսերը, փորը, հետո թևերն ու ձեռքերը։

Հենց որ ձեռքերը պատրաստեց վերջացրեց, զգաց, որ գլխի կեղծամը տանում են։ Շուռ եկավ և ի՞նչ տեսնի. դեղին կեղծամը բուրատինոյի ձեռքում է։

— Պինո՛քիո․․․ իսկույն ևեթ վերադարձրու իմ կեղծամը։

Բայց Պինոքիոն վերադարձնելու փոխարեն կեղծամը դրեց իր գլխին, որի տակից հազիվ էր երևում։

Այդպիսի հանդուգն ու ծաղրական վերաբերմունքից Ջեպետտոն այնպես տխրեց ու մելամաղձոտ դարձավ, որ իր կյանքում երբեք չէր եղել։ Շուռ գալով դեպի Պինոքիոն, նա ասաց.

— Անպիտա՛ն տղա, դու դեռ նույնիսկ պատրաստ չես, բայց արդեն սկսում ես չհարգել քո հորը։ Այդ վա՛տ է, տղա՛ս, վատ է։ Եվ սրբեց արցունքը։

Մնացել էին ոտքերը, որ պատրաստի-վերջացնի։ Երբ Ջեպետտոն ոտքերը պատրաստեց, շրը՜փ՝ մի քացի ստացավ քթի ծայրին։

— Տե՛ղն է ինձ,— ասաց Ջեպետտոն ինքն իրեն։— Այդ մասին ես պետք է առաջ մտածեի։ Այժմ արդեն ուշ է։

Այնուհետև, բռնելով բուրատինոյի թևատակերից, վեր բարձրացրեց ու դրեց գետնին, սենյակի հատակի վրա, որպեսզի քայլել սովորեցնի։

Պինոքիոյի ոտքերը անզգա էին, այդ պատճառով էլ չէր կարողանում շարժվել, բայց Ջեպետտոն նրա ձեռքից բռնած ուղեկցում էր ու սովորեցնում մի ոտքը մյուսի հետևից դնել։

Երբ ոտքերը բացվեցին, Պինոքիոն սկսեց քայլել ինքն իրեն և սենյակի մեջ վազվզել այնքան ժամանակ, մինչև որ դուրս պրծավ դռնից, ընկավ փողոց և սկսեց փախչել։

Խեղճ Ջեպետտոն էլ վազում էր բուրատինոյի հետևից, չկարողանալով հասնել նրան, որովհետև այդ անպիտան չարաճճի Պինոքիոն սլանում էր նապաստակի նման և, փայտյա ոտքերը խփելով փողոցի սալահատակին, այնպիսի մի աղմուկ էր բարձրացնում, որ կարծես թե քսան հոգի փայտյա մաշիկներով վազելիս լինեին։

— Բռնեցե՜ք դրան, բռնեցե՜ք դրան,— գոռում էր Ջեպետտոն։ Սակայն փողոցում եղած մարդիկ, տեսնելով այդ փայտյա բուրատինոյին, որը ձիու նման սլանում էր, կանգ էին առնում հրապուրված այդ տեսարանից և այնպես ծիծաղում, այնպես ծիծաղում, որ չեք կարող պատկերացնել։

Վերջիվերջո, բարեբախտաբար, մի ոստիկան հանդիպեց, որը, լսելով այդ աղմուկն ու աղաղակը և կարծելով, թե ձիու քուռակ է դուրս պրծել տիրոջ ձեռքից, կանգնեց փողոցի մեջտեղում, որոշելով պահել նրան և թույլ չտալ, որ ավելի մեծ դժբախտություն տեղի ունենա։

Բայց երբ Պինոքիոն հեռվից նկատեց ոստիկանին, որը փակել էր ճանապարհը, որոշեց անցնել նրա ոտքերի արանքով։ Սակայն այդ նրան չհաջողվեց։

Ոստիկանը, առանց տեղից շարժվելու, ճարպկորեն բռնեց նրա քթից (դա մի անպատեհ հսկայական քիթ էր, որը կարծես թե դիտավորյալ կերպով էր պատրաստված, որպեսզի ոստիկանները բռնեն) և բուրատինոյին հանձնեց Ջեպետտոյի ձեռքը։ Սա որպես պատիժ ուզում էր Պինոքիոյի ականջները մի լա՜վ քաշել, բայց, պատկերացրեք ինչ զարմանք բան, ականջները չկային․․․ Եվ գիտե՞ք ինչու. որովհետև պատրաստելիս անչափ շտապելուց Ջեպետտոն ականջները մոռացել էր։

Այն ժամանակ Ջեպետտոն բռնեց նրա ծոծրակից և, հրելով դեպի տուն, գլուխր ցնցեց ու սպառնաց.

— Տո՛ւն գնանք, այնտեղ կմաքրվենք մեր հաշիվները, այդ մասին կարող ես չկասկածել։

Պինոքիոն այդ բառերը լսելուն պես փռվեց գետնին և չէր ուզում այլևս քայլել։ Այդ ժամանակ տեսարանի սիրահար ու պարապ-սարապ մարդիկ սկսեցին կանգ առնել ու հավաքվել նրանց շուրջը։

Մեկը մի բան էր ասում, մյուսը՝ մի այլ բան։

— Խե՜ղճ բուրատինո,— ասում էին մի քանիսը,— նա իրավացի է, որ չի ցանկանում տուն վերադառնալ։ Ո՛վ գիտե, ինչպես է ծեծելու նրան այդ վայրենի Ջեպետտոն․․․

Իսկ մյուսներն էլ չարամտորեն ավելացնում էին.

— Այդ Ջեպետտոն թվում է կարգին մարդ, բայց երեխաների հետ այնպես է վարվում, կարծես բռնակալ լինի։ Եթե այդ խեղճ բուրատինոյին նրա ձեռքում թողնեն, նա կարող է պատառ-պատառ անել։

Մի խոսքով, այնքան արին, որ ոստիկանը Պինոքիոյին նորից ազատեց, իսկ խեղճ Ջեպետտոյին բանտ տարավ։ Նա էլ այդ րոպեին իրեն պաշտպանելու խոսք չգտնելով, լալիս էր հորթի նման ու հեկեկալով քրթմնջում.

— Չարաբաստիկ տղա, ինչքա՜ն չարչարվեցի՝ քեզ մի խելոք բուրատինո դարձնելու համար․․․ բայց տե՛ղն է ինձ։ Սկզբից պետք է այդ մասին մտածեի․․․

Այն, ինչ տեղի ունեցավ հետագայում, մի անհավատալի պատմություն է, որի մասին կպատմեմ մյուս գլուխներում։


Հաջորդ գլուխները տես Այստեղ

Կառլո Կոլլոդի | III. Ջեպետտոն տուն վերադառնալուն պես սկսում է բուրատինո պատրաստել և անունը դնում է Պինոքիո։ Բուրատինոյի սկզբնական չարաճճիությունները Կառլո Կոլլոդի | III. Ջեպետտոն տուն վերադառնալուն պես սկսում է բուրատինո պատրաստել և անունը դնում է Պինոքիո։ Բուրատինոյի սկզբնական չարաճճիությունները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 12, 2022 Rating: 5
Технологии Blogger.