Լոպե դե Վեգա | Պարտիզպանի շունը | համառոտ



Դիանան՝ կոմսուհի դը Բելֆորը, ուշ երեկոյան մտնելով Նեապոլի իր դղյակի սրահը՝ տեսնում է թիկնոցներով ծածկված երկու տղամարդկանց, որոնք իսկույն փախչում են: Գալիս է ծառաներից մեկը՝ Ֆաբիոն, որին Դիանան ուղարկել էր անծանոթների ետևից և ասում է, որ փախչողներից մեկը գլխարկով կոտրել է լապտերը: Դիանան կասկածում է, որ այցելուն իր երկրպագուներից մեկն է: Հավաքում է իր ապարանքի բոլոր կանանց և բծախնդիր քննությունից հետո պարզում է, որ խորհրդավոր այցելուն իր քարտուղար Թեոդորոն է, որը սիրահարված է սենեկապահուհի Մարսելլային: Թեպետ Մարսելլան վախենում է կոմսուհու բարկությունից, սակայն խոստովանում է, որ սիրում է Թեոդորոյին: Իմանալով, որ սրանք պատրաստվում են ամուսնանալ՝ Դիանան որոշում է օգնել նրանց: Սակայն մնալով մենակ՝ նկատում է, որ ինքն էլ անտարբեր չէ Թեոդորոյին հանդեպ և եթե վերջինս լիներ ազնվական, Դիանան ինքը կարող էր երջանիկ լինել նրա հետ:
Թեոդորոն և իր ծառա Տրիստանը քննարկում են գիշերվա իրադարձությունները: Թեոդորոն վախենում է, որ իրեն կվռնդեն, և Տրիստանը խորհուրդ է տալիս նրան մոռանալ Մարսելլային: Ներս է մտնում Դիանան և կարգադրում է նամակ գրել իր ընկերուհիներից մեկին՝ ցույց տալով իր ձեռքով գրված մի քանի տողերի օրինակներ: Տողերի միտքը հետևյալն է. կարելի է բռնկվել կրքով՝ տեսնելով ուրիշի կիրքը և խանդել դեռևս սիրահարված չլինելով: Կոմսուհին պատմում է Թեոդորոյին իր ընկերուհու դեպքը, որի մեջ հեշտությամբ ընթերցվում են իր զգացմունքները Թեոդորոյի հանդեպ: Գալիս է մարկիզ Ռիկարդոն՝ կոմսուհու երկրպագուն, խնդրելու Դիանայի ձեռքը: Դիանան այս անգամ տալիս է անորոշ պատասխան և նշում է, որ չգիտի, թե ում ընտրել՝ մարկիզի՞ն, թե՞ կոմս Ֆեդերիկոյին՝ իր մյուս երկրպագուին: Այդ ընթացքում Թեոդորոն ավարտում է նամակը, որը դուր է գալիս Դիանային: Թեոդորոն նկատում է, որ տիրուհին սիրահարված է իրեն: Քիչ անց հանդիպում է Մարսելլայի հետ, որը հաղորդում է կոմսուհու իրենց ամուսնացնելու որոշման մասին: Թեոդորոյի պատրանքները հօդս են ցնդում: Ներս է մտնում Դիանան և տեսնելով գրկախառնված զույգին՝ հրամայում է Մարսելլային փակվել իր սենյակում և մինչև ամուսնությունը դուրս չգալ՝ մյուս սենեկապահուհիներին վատ օրինակ չծառայելու համար: Թեոդորոյի հետ միայնակ մնալով՝ Դիանան իմանում է, որ երիտասարդը իրականում անտարբեր է Մարսելլայի նկատմամբ և սոսկ կատարում է իր տիրուհու կամքը: Դիանան հստակ հասկացնում է Թեոդորոյին, որ  կուզեր նրա հետ կապել իր կյանքը. խանգարում է Թեոդորոյի ոչ բարձրատոհմիկ ծագումը:
Թեոդորոն երազանքների գրկում է: Արդեն պատկերացնում է իրեն կոմսուհու ամուսին: Սառնասրտորեն է կարդում Մարսելլայի նամակը և անգամ վիճում է իր «բանտախուցը» լքած աղջկա հետ: Մարսելլան ի նշան վրեժի, սիրաբանում է Ֆաբիոյի հետ:
Դիանայի հեռավոր ազգական կոմս Ֆեդերիկոն նույնպես Դիանայի ձեռքը խնդրելու փորձ է անում: Երկու երկրպագուները տաճարում հարցնում են Դիանային, թե ում է տալիս իր գերապատվությունը: Վերջինս խուսափող պատասխան է տալիս: Հետո խորհուրդ է հարցնում Թեոդորոյից, թե ինչպես վարվի: Տեսնելով իր քարտուղարի անորոշությունը և վիրավորվելով դրանից՝ Դիանան հրամայում է նրան հայտարարել, որ ինքն ընտրում է մարկիզ Ռիկարդոյին: Թեոդորոն վազում է Մարսելլայի մոտ՝ հաշտվելու վերջինիս հետ: Սակայն աղջիկը շատ է վիրավորված: Այդուհանդերձ, Տրիստանի օգնությամբ երիտասարդները հաշտվում են: Դիանան գաղտնի հետևում է այդ տեսարանին: Դուրս է գալիս իր թաքստոցից և թելադրում է նոր նամակ, որի իմաստը պարզ է. հիմար ծառան չի կարողացել գնահատել իր տիրուհու զգացմունքը: Թեոդորոն նորից առիթ է ստանում հրաժարվելու Մարսելլայի սիրուց:
Գալիս է մարկիզ Ռիկարդոն, որը երջանիկ է, որ շուտով իր կինը կլինի Դիանան, սակայն կոմսուհին բացատրում է, որ ծառաները սխալ են մեկնաբանել իր ջերմ խոսքերը: Նորից թյուրըմբռնումներով լի Դիանայի և Թեոդորոյի զրույցի տեսարան, որի ընթացքում կոմսուհին մատնանշում է իրենց բաժանող վիհը՝ ազնվատոհմիկությունը: Թեոդորոն բացականչում է, որ սիրում է Մարսելլային, ինչի համար ապտակ է ստանում: Տեսարանի վկա է կոմս Ֆեդերիկոն, որը հասկանում է, որ Դիանայի ցասման տակ թաքնված է բոլորովին այլ զգացմունք: Ռիկարդոյի հետ որոշում են դիմել վարձու մարդասպանի օգնությանը և սպանել Թեոդորոյին: Այնպես է ստացվում, որ ընտրում են Տրիստանին՝ Թեոդորոյի ծառային: Իմանալով այս ամենը՝ Թեոդորոն որոշում է մեկնել Իսպանիա: Կոմսուհին հավանություն է տալիս այդ որոշմանը՝ անիծելով իր բախտը: Ստեղծված իրադրությունից ելքը գտնում է Տրիստանը: Իմանալով, որ Նեապոլի նշանավոր մարդկանցից մեկի՝ կոմս Լուդովիկոյի որդին՝ Թեոդորոն, քսան տարի առաջ կորել է ծովում՝ խորամանկ ծառան որոշում է իր տիրոջը ներկայացնել որպես կոմսի կորած որդի: Հույն վաճառականի շորեր հագած այցելում է ծեր Լուդովիկոյին և երջանկացնում նրան: Ծերուկը շտապում է Դիանայի դղյակ, որտեղ գրկում է իր «որդուն»: Դիանան իսկույն բոլորին հայտարարում է իր սիրո մասին: Թեոդորոն խոստովանում է Դիանային, որ իր տիտղոսով պարտական է Տրիստանի մեքենայություններին, սակայն Դիանան անհողդողդ է իր որոշման մեջ: Լուդովիկոն երջանիկ է. գտել է ոչ միայն որդի, այլև դուստր: Մարսելլան ստանալով հարուստ օժիտ՝ ամուսնանում է Ֆաբիոյի հետ: Տրիստանին Դիանան խոստանում է իր ընկերությունը և հովանավորությունը, եթե սա գաղտնի պահի Թեոդորոյի բարձրացման ճշմարիտ պատճառները, ինչպես նաև խոստանում է, որ այլևս երբեք չի լինի պարտիզպանի շուն:

Տես նաև Լոպե դե Վեգա Ֆուենտե Օվեխունա, Կալդերոն Կյանքը երազ է և Տիրսո դե Մոլինա Սևիլիայի չարաճճին 
Լոպե դե Վեգա | Պարտիզպանի շունը | համառոտ Լոպե դե Վեգա | Պարտիզպանի շունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 03, 2015 Rating: 5
Технологии Blogger.