Վոլֆգանգ Բորխերտ |
– Լավ էլ առաջ ցցված մարմնամասեր ունի: Կարելի է անգամ սուրճ խմել,- ասաց Թիմը:
– Բայց եթե այսքան շատ մնա արեւի տակ, կաթը կթթվի,-քմծիծաղ տվեց մյուսը:
Ապա մի ուրիշ աղջիկ էլ անցավ:
– Քարե դար,- բնորոշեց Թիմի կողքինը:
– Լրիվ սարդոստայն,- վրա բերեց Թիմը:
Հետո անցան տղամարդիկ: Այդ ընթացքում մեկնաբանություններ չեղան: Փականագործի աշակերտներ, գունատ մաշկով գրասենյակային ծառայողներ, ութամյա դպրոցի ուսուցիչներ՝ հանճարեղ դեմքով ու մաշված տաբատներով, հաստափոր տղամարդիկ, ասթմայով հիվանդներ ու ենթասպայի քայլվածքով տրամվայի վարորդներ:
Ապա եկավ նա: Նա ուրիշ էր բոլորովին: Այնպիսի զգացողություն կար՝ կարծես այդ աղջիկը պիտի դեղձի բույր արձակեր: Կամ էլ՝ մաքուր մաշկի: Նա թերեւս յուրահատուկ անուն ուներ՝ Էվելինա կամ նման մի բան: Նա անցավ կողքով: Երկուսով նայեցին հետեւից:
– Նա, հավանաբար, վարդագույն շապիկով է,- ասաց Թիմը:
– Ինչո՞ւ,- հարցրեց մյուսը:
– Այդպես է, որ կա,- հնչեց Թիմի պատասխանը,- նրա նմանները հիմնականում վարդագույն շապիկ են հագնում:
– Դատարկ բան է,- ասաց մյուսը,- հնարավոր է՝ երկնագույն շապիկ է հագել:
– Հնարավոր չէ, չի կարող պատահել: Նրա նմանները միշտ վարդագույնով են: Ես հստակ գիտեմ, ընկե՛րս,- Թիմը անգամ բարձրացրեց ձայնը:
Ապա կողքինը հարցրեց.
– Ինչ է՝ դու ճանաչո՞ւմ ես այդպիսի մեկին:
Թիմը ոչինչ չասաց: Նրանք դեռ նստած էին կամրջի բազրիքին եւ բարակ տաբատների միջով զգում էին սառնությունը:
Ապա Թիմը խախտեց լռությունը.
– Չէ՛, ես չէ: Բայց ճանաչում էի մեկին, ով սիրած աղջիկ ուներ՝ վարդագույն շապիկով: Զինվորական ծառայության ժամանակ: Ռուսաստանում: Դրամապանակում նա մի վարդագույն կտոր էր պահում: Ոչ ոքի ցույց չէր տալիս: Բայց մի անգամ այն ընկավ գետնին: Ու բոլորը տեսան: Սակայն նա բառ անգամ չարտաբերեց: Միայն գույնը գցեց, դարձավ վարդագույն, ճիշտ՝ ինչպես կտորը: Վարդագույն: Երեկոյան նա ինձ պատմեց, որ հարսնացուն է տվել: Որպես թալիսման՝ հասկանո՞ւմ ես: Եվ ասաց, որ նա միայն վարդագույն շապիկ է հագնում: Եվ այդ կտորը:
Թիմը լռեց:
– Իսկ հետո՞,- հարցրեց մյուսը:
Թիմը շշնջաց.
– Ես կտորը խլեցի նրանից: Եվ բարձրացրի ձեռքս՝ բոլորին ցույց տալով այն: Ու մենք բոլորս ծիծաղեցինք: Կես ժամից ավելի հռհռում էինք: Դու երեւի գլխի ես ընկնում՝ ինչ բնույթի կատակներ կարող էինք անել:
– Ե՞վ:
Թիմը գլուխը խոնարհեց:
– Նա դեն նետեց կտորը,- ասաց Թիմը՝ հայացքը բարձրացնելով,- հա՛, նետեց ու ինքնասպան եղավ: Հենց հաջորդ օրը ինքնասպան եղավ:
Երկուսն էլ լռեցին: Դեռ նստած էին այնտեղ, ու բառ անգամ չէր լսվում: Քիչ անց հնչեց մյուսի ձայնը.
– Դատարկ բան է,- մի անգամ էլ կրկնեց,- դատարկ բան է:
– Հա՛, գիտեմ,- ասաց Թիմը,- դատարկ բան է, իհարկե: Պարզ է ամեն ինչ: Դա էլ գիտեմ,- Ապա շարունակեց։- Բայց զավեշտալի է, գիտե՞ս, զավեշտալի է, չէ՞:
Եվ Թիմը ծիծաղեց: Երկուսն էլ ծիծաղեցին: Թիմը բռունցքը սեղմեց տաբատի գրպանում: Նա ինչ-որ բան էր ճմլում ափի մեջ: Վարդագույն մետաքսի մի փոքրիկ կտոր: Թեպետ հազիվ կարելի էր վարդագույն անվանել այն, որովհետեւ կտորը վաղուց էր գրպանում: Բայց, ամեն դեպքում, վարդագույն էր: Ռուսաստանից էր բերել:
Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ
Աղբյուրը՝ mitq.am
Տես նաև Վոլֆգանգ Բորխերտ Պատմվածքներ