Վերյեր քաղաքի քաղաքապետ պարոն դը Ռենալը հայտնում է կնոջը, որ մտադիր է տան ուսուցիչ վարձել: Ուսուցչի կարիք առանձնապես չկա, պարզապես Ռենալին անվերջ ձեռնոց է նետում տեղի հարուստներից մեկը: Այս անգամ նա գնել է նորմանդական ընտիր նժույգներ: Հարկ է արժանի պատասխան տալ: Ռենալը պայմանավորվում է հայրիկ Սորելի հետ, որ նրա կրտսեր որդին կապրի իր մոտ: Հոգևորական Շելանն է խորհուրդ տվել վերցնել այդ տղային, որն արդեն երեք տարի է՝ ուսումնասիրում է աստվածաբանություն և գիտի լատիներեն: Նրա անունն է Ժուլյեն Սորել, և նա տասնութ տարեկան է: Այդ ամենը նա սովորել է նապոլեոնյան բանակի մի բժիշկից, որը նրան է ժառանգել Նապոլեոնի հանդեպ սերը և մի տասնյակ գիրք: Նապոլեոնի ժամանակ հնարավոր էր հասարակության ստորին հատվածից վերև բարձրանալ: Սակայն ժամանակը փոխվել է: Սորելը հասկանում է, որ կարիերա անել և բարձրանալ հնարավոր է միայն հոգևորական դառնալու դեպքում:
Տիկին Ռենալին դուր չի գալիս ամուսնու մտահղացումը: Նա սիրում է իր երեք որդիներին և չի հանդուրժում միտքն այն մասին, որ իր և այդ տղաների միջև կարող է կանգնած լինել մի երրորդ մարդ: Բայց նա տեղի է տալիս՝ տեսնելով գեղեցիկ և համեստ տղային: Սորելը թվում է նրան շատ դժբախտ: Սակայն կարճ ժամանակ անց բոլորը սկսում են հարգանքով վերաբերվել նրան, անգամ պարոն Ռենալը:
Սորելին է սիրահարվում աղախին Էլիզը: Աբբա Շելանին նա հայտնում է, որ ստացել է համեստ ժառանգություն և կուզեր ամուսնանալ Սորելի հետ: Ժուլյենը, սակայն, հրաժարվում է: Նա տածում է Փարիզը նվաճելու երազանքներ. իհարկե թաքցնում է իր մտքերը:
Ամռանը ընտանիքը տեղափոխվում է Վերժի գյուղակը, որտեղ գտնվում է Ռենալների դղյակը: Տիկին Ռենալը շատ ժամանակ է անցկացնում Սորելի հետ: Նա թվում է իրեն ավելի խելացի, ավելի նրբանկատ, ավելի բարի, քան մյուս իրեն շրջապատող տղամարդիկ: Տիկինը աստիճանաբար սիրահարվում է տղային: Ինչ վերաբերում է Սորելին, ապա նա գեղեցիկ ու մյուսներից տարբերվող է համարում տիկին Ռենալին, սակայն նա չի սիրում այդ կնոջը: Ցանկանում է նվաճել նրա սերը ինքնահաստատվելու համար և վրեժ լուծելու ինքնահավան պարոն Ռենալից:
Երբ Սորելն ասում է, որ գիշերը կգա տիկին Ռենալի ննջարան, սա վրդովվում է: Գիշերը մոտենալով տիկնոջ ննջարանին՝ նա ողջ մարմնով դողում է: Սակայն երբ տեսնում է տիկին Ռենալին, նա այնքան գեղեցիկ է թվում իրեն, որ բոլոր ամբարտավան մտքերը չքանում են: Ժուլյենի արցունքներն ու հուսահատությունը գրավում են տիկին Ռենալին: Սիրեկանները երջանիկ են: Բայց մի օր ծանր հիվանդանում է տիկին Ռենալի կրտսեր որդին: Խեղճ կնոջը սկսում է թվալ, որ ինքն է սպանում երեխային իր մեղսավոր սիրով: Սկսում է վանել Սորելին: Բարեբախտաբար երեխան ապաքինվում է:
Պարոն դը Ռենալը ոչինչ չի կասկածում, սակայն ծառաները շատ բան գիտեն: Էլիզան, փողոցում հանդիպելով պարոն դը Վալնոյին, պատմում է, որ իր տիրուհին սիրավեպ ունի Սորելի հետ: Նույն երեկո պարոն Ռենալը անանուն նամակ է ստանում այն մասին, թե ինչ է կատարվում իր տանը: Տիկին դը Ռենալը կարողանում է համոզել ամուսնուն, որ ամենի պատճառը նախանձն ու ասեկոսեներն են: Բայց ողջ քաղաքը խոսում է նրա և տան ուսուցչի սիրավեպի մասին:
Աբբա Շելանը կարգադրում է Սորելին հեռանալ իր ընկերոջ՝ պարոն Ֆուկեի մոտ կամ էլ Բեզանսոնի ճեմարան: Մեկնելուց առաջ Ժուլյենը մի անգամ էլ այցելում է տիկին Ռենալին իր սենյակում: Նրանց թվում է, որ բաժանվում են առհավետ:
Ժուլյենը ժամանում է Բեզանսոն և ներկայանում է ռեկտոր Պիրարին: Քննելով Ժուլյենին և զարմանալով լատիներենի նրա իմացության վրա՝ Պիրարն ընդունում է նրան և անգամ թոշակ է նշանակում: Սորելն ապրում է առանձին սենյակում: Ճեմականներն ատում են նրան, քանի որ թողնում է մտածող մարդու տպավորություն: Սորելն իրեն խոստովանահայր է ընտրում աբբա Պիրարին՝ չկասկածելով անգամ, որ դա ճակատագրական կլինի իր համար: Աբբայի դիրքերը ճեմարանում ամուր չեն: Ճիզվիտներն ամեն բան անում են, որ նա հրաժարական տա: Բարեբախտաբար նա ունի հովանավոր: Դա մարկիզ դը Լա Մոլն է: Սա էլ իմանալով ճնշումների մասին՝ տեղափոխում է աբբային Փարիզ: Սորելի համար սկսվում են դժվար ժամանակներ: Նա իր բոլոր խնայողությունները տալիս է աբբա Պիրարին, քանի որ վերջինս դրամի մեծ կարիք ուներ: Պիրարը չի մոռանա սա:
Մարկիզ դը Լա Մոլը երկար ժամանակ է ինչ գրագիր է փնտրում: Պիրարը խորհուրդ է տալիս վերցնել Սորելին:
Փարիզ մեկնելուց առաջ Սորելը կարողանում է կարճ ժամանակով հանդիպել տիկին Ռենալին: Գիշերով թափանցում է նրա ննջարանը: Սակայն շուտով ստիպված է փախչել, քանի որ պարոն Ռենալն ինչ-որ բան է կասկածում:
Փարիզում ուսումնասիրում է նապոլեոնյան վայրերը: Հետո միայն գնում է Պիրարի մոտ: Արդեն երեկոյան նա սեղան է նստում մարկիզի տանը: Մարկիզի դուստրը՝ Մաթիլդը, ճերմակահեր, բայց սառը աչքերով, անչափ դուր է գալիս նրան:
Նոր քարտուղարը արագ է հարմարվում իր տեղին: Հետևողական է, աշխատասեր, լուռ: Դառնում է իսկական դենդի և տիրապետում է Փարիզում ապրելու արվեստին: Դը Լա Մոլը նրան շքանշան է հանձնում, և Սորելը զգում է իրեն ավելի հանգիստ և ստորացուցիչ չի համարում իր կարգավիճակը: Մադմուազել Մաթիլդի հետ նա պահում է իրեն սառը: Աղջիկը ձանձրանում է իր ազնվական հասակակակիցների և երկրպագուների միջավայրում: Սակայն ամեն տեսակ լեգենդների և գեղեցիկ պատմությունների հանդեպ Մաթիլդի հակումը շարժում է Սորելի հետաքրքրությունը, և նա սկսում է շփվել աղջկա հետ: Նա մտածում է, որ շատ հետաքրքիր կլիներ, եթե Մաթիլդը սիրահարվեր իրեն:
Մաթիլդը վաղուց է հասկացել, որ սիրում է Սորելին: Ձանձրույթն անցնում է: Սորելը, իհարկե, նրան չի սիրում: Ավելի շուտ աղջիկը գրգռում է նրա երևակայությունը: Սակայն, երբ ստանում է Մաթիլդից սիրային նամակ, զգում է իրեն հաղթանակած: Մաթիլդը սպասում է նրան գիշերը իր ննջասենյակում: Սորելը, մտածելով, որ այս ամենը կարող է լինել թակարդ և որ Մաթիլդի սենյակում նրան կարող են սպասել աղջկա ընկերները և ծաղրի առարկա սարքել նրան, զինվում է ատրճանակներով և դաշույնով: Մաթիլդն ընդունում է նրան հեզ ու խոնարհ: Սակայն հաջորդ օրը աղջիկը սարսափ է ապրում այն մտքից, որ դարձել է Ժուլյենի սիրուհին: Շատ ջղաձիգ է և անգամ կոպիտ է խոսում Սորելի հետ: Երկուսն էլ վճռում են, որ իրենց միջև ամեն բան ավարտված է: Ժուլյենը, այդուհանդերձ, զգում է, որ Մաթիլդը չի դուրս գալիս նրա մտքերից և շարունակում է մնալ նրա երևակայության կենտրոնում:
Ժուլյենի ծանոթ ռուս իշխան Կորազովը հուշում է նրան, որ պետք է խանդ արթնացնել աղջկա սրտում՝ ուշադրության նշաններ ցույց տալով մեկ ուրիշ կնոջ: «Ռուսական» ծրագիրը գործում է: Գիշերով Ժուլյենը փորձում է աղջկա սենյակ թափանցել պատուհանից: Տեսնելով նրան՝ Մաթիլդն ընկնում է նրա գիրկը:
Շուտով աղջիկը հղիանում է և հայտնում է Սորելին, որ ուզում է լինել նրա կինը: Մարկիզն իմանալով դա՝ ընկնում է ցասման մեջ: Սակայն Մաթիլդը պնդում է, և հայրը տեղի է տալիս: Սպայի կոչում է ապահովում Սորելի համար, և Ժուլյենը մեկնում է իր գունդը: Նա երջանիկ է և մտածում է զինվորական կարիերայի և ծնվելիք որդու մասին:
Անսպասելիորեն լուր է ստանում Փարիզից: Մաթիլդը խնդրում է նրան անհապաղ վերադառնալ: Սորելին է ցույց տալիս տիկին դը Ռենալի նամակը: Պարզվում է Մաթիլդի հայրը խնդրել է տիկին Ռենալին բնութագրել Սորելին՝ իր նախկին ծառայողին: Նամակում Սորելը բնութագրված է որպես ստոր պատեհապաշտ, որը պատրաստ է ամեն քայլի հանուն կարիերայի: Պարզ է, որ դը Լա Մոլը չի ամուսնացնի դստերն այդպիսի մարդու հետ:
Սորելը ոչինչ չասելով Մաթիլդին մեկնում է Վերյեր, գնում է ատրճանակ և եկեղեցում, ուր պատարագ է, երկու անգամ կրակում է տիկին Ռենալի վրա:
Արդեն բանտում նա իմանում է, որ տիկին Ռենալը ողջ է: Տղան երջանիկ է և հիմա, երբ գիտի դա, կարող է հանգիստ մեռնել: Վերյեր է գալիս Մաթիլդը: Ոչ դրամ, ոչ ծանոթություններ չի խնայում դատավճիռը մեղմելու համար:
Դատի օրը ողջ գավառի բնակչությունը գալիս է Բեզանսոն: Ժուլյենը նկատում է, որ շարժում է բոլոր այդ մարդկանց խղճահարությունը: Ուզում է հրաժարվել վերջին խոսքի իրավուքից, բայց ինչ-որ բան ստիպում է նրան ոտքի բարձրանալ: Նա չի խնդրում ողորմություն, որովհետև հասկանում է, որ ինքը՝ հասարակ տարատոհմիկ, հանդգնել է ընդվզել իր խղճուկ բախտի դեմ:
Սահմանվում է մահապատիժ: Բանտում Սորելին այցելում է տիկին Ռենալը: Պատմում է, որ նամակը հորինել է իր խոստովանահայրը: Ժուլյենը երջանիկ է: Նա հասկանում է, որ միայն այս կնոջը կարող է իսկապես սիրել:
Մահապատժի օրը զգում է իրեն զվարթ: Մաթիլդն իր ձեռքերով է թաղում սիրելիի գլուխը: Սորելի մահից երեք օր անց մեռնում է նաև տիկին Ռենալը:
Տես նաև Պարմի մենաստան և Վանինա Վանինի
Ստենդալ | Կարմիրն ու սևը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 18, 2015 Rating: