Շիլլեր | Ավազակներ | համառոտ


 
Գործողությունները ծավալվում են հեղինակի ժամանակվա Գերմանիայում: Սյուժեի տևողությունը՝ երկու տարի: Դրաման բացում է Հիպոկրատից արված մեջբերումը. «Այն, ինչ չեն բուժում դեղերը, բուժում է երկաթը, այն ինչ չի բուժում երկաթը, բուժում է հուրը»:
Ֆոն Մոոր բարոնների դղյակում ապրում են՝ հայրը, նրա որդին Ֆրանցը և կոմսի սանը՝ ավագ որդու հարսնացու Ամալիա ֆոն Էդելռայխը: Նամակ է գալիս Լայպցիգից, որում հաղորդվում է, որ տեղի համալսարանում սովորող ավագ որդին՝ Կարլ Մոորը վարում է անառակ կյանք: Տխրած ծերուկ Մոորը թույլ է տալիս կրտսեր եղբորը՝ Ֆրանցին  պատասխան նամակ գրել, որ հայրը զրկում է Կարլին ժառանգությունից և ծնողական օրհնությունից: Այդ ժամանակ Սաքսոնիայում Կարլը պատասխան է սպասում իր նամակին, որի մեջ զղջում է իր վարած կյանքի համար և խնդրում է հորը ներել իրեն: Սպասելով պատասխանի՝ ժամանակ է սպանում իր ընկերոջ՝ Շպիգելբերգի հետ: Այս վերջինը խոսում է այն մասին, որ սովորելու փոխարեն ավելի լավ է զբաղվել ավազակությամբ: Գալիս է հորից սպասված նամակը: Կարդալով այն Կարլը վհատվում է: Իսկ Շպիգելբերգը շարունակում է ճառել այն մասին, թե որքան խելամիտ է ավազակություն անել Բոհեմիայի անտառներում, իսկ կողոպտված դրամը դնել շրջանառության մեջ: Ուսանողները, որոնք լսում են այս խոսքերը, հավանում են գաղափարը: Բայց նրանց անհրաժեշտ է առաջնորդ: Միաձայն ընտրում են Կարլ Մոորին: Հույս ունենալով, որ նոր կյանքը մոռանալ կտա հայրենի տունը, հորը և հարսնացուին, Կարլը հավատարմության երդում է տալիս ընկերներին, իսկ նրանք երդվում են հավատարիմ լինել իրեն:
Հիմա, երբ Ֆրանցին հաջողվեց հոր սրտից հանել սիրելի Կարլին, նա փորձում է սևացնել եղբորը նաև հարսնացուի՝ Ամալիայի աչքերում: Նա ասում է, որ ադամանդե մատանին, որն աղջիկը նվիրել էր Կարլին նրա հեռանալուց առաջ, վերջինս նվիրել է անառակ մի կնոջ: Առհասարակ պատկերում է Կարլին որպես բարոյապես անկյալ մարդու, որի բերանից գարշահոտ է փչում: Սիրող սիրտը դյուրին չէ խաբել:  Ամալիան վռնդում է Ֆրանցին: Սակայն Ֆրանցի գլխում արդեն նոր ծրագիր կա: Տեղի ազնվականներից մեկի որդուն՝ ոմն Հերմանի համոզում է Մոորերի դղյակ գալ և վկայել Կարլի մահը. իբրև թե վերջինս զոհվել է Պրահայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Ծերուկ Մոորի սիրտը հազիվ թե դիմանա այս նորությանը, իսկ Հերմանին Ֆրանցը խոստանում է վերադարձնել իր հարսնացուին՝ Ամալիային, որին կորցրել է Կարլի պատճառով:  Հերմանն այդպես էլ անում է: Գալով դղյակ ծեր Մոորին և Ամալիային հաղորդում է Կարլի մահվան մասին: Ծերուկը պատահածի մեջ մեղադրում է ինքն իրեն, սակայն տեսնելով Ֆրանցի ուրախությունը, հասկանում է, թե ով է իրականում Կարլի մասին լուրերի պատճառը: Ցավից կորցնում է գիտակցությունը: Ֆրանցը կարծում է, թե ծերուկը մահացավ և ուրախանում է վաղուց սպասված մահվան համար: 
Այդ ընթացքում Բոհեմիայի անտառներում Կարլ Մոորը ավազակություն է անում: Ավարի իր բաժինը տալիս է չքավորներին: «Իմ արհեստը վրեժն է»: Կողոպտում է հարուստներին և նրանց հարստությունը բաժանում աղքատներին:
Մոորերի դղյակում իշխում է Ֆրանցը: Նա հասել է իր նպատակին, սակայն բավարարված չէ: Ամալիան առաջվա պես հրաժարվում է դառնալ նրա կինը: Հերմանը հասկանալով, որ Ֆրանցը խաբել է իրեն, ողջ ճշմարտությունը հայտնում է Ամալիային. ինչպես ծերուկ Մոորը, այնպես էլ Կարլը ողջ են:
Այդ ժամանակ Բոհեմիայի անտառներում Կարլին և իր ընկերներին շրջապատում է դրագունների գունդը: Ավազակներին հաջողվում է ճեղքել օղակը ՝ տալով ընդամենը մեկ զոհ դրագունների երեք հարյուրի դիմաց: Մոորի ջոկատի անդամ է ուզում դառնալ մի չեխ ազնվական, որը կորցրել է իր ունեցվածքը և սիրելիին, ում անունն է Ամալիա:  Երիտասարդի պատմությունը հիշողություններ է արթնացնում Կարլի սրտում: Նա իր ընկերներին առաջնորդում է Ֆրանկոնիա՝ ասելով. «Ես պիտի տեսնեմ նրան»:
Կոմս ֆոն Բրանդի անվան տակ Կարլը այցելում է Մոորերի դղյակը: Հանդիպում է սիրելի Ամալիային և հայտնաբերում է, որ սա հավատարիմ է Կարլի հիշատակին: Տոհմական դիմանկարների սրահում կանգ է առնում հոր դիմանկարի առաջ և ակամա սրբում արտասուքը: Ոչ ոք չի ճանաչում նրան, բացի Ֆրանցից, որը ծեր ծառա Դանիելին համոզում է գիշերով սպանել եղբորը: Սակայն ձեռքի սպիից ծառան ճանաչում է Կարլ Մոորին և ամեն բան պատմում է նրան: Կարլը որոշում է փախչել, բայց մինչ այդ ուզում է տեսնել Ամալիային:  Աղջիկը կոմսի նկատմամբ զգում է այն, ինչ-որ զգում էր մահացած Կարլ ֆոն Մոորի հանդեպ: Անճանաչ հյուրը հեռանում է:
Կարլը վերադառնում է իր ավազակների մոտ: Առավոտյան մտադիր է հեռանալ նրանց հետ այս վայրերից, իսկ հիմա գիշերով որոշում է միայնակ զբոսնել անտառում: Գտնում է մեկուսի աշտարակ, որից ձայն է լսում: Հերմանն է, որը եկել է աշտարակում պահվող բանտարկյալին կերակրելու: Կարլը կոտրում է կողպեքը, մտնում է աշտարակ և ազատում է նվաղած ծերուկին: Իր հայրն է, որն այն ժամանակ Հերմանի բերած լուրից չի մեռել: Ֆրանցը բոլորից թաքուն պահում է նրան այստեղ: Կարլը իր ավազակներին հրամայում է թափանցել Մոորերի դղյակ, գողանալ Ֆրանցին և բերել իր մոտ:
Գիշեր է: Ծեր Դանիելը հրաժեշտ է տալիս ամրոցին, որտեղ ապրել է ողջ կյանքը: Ներս է մտնում Ֆրանց Մոորը՝ մոմը ձեռքին, գիշերային խալաթով: Երազ է տեսել, որ իր մեղքերի համար գեհենի զոհ է դառնում: Աղաչում է Դանիելին քահանա կանչել: Ողջ կյանքը եղել է աստվածուրաց, և հիմա էլ կրոնական բանավեճի է բռնվում եկած քահանայի հետ: Լսելով քահանայից, որ ամենածանր հանցանքը եղբայրասպանությունն ու հայրասպանությունն է, հասկանում է, որ իր հոգուն փրկություն չկա:
Ամրոցը գրոհում են Կարլի ուղարկած ավազակները: Չի հաջողվում բռնել Ֆրանցին: Նա ինքն է կախում իրեն գլխարկի քուղից:
Վերադառնում են Կարլի մոտ անտառ: Հայրը դեռ չի ճանաչել որդուն: Ավազակների հետ եկել է նաև Ամալիան, որ նետվում է Կարլի գիրկը և նրան կոչում է փեսացու: Ծերուկը ի դեմս մարդասպանների, գողերի և ավազակների առաջնորդի սարսափահար ճանաչում է որդուն: Ամալիան պատրաստ է մոռանալ ամեն բան՝ հանուն սիրեցյալի հետ լինելու: Բայց նրանց միությանը խանգարում է Կարլի երդումը՝ հավատարիմ լինել իր ավազակներին: Տեսնելով, որ ելք չկա, Ամալիան խնդրում է Կարլին սպանել իրեն: Կարլը դաշնահարում է աղջկան:
Ավազակ Մոորը հասկանում է, որ պարպել է իր կյանքի գավաթը: Չարագործություններով աշխարհն անկարելի է ավելի լավը դարձնել: Գնում է բազմանդամ ընտանիք ունեցող չքավորի մոտ, որպեսզի սա հանձնի իրեն իշխանություններին և դրա դիմաց ստանա Կարլի գլխի դիմաց խոստացված հազար լուիդորը: 

Տես նաև Խարդավանք և սեր և Բալլադներ  
Շիլլեր | Ավազակներ | համառոտ Շիլլեր | Ավազակներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 23, 2015 Rating: 5
Технологии Blogger.