Վոլտեր | Կանդիդ կամ օպտիմիզմ | համառոտ


Կանդիդը՝ մաքուր և ազնիվ մի երիտասարդ, դաստիարակվում է  աղքատացած մի բարոնի ամրոցում վերջինիս դստեր և որդու հետ միասին: Նրանց ընտանեկան ուսուցիչը՝ դոկտոր Պանգլոսը, մետաֆիզիկոս-փիլիսոփա, սովորեցնում է իր սաներին, որ նրանք ապրում են լավագույն աշխարհում, որտեղ ամեն բան ունի պատճառ և հետևանք, իսկ իրադարձությունները ձգտում են երջանիկ ավարտի:
Կանդիդի դժբախտությունները և անհավատալի ճամփորդությունները սկսվում են, երբ նրան վռնդում են տանից բարոնի դստերը՝ Կունեգունդին սիրահետելու համար:
Սովից չմեռնելու համար Կանդիդը զինվորագրվում է բուլղարական բանակ, որտեղ նրան մահու աստիճան մտրակում են: Հրաշքով փրկվելով ծանր մարտում՝ նա փախչում է Հոլանդիա: Այստեղ գտնում է իր ուսուցչին, որը մահացու հիվանդ է սիֆիլիսով: Նա պատմում է, որ բարոնի ընտանիքին ոչնչացրել են բուլղարները: Կանդիդն առաջին անգամ փորձում է կասկածի տակ առնել իր ուսուցչի տեսությունը աշխարհներից լավագույնի մասին: Նավով մեկնում են Պորտուգալիա և նոր ափ իջած, ականատես են լինում սարսափելի երկրաշարժի: Ընկնում են ինկվիզիցիայի ձեռքը ազատ կամքի անհրաժեշտության մասին քարոզի համար: Փիլիսոփային որոշում են խարույկ բարձրացնել, իսկ Կանդիդին ճիպոտահարում են և թողնում մեռնելու փողոցում: Անծանոթ պառավը ապաքինում է նրան և տանում դղյակ, ուր հերոսին ընդունում է իր սիրելի Կունեգունդը: Պարզվում է, որ նա կենդանի է մնացել և բուլղարները վաճառել էին նրան հարուստ պորտուգալացի հրեայի, որը ստիպված էր կիսել նրան Մեծ Ինկվիզիտորի հետ: Հայտնվում է հրեան: Կանդիդը սպանում է նախ հրեային, ապա Մեծ Ինկվիզիտորին: Որոշում են փախչել, բայց ճանապարհին մի քահանա գողանում է Կունեգունդի թանկարժեք զարդերը: Դժվարությամբ հասնում են նավահանգիստ և այնտեղ նավ են նստում, որը մեկնում է Բուենոս-Այրես: Այնտեղ փնտրում են նահանգապետին, որպեսզի սա ամուսնացնի իրենց, սակայն նահանգապետը որոշում է, որ նման գեղեցկուհին պիտի պատկանի իրեն, և անում է աղջկան առաջարկություն, որ վերջինս դեմ չէ ընդունել: Այդ պահին նրանց հետ եկած պառավը տեսնում է պատուհանից, որ նավահանգիստ եկած նավից իջնում է իրենց կողոպտած քահանան և փորձում է վաճառել զարդերը մի ոսկերչի: Ոսկերիչը ճանաչում է զարդերը և հիշում, որ դրանք պատկանել են Մեծ Ինկվիզիտորին: Կախաղան հանվելուց առաջ գողը խոստովանում է իր հանցանքը և մանրամասն նկարագրում է մեր հերոսներին: Կանդիդի ծառա Կակամբոն համոզում է նրան իսկույն փախչել՝ կարծելով, որ կանայք իրենք էլ մի կերպ կփրկվեն: Հեռանում են Պարագվայի ճիզվիտների տարածք: Ի դեմս այսպես կոչված հայր-գնդապետի Կանդիդը ճանաչում է բարոնին՝ Կունեգունդի եղբորը: Նա էլ հրաշքով փրկվել է ամրոցում տեղի ունեցած սպանդի ժամանակ և բախտի քմահաճույքով հայտնվել է ճիզվիտների մոտ: Իմանալով, որ Կանդիդն ուզում է ամուսնանալ իր քրոջ հետ, բարոնը որոշում է սպանել սրիկային, բայց ինքն է վիրավոր ընկնում:  Կանդիդը և Կակամբոն փախչում են և գերի են ընկնում վայրենի օրեյլոններին: Քանի որ սրանք թշնամի են ճիզվիտներին, իսկ Կանդիդը վիրավորել է նրանց թշնամուն, այս անգամ էլ խուսափում է մահվանից:
Այցելում են Էլդորադո երկիրը, որտեղ ոսկին ավազի գնի է: Այստեղի բնակիչները պահել են իրենց նախնական բարոյական մաքրությունը: Հանցանքներ երկրում չկան: Երկրի թագավորը համոզում է Կանդիդին մնալ իր երկրում: Սակայն հերոսը ցանկանում էր որպես հարուստ մարդ վերադառնալ հայրենի երկիր և բացի այդ գտնել Կունեգունդին: Թագավորը նվիրում է ընկերներին հարյուր ոչխար՝ բարձված ոսկով ու թանկարժեք քարերով: Սակայն Սուրինամի ճանապարհին կենդանի են մնում ոչխարներից միայն երկուսը: Սուրինամում իմանում են, որ Բուենոս-Այրեսում իրենց դեռ փնտրում են, իսկ Կունեգունդը նահանգապետի հարճն է: Գեղեցկուհուն ետ գնելու գնում է Կակամբոն, իսկ Կանդիդը պիտի մեկնի Վենետիկ և այնտեղ սպասի նրանց: Ամբողջ հարստությունը գողանում է խաբեբա վաճառականը, իսկ դատավորը պատժում է նրանց տուգանքով: Կանդիդը հեռանում է Ֆրանսիա իր հետ վերցնելով ոմն Մարտինի՝ դժբախտ մի չքավորի, որը հավատացնում է, որ մարդու բնության մեջ է խաբելը, սպանելը, դավաճանելը…
Փարիզում նոր բարքերը ստիպում են Կանդիդին ավելի շատ հեռանալ օպտիմիզմի փիլիսոփայությունից: Կանդիդին շրջապատում են խաբեբաներ ու թալանիչներ: Հեռանում են Անգլիա, որտեղ ականատես են լինում մի ծովակալի անիմաստ մահապատժին: Տեղափոխվում են Վենետիկ: Վենետիկ է գալիս Կակամբոն, որը պատմում է, որ Կունեգունդին առևանգել են ծովահենները, որոնք վաճառել են նրան Կոնստանդնուպոլսում: Ի դեպ Կունեգունդը կորցրել է իր ողջ գեղեցկությունը: Կոնստանդնուպոլիս շարժվող նավի վրա գտնում է Պանգլոսին և ողջ մնացած բարոնին: Փրկագին է տալիս սրանց, այնուհետև Կունեգունդի, պառավի համար և գնում է փոքրիկ ագարակ: 
Չնայած որ Կունեգունդը շատ է տգեղացել, Կանդիդն ամուսնանում է նրա հետ: Ընկերների հետ աշխատում են իրենց ագարակում: Պանգլոսը կորցնում է ամեն հավատ իր օպտիմիստական փիլիսոփայության հանդեպ: Կանդիդը հաստատում է նոր հավատամքը. «Անհրաժեշտ է մշակել սեփական այգին»:      

Վոլտեր | Կանդիդ կամ օպտիմիզմ | համառոտ Վոլտեր | Կանդիդ կամ օպտիմիզմ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.