Լևոն Խեչոյան | Պաղ քամի

Լևոն Խեչոյան
Գյուղի ամենագեղեցիկ աղջիկն ամուսնացավ: Հորեղբորս տղան մեր գյուղի անտառում գառ մորթեց, Ախալքալաքի զինկոմի սարիատից ու կայազորից պաշտոնավոր մարդկանց հրավիրեց, կերան, խմեցին: Սպայի կոչում ստացավ, կամավոր գնաց Աֆղանստան` կռվելու: Այդ օրերին պրոպագանդայի բոլոր միջոցները զօր ու գիշեր խոսում էին այնտեղ ինտերնացիոնալ պարտքը կատարող մեր զորքերի մասին: Հորեղբորս, հաստ նոսր բեղերով կինը գնացել էր գյուղխորհուրդ, որպես պատերազմի մասնակցի ընտանիք, լրացուցիչ` քսանհինգ հար հողաբաժին էր պահանջել: Գյուղխորհրդի նախագահը նրան մերժել էր: Ու երբ բացատրել էր, որ նրան ոչ թե զորակոչել են, այլ նա ինքն է կամավոր, իր կամքով գնացել, մեր ընտանիքին նոր ահ հասավ, նոր սուգ սկսվեց, նոր հորեղբորս կինը ամբողջ գյուղով ողբը գցեց: Նոր հասկացանք, որ նա այլեւս հետ չի գա: Երկու տարվա ծառայության ընթացքում նամակներ էր գրում: Ուղտերի մեջքին նստած, ուռած փորերով մանչուկներին գրկած, անապատներում` չալմայված դեմքերով մուսուլմանների հետ, սեւ ակնոցներն աչքերին` տարբեր զենքերով զինված, նեգատիվներ էր ուղարկում, գյուղում լուսատպում էինք ու հիանում նրանով: Մի օր էլ արձակուրդ եկավ: Մոսկվայից` կտրոնների հատուկ խանութից «Շարպ» մակնիշի մագնիտոֆոն էր առել եւ տատիս համար նիկելապատ, կուրացուցիչ շողշողացող մի խոշոր գիշերանոթ էր բերել: Տատիս ասավ․ «Աբա, էլ զուգարան չես գնա, արտասահմանյան է»: Տատս զարմացած ասավ․ «Քա, ի՞նչ կըսես, մանչ, ամոթ է, ի՞նչ է, արտասահմաններում ժողովուրդը տների մե՞ջ է անում»: Երբ մերոնք գնում էին դաշտային աշխատանքների` տնից մինչեւ բանջարանոցի ծայրամասում գտնվող զուգարանը մի երկար պարան էին կապում, տատս պարանը բռնած, զուգարան էր գնում֊գալիս, ու նրա կուրությունը ոչ մեկին նեղություն չէր տալիս: Երբեմն պատահում էր` պարանը մեջտեղից այծերն էին կրծելով կտրում կամ մենք էինք արձակում զուգարանից ու մեկ ուրիշ բանից կապում: Մոլորված կանգնում֊մնում էր ճանապարհի մեջտեղը ու շփոթելով մեր բոլորի անուններն իր հանգուցյալ ծնողների անվան հետ` օգնություն էր կանչում: Նրանից կինո գնալու համար փող էինք պահանջում ու նոր տեղ հասցնում: Տանեցիները դաշտ էին գնացել` խոտ հավաքելու: Երվանդը, թախտին պառկած, առաստաղին էր նայում ու մագնիտոֆոն լսելով անցկացնում արձակուրդի առաջին օրերը: Տատս ծալապատիկ նստած տերողորմյան էր քաշում: Մենք դռանը խաղում էինք, փոստատար Գաբոն եկավ, մենք նրա հետեւից մտանք օդան: Երվանդին նամակ տվեց: Տատիս ասավ․ «Մամ, մի պապիլոզ տուր, իմը վերջացել է»: Տատս մի հատ էլ ինքը վառեց, նրանք զրուցում էին: Տատս հարցրեց․ «Գաբո ջան, էդ ի՞նչ նամակ էր»: Գաբոն ասավ․ «Չգիտեմ, էնտեղից էր, Աֆղանստանից»: Հետո Երվանդին մոտեցավ․ «Երվանդ ջան, մեզ ներող եղեք, քանի՞ մեդալ ունես»: Երվանդը նամակը ձեռքին նստել, լռում էր: Գաբոն ասավ․ «Երվանդ ջան, մենք օբսալյուտնո…»: Նա ասավ․ «Որ ելա տեղիցս, եկած ճամփադ չես գտնի»: Գաբոն ասավ․ «Մենք ներողություն»,— ու տատիս հարցրեց․ «Մամ, դու չգիտե՞ս, մեր տղան քանի՞ մեդալ կունենա: Ասում են` վերին գեղերից էնտեղից մի ոտքով եկած մեկն էլ կա, յոթ֊ութ հատ ունի, չիդեմ, ընչի սիրտս վկայում է, որ մեր Երվանդը ավելի շատ կունենա»: Տատս ասավ․ «Չգիտեմ, Գաբո ջան, տեսա՞ր խոսելու ձեւը: Էս մեր ծռվածը մեզ էդպես բան ասող, ուրախացնողը չէ»: Տատիս խնդրեց, որ թող մի բան անի, իմանա ու ինքը գնաց: Երվանդը նամակը ձեռքին դեռ նստած էր, հետո մագնիտոֆոնը անջատեց, տատս դեռ ծխում էր, արոտից հետ պահած հիվանդ այծը թափառում էր օդայի մեջ, նա դարձյալ նամակը ձեռքին նստել, մնացել էր: Տատս հարցրեց․ «Մանչ, մեջքիս սառը, պաղ քամի է փչում, դուռը խոմ բաց չի՞ մնացել: Խաղ աստղը ինչի՞ լռեց, էդ ի՞նչ նամակ էր, չլինի՞ քեզ հետ են կանչում»: Ասավ` չէ: Հինգ օր անց փոստատար Գաբոն դարձյալ նամակ բերեց: Հետո` էլի: Տատս ասավ․ «Ինչ֊որ տեղից մեջքիս սառը քամի է փչում»: Ու այդ օրը հաստատապես հայտարարեց, որ մեր տան մեջ մեզանից բացի էլի մեկը կա: Ասինք․ «Սխալվում ես, արոտից հետ պահած այծն է տան շվաքներում թափառում»: Ասավ․ «Այծը չի թափառում, այծը խրտնած է ինչ֊որ բանից»: Ասավ․ «Գոմում մալը ամբողջ գիշեր չորոճաց»: Մնաց հորեղբայրս ասաց․ «Մալ է, էլի, վաղը գիշեր կորոճա»: Տատս ասավ․ «Մանչը հետս որ խոսում է, ոնց որ անցյալի միջից խոսա, մի բանըմ կա»: Նրան ասին․ «Տեսողությունդ կորցրել ես, մտքով քեզնեն դուրս բաներ ես տեսնում»: «Աստված տա այդպես լինի, բայց տան մեջ թափառողը կին է, փեշերի շրշյունն եմ առնում»: Ասինք․ «Կնի՞կ, կարո՞ղ է ջրահարս է մտել տունը…»,— ծիծաղեցինք: Ասինք․ «Ծերացել ես, աբա»: «Կատուն խելռած` հինգ օր է տուն չի գալիս, ծիծաղում եք, թե ծերացել եմ: Արդեն տասներորդ գիշերն է գյուղի բոլորը բուն չի կանչում»: Մնաց հորեղբայրս ասավ․ «Տարիքին նայե, խոսացածին նայե, ի՞նչ անենք, որ բուն չի կանչում, սուգ մտնե՞նք: Աբա, ախր հասկացիր, քոռ բու է, կպել է քարին, ծառին սատկել է, չկա»: Տատս ասավ․ «Ուր է, թե ձեր ասածը լինի, ախր օդում չղջիկն էլ չի պտտվում…»: Մի օր Երվանդը ձուկ բռնելու էր գնացել, էլի նամակ եկավ: Տատս ասավ․ «Մանչը դադարը կորցրել է, մի բացեք, տեսնենք էդ ի՞նչ նամակներ են»: Բացեցինք` փոքրիկ սպիտակ թուղթ էր: Տատս զարմացավ․ «Գիր չկա՞, առանց գրի ի՞նչ նամակ»: Ասավ․ «Մեկը նստեց անկյունում, էդ ո՞վ էր»: Ասինք․ «Մարդ չկա, բարձն էր ծալքից ընկավ»: Ասավ․ «Ինչ֊որ տեղից սառը, պաղ քամի է փչում»: Ասինք․ «Դուռը գոց է»: Թոշակառու Մարկոսը Ախալքալաքի շրջանային թերթի երբեմնի խմբագիրն էր: Մորս հետ գնացինք նրա մոտ: Ասինք․ «Մեր աբան ասում է, չգիտենք ու չենք հասկանում, էս ի՞նչ բան է, տղան ամեն հինգ օրը մեկ էս նամակներից է ստանում»: Խմբագիր Մարկոսը թղթին նայեց, հետո` մեզ․ «Էդ երկիրը մտնելուց առաջ, մի հատ թող ուսումնասիրեիք էդ ժողովրդի պատմությունը, տեսնեիք` երբեւէ դրանք հնազանդվե՞լ են որեւէ մեկին, հետո թող նոր ավիրեիք»: Նա մեզ հետ այնպես էր խոսում, կարծես ես ու մայրս էինք մտել այդ անհնազադ երկիրը ավիրելու: Մինչ նրա կինը` Շուշանը, ակնոցները կբերեր, ականջներս պինդ ձգեց անցյալ օրը իրենց հանդից գազար գողանալու համար: Հետո երկար թղթին նայեց․ «Ինչքան իմ գիտելիքները հուշում են, այսպես ասած` սա նամակ է, կսկծից տառապող մոր նամակ: Մուսուլմանների մոտ նամակագրության այս ձեւը հետապնդելու միջոց է: Այս սպիտակ թուղթը նշանակում է, թե մայրը իր ուրվական֊ինքնանմանակին ուղարկում է մեր մոտ` Երվանդին հանգիստ չտալու»: Տատիս պատմեցինք: Ասավ․ «Ինչ֊որ տեղից մեջքիս սառը, պաղ քամի է փչում»: Երեսին խաչ հանեց․ «Իսոս Քրիստոս, էս ի՞նչ մեծ մեղք է գործվել…»: Հորեղբորս ասավ․ «Առավոտյան մի որձ գառ հետ առեք հոտից»: Նա Սուրբ Հովհաննեսի պատվանդանին ուրվական մորից թողություն խնդրեց: Գառը մատղեցինք, բաժանեցինք գյուղին: Գյուղը չէր հանգստանում: Նա խիր գնացած կովերը հորթ էին գցում, իսկ ցուլը նախիրի մեջ չէր մտնում, ինչ֊որ բանից սարսափած` բառաչելով գյուղ էր փախչում: Հետո Քոռ կամրջի մոտ գայլերը Երանոսի երկու ոչխարներին էլ կերել էին: Սատանա Մուկուչը դաշտից տուն գալիս, հին գերեզմանոցից իրեն կանչող օտար կնոջ ձայն էր լսել: Գյուղացիներն ուրվականի իրենց հետապնդելը կապում էին Երվանդի արձակուրդ գալու հետ ու դժգոհում էին:


Տես նաև Լևոն Խեչոյան Պատմվածքներ

Լևոն Խեչոյան | Պաղ քամի Լևոն Խեչոյան | Պաղ քամի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 09, 2022 Rating: 5
Технологии Blogger.