Նեապոլի թագավորի պալատը: Գիշեր է: Դոն Խուանը դուրս է գալիս դքսուհի Իզաբելայի տանից, որը նրան դրել է իր սիրեցյալի՝ Օկտավիոյի տեղը: Իզաբելան ցանկացել է վառել մոմը, սակայն Դոն Խուանը թույլ չի տվել: Իզաբելան հասկանում է, որ իր հետ եղել է ուրիշը և օգնություն է կանչում: Գալիս է Նեապոլի թագավորը և հրամայում է բռնել Իզաբելային և Դոն Խուանին: Պատվիրում է իսպանական դեսպանին՝ Պեդրո Տենարյոյին, պարզել եղելությունը: Դեսպանը հրամայում է հեռացնել Իզաբելային և մնում է Դոն Խուանի հետ միայնակ: Դոն Խուանը պատմում է, որ խաբեությամբ թափանցել է Իզաբելայի տուն և տիրել է նրան: Դոն Պեդրոն Դոն Խուանի ազգականն է: Ուղարկում է Դոն Խուանին Միլան, իսկ թագավորին հայտնում է, որ Իզաբելայի սենյակ թափանցած տղամարդը թռել է պատշգամբից և փախել, իսկ կինը՝ դոնա Իզաբելան, պատմում է, որ գիշերը նրա մոտ է եկել դուքս Օկտավիոն և տիրել է նրան: Թագավորը հրամայում է բանտ նետել Իզաբելային, իսկ Օկտավիոյին ամուսնացնել նրա հետ: Դոն Պեդրոն և ոստիկանները գալիս են դոն Օկտավիոյի տուն: Թագավորի անունից Դոն Պեդրոն մեղադրում է Օկտավիոյին, որ սա պատվազուրկ է արել Իզաբելային: Օկտավիոն, իմանալով Իզաբելայի անհավատարմության մասին, որոշում է փախչել Իսպանիա:
Երիտասարդ ձկնորսուհի Տիսբեան նստած է ծովի ափին և ձուկ է որսում: Նրա բոլոր ընկերուհիները սիրահարված են, իսկ նա ոչ և ուրախ է դրա համար: Լսվում են օգնություն կանչող ձայներ և շուտով ափ են դուրս գալիս երկու տղամարդ՝ Դոն Խուանը և նրա ծառան՝ Կատալինոնը: Դոն Խուանը փրկել է խեղդվող ծառային, իսկ հիմա ինքն է կորցրել գիտակցությունը: Տիսբեան ուղարկում է Կատալինոնին ձկնորսների ետևից, իսկ ինքը Դոն Խուանի գլուխը դնում է իր ծնկներին: Ուշքի գալով և տեսնելով աղջկա գեղեցկությունը՝ նրան սեր է բացատրվում: Ձկնորսները տանում են Դոն Խուանին Տիսբեայի տուն: Դոն Խուանը հրամայում է Կատալինոնին ձիեր գտնել, որպեսզի առավոտյան փախչեն: Երբ ծառան ասում է, որ աղջկան այդպես հանկարծակի լքելը գեղեցիկ չէ, Դոն Ժուանն ասում է, որ Էնեասը նույնպես լքել է Դիդոնեին: Խոստանում է Տիսբեային, որ կամուսնանա նրա հետ և գիշերն աղջկա հետ անցկացնելուց հետո առավոտյան լքում է նրան: Տիսբեան ողբում է իր կործանված պատիվը:
Կաստիլիայի թագավոր Ալֆոնսոն զրուցում է դոն Գոնսալո դե Ուլոայի հետ, որը վերադարձել է Լիսաբոնից: Գոնսալոն կոչում է Լիսաբոնը աշխարհի ութերորդ հրաշալիք: Թագավորը, որպեսզի պարգևատրի Գոնսալոյին, խոստանում է, որ արժանի փեսացու կգտնի նրա գեղեցիկ դստեր համար: Նա մտադիր է ամուսնացնել նրան Դոն Խուանի հետ:
Դոն Խուանի հայրը՝ դոն Դիեգոն, նամակ է ստանում իր եղբորից Պեդրոյից, որում հաղորդվում է Նեապոլի պատահարի մասին: Կաստիլիայի թագավորն իմանալով այդ պատմությունը հետքրքրվում է, թե որտեղ է հիմա Դոն Խուանը: Իմանում է, որ այդ գիշեր Դոն Խուանը ժամանել է Սևիլիա: Որոշում է ամուսնացնել Դոն Խուանին Իզաբելայի հետ և ազատել դոն Օկտավիոյին մեղադրանքից:
Գալիս է ծառան և զեկուցում է, որ եկել է դոն Օկտավիոն: Թագավորը և դոն Դիեգոն կարծում են, որ Օկտավիոն ամեն բան գիտի և եկել է Դոն Խուանին մենամարտի կանչելու: Դոն Դիեգոն խնդրում է թագավորին կանխել արյունահեղությունը: Թագավորը սիրալիր է ընդունում Օկտավիոյին, խոստանում է, որ նամակով կխնդրի Նեապոլի թագավորին հանել ներկայացված մեղադրանքը և առաջարկում է ամուսնանալ Գոնսալո դե Ուլաոյի դստեր հետ: Դոն Օկտավիոն հյուր է լինում Դոն Դիեգոյի տանը, որտեղ բախվում է Դոն Խուանի հետ՝ չիմանալով, որ սա է իր դեմ հանված մեղադրանքների պատճառը: Դոն Խուանի ընկեր մարկիզ դե լա Մոտան կշտամբում է ընկերոջը, որ սա գրեթե մոռացել է իրեն: Հիշում են, թե ինչպես էին քարշ գալիս աղջիկների ետևից: Զրույցի մեջ մարկիզը պատմում է իր սրտի գաղտնիքը և ասում է, որ սիրահարված է դոնա Աննային՝ իր զարմուհուն: Սակայն թագավորն ուզում է ամուսնացնել աղջկան ուրիշի հետ: Մոտան նամակ է գրել դոնա Աննային և հիմա սպասում է պատասխանի: Բայց նա պիտի հեռանա գործերով և նրա փոխարեն նամակին է սպասում Դոն Խուանը: Երբ մարկիզը հեռանում է, դոնա Աննայի ծառան բերում է նամակը: Նամակում գրված է, որ դոնա Աննան մահից ավելի վախենում է ամուսնությունից չսիրած մարդու հետ: Դոն Խուանը հաղորդում է դե լա Մոտային, որ նրա ընտրյալը կեսգիշերին կսպասի նրան իր սենյակում և խնդրում է, որ հանդիպման գա գունավոր թիկնոցով:
Դոն Դիեգոն կշտամբում է որդուն այն բանի համար, որ սա խայտառակում է իրենց տոհմը և հաղորդում է Սևիլիան լքելու հրամանը:
Դոն Խուանը գիշերը հանդիպում է Մոտայի հետ: Մոտան գնում է դոնա Աննայի հետ ժամադրության և երջանիկ է: Ուզում է, որ ընկերն էլ լավ անցկացնի ժամանակը և ուղարկում է ծանոթ մի գեղեցկուհու՝ Բեատրիսի մոտ: Իսկ որպեսզի Բեատրիսը ընդունի նրան, տալիս է իր գունավոր թիկնոցը: Դոն Խուանը գնում է, բայց ոչ թե Բեատրիսի, այլ դոնա Աննայի մոտ: Սակայն նրան չի հաջողվում իրագործել ծրագրածը, քանի որ աղջիկը ճանաչում է նրան և վռնդում: Լսելով դստեր բարձր բղավոցը՝ դուրս է գալիս դոն Գոնսալոն՝ սուսերը ձեռքին: Որպեսզի կարողանա փախչել, Դոն Խուանը սրախողխող է անում դոն Գոնսալոյին:
Փողոցում դոն Խուանը բախվում է մարկիզ Մոտային, որին վերադարձնում է գունավոր թիկնոցը, քանի որ սա արդեն ուշանում է դոնա Աննայի մոտ: Ճանապարհին նա բղավոցներ է լսում: Ուզում է մոտենալ և տեսնել, թե ինչ է պատահել: Սակայն նրան ձերբակալում են: Դոն Դիեգոն բերում է Մոտային Կաստիլիայի թագավորի մոտ: Սա հրամայում է հաջորդ օրը դատել և մահապատժի ենթարկել սրիկային: Կոմանդոր Գոնսալոյին բոլոր պատիվներով թաղում են:
Դոն Խուանը և Կատալինոնը մասնակցում են գյուղական հարսանիքի: Դոն Խուանը նստում է հարսնացուի՝ Ամինտայի կողքին: Փեսացուին՝ Պատրիսյոյին Դոն Խուանն ասում է, որ Ամինտան իր վաղեմի սիրուհին է և հիմա աղջիկը ցանկություն է հայտնել ամուսնանալուց առաջ վերջին անգամ տեսնել իրեն: Պատրիսյոն հրաժարվում է Ամինտայից: Դոն Խուանը խնդրում է աղջկա ձեռքը հորից և վերջինս համաձայնում է: Դոն Խուանը առանձնանում է Ամինտայի հետ, սակայն աղջիկն ուզում է վռնդել նրան: Խոսքերն այն մասին, որ Պատրիսյոն հրաժարվել է իրենից և որ հիմա ինքն է իր իսկական տերը, շուտով համոզում են նրան և Ամինտան տրվում է Դոն Խուանին:
Իզաբելան Սևիլյայի ճանապարհին Տարագոնայում հանդիպում է Տիսբեային, որը պատմում է իր հետ պատահածը և այն, թե ինչպես է իրեն խաբել ու պատվազուրկ արել Դոն Խուանը: Իզաբելան իր հետ է վերցնում Տիսբեային և որոշում է ամեն բան պատմել Կաստիլիայի թագավորին: Դոն Խուանը զրուցում է Կատալինոնի հետ: Ծառան պատմում է, որ Օկտավիոն գիտի իր դժբախտությունների պատճառը, իսկ մարկիզ դե լա Մոտային արդարացրել են: Հասնում են Կոմանդորի դամբարանին, որտեղ գրված է, որ Աստծո աջը կլուծի վրեժը և կպատժի մարդասպանին: Դոն Խուանը քաշում է Կոմանդորի արձանի մորուքը և հրավիրում իր մոտ ընթրիքի:
Երեկոյան Դոն Խուանի քարե հյուրը գալիս է: Նա խնդրում է դուրս հանել ծառաներին և երբ մենակ է մնում տանտիրոջ հետ, հրավիրում է վերջինիս պատասխան այցով գալ իր մոտ ընթրիքի: Փորձելով հաղթահարել սարսափը՝ Դոն Խուանը համաձայնում է:
Իզաբելան գալիս է Սևիլիա: Դոն Դիեգոն խնդրում է թագավորին ներել Դոն Խուանին, եթե ուզում էր ամուսնացնել նրան Իզաբելայի հետ: Թագավորը խոստանում է դա, և անգամ խոստանում է կոմսի տիտղոս տալ: Թագուհին խնդրում է թագավորին դե լա Մոտայի համար և նրան ազատ են արձակում, որպեսզի ամուսնացնեն դոնա Աննայի հետ: Օկտավիոն ուզում է մենամարտի կանչել Դոն Խուանին, սակայն թագավորն արգելում է նրան:
Դոն Խուանին են փնտրում Ամինտան և իր հայրը: Հանդիպում են Օկտավիոյին, որը խոստանում է աղջկան դղյակ անցկացնել:
Երեկոյան պիտի կայանա Դոն Խուանի և Իզաբելայի հարսանիքը, սակայն Դոն Խուանը որոշում է նախ այցելել Կոմանդորին: Կոմանդորը մտադիր է հյուրասիրել Դոն Խուանին: Ասում է, որ գետնին դրված սալիկների տակ սեղան կա: Բարձրացնում են սալիկը: Երկու ուրվական հյուրասիրում են նրանց: Սեղանին մատուցված են կարիճներ, դոդոշներ և օձեր: Ընթրիքից հետո Կոմանդորը Դոն Խուանին է մեկնում ձեռքը: Ասում է, որ սրիկայի պատժի ժամը հասել է: Դոն Խուանն ասում է, որ պատվազուրկ չի արել դոնա Աննային, որ խոստովանահոր կարիք ունի… Կոմանդորը քարշ է տալիս նրան գետնի տակ:
Պատրիսյոն, Ամինտան, Մոտան և Տիսբեան խնդրում են թագավորին պատժել Դոն Խուանին: Պատմում են իրենց հետ պատահածը: Դոն Դիեգոն նույնպես խնդրում է պատժել իր որդուն: Գալիս է Կատալինոնը և պատմում է Դոն Խուանի մահվան մասին: Թագավորը հրամայում է երեք հարսանիք անել և ամուսնացնել Օկտավիոյին Իզաբելայի հետ, Մոտային Աննայի հետ, իսկ Պատրիսյոյին Ամինտայի հետ:
Տես նաև Լոպե դե Վեգա Պարտիզպանի շունը, Կալդերոն Կյանքը երազ է և Լորկա Արյունոտ հարսանիք
Տիրսո դի Մոլինա | Սևիլիայի չարաճճին կամ քարե հյուրը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 19, 2015 Rating: