Ջովանի Բոկաչչո | Դեկամերոն | համառոտ


1348 թվականին Ֆլորենցիայում փոթորկող ժանտախտը տանում է հարյուր հազար մարդու կյանք: Մահացածներին չեն թաղում, այլ լցնում են փոսերը, եկեղեցական գերեզմանների մոտակայքում:

Երբ քաղաքն ամայանում է, Սանտա Մարիա Նովելլա տաճարում պատարագից հետո հանդիպում են յոթ երիտասարդ կանայք: Առանց տալու նրանց իսկական անունները, հեղինակը թվարկում է կեղծանունների հետևյալ շարքը՝ Պամպինեա, Ֆիամետտա, Ֆիլոմենա, Էմիլիա, Լաուրետտա, Նեյֆիլա և Էլիսսա: Լքելով քաղաքը, որտեղ մարդիկ սպասելով իրենց վերջին ժամին, տրվում են անառակության, նրանք որոշում են անջատվել իրենց տհաճ ապրումներից և ապրել բարոյական և արժանի կյանք: Ֆլորենցիայում նրանց ոչինչ չի պահում, նրանց բոլոր հարազատները մահացել են: Որոշում են նաև իրենց հետ տղամարդիկ վերցնել: Հրավիրում են տաճար մտած երեք երիտասարդի՝ Պամֆիլոյին, Ֆիլոստրատոյին և Դիոնեոյին: Գալիս են գեղաշուք մի վայր և բնակվում են գեղեցիկ դղյակում: Նրանք որոշում են յուրաքանչյուր օր իրենց միջից ընտրել գլխավորի, որի գլխին դափնեպսակ կդնեն: Բացի այդ որոշում են ամեն օր մեկական պատմություն անել՝ ժամանակը բովանդակալից անցկացնելու համար:
Օր առաջին
Նովել առաջին
Շապելետտո մականունով սըր Չապերելլոն՝ սրիկա, խաբեբա, մարդասպան, մահամերձ է օտար քաղաքում: Սուտ խոստովանություն է անում քահանային և մահանում է: Քահանան սիրով հավատում է նրան, իսկ եկեղեցական հայրերը դասում են նրան սրբերի շարքը. նրա համար աղոթում են և անգամ այցելում նրա շիրիմին:
Նովել երկրորդ
Աբրահամ անունով հրեան մի իտալացու հորդորով գնում է պապի պալատ և տեսնելով այնտեղ եկեղեցականների այլասերվածությունը, վերադառնում է Փարիզ, որտեղ դառնում է քրիստոնյա՝ համարելով, որ եթե եկեղեցու գլխի այդպիսի այլասերվածության պայմաններում կաթոլիկ հավատն աճում է և տարածվում, այն իսկապես սուրբ Հոգուց է:
Նովել երրորդ
Մեծ արաբ զորավար Սալադինը նոր պատերազմի համար գումար հայթայթելու համար գալիս է հրեա վաշխառու Մելքիսեդեկի մոտ՝ հարցնելով սրան, թե ում հավատն է ավելի լավը՝ հրեաների՞նը, թե՞ արաբներինը: Հրեան հասկանում է, որ ինչպես էլ պատասխանի, Սալադինը կսպանի և կկողոպտի նրան: Դրանից խուսափելու համար նա պատմում է արաբին իր հոր մասին, որը սարքել է երեք մատանի և գաղտնի բաժանել իր երեք որդիներին: Հետո յուրաքանչյուրին ասել է, որ այդ մատանին եզակի է և որ մատանու տերը կստանա ժառանգությունը: Հոր մահից հետո մինչ օրս որդիները վիճում են ժառանգության համար: Սալադինը հասկանում է պատմության խորհուրդը (մատանիները խորհրդանշում են տարբեր հավատները), և հեռանում է առանց ոսկու, Մելքիսեդեկի հետ ընկերացած:
Նովել չորրորդ
Մի հոգևորական՝ մեղսագործելով մի աղջկա հետ, բացահայտվում է ոմն աբբայի կողմից, որն ինքն էլ չի դիմանում և ինքն էլ կենակցում է աղջկա հետ: Հոգևորականը բացահայտելով դա՝ խուսափում է պատժից:
Նովել հինգերորդ
Մոնֆերատի մարկիզուհին՝ այրի, որին անվերջ այցելում է իրեն սիրահարված ֆրանսիայի թագավորը, կերակրում է նրան միայն հավի մսով: Այնուհետև ասում է, որ չնայած իրենց երկրում հավերը չունեն աքլորներ, ոչնչով չեն տարբերվում մյուս երկրների հավերից: Թագավորը չափավորում է իր կիրքը՝ հասկանալով ակնարկը:
Նովել վեցերորդ
Մի մարդ, վճարելով ինկվիզիցիային իր մեղքերի դիմաց, ստանում է թողություն և խաչակրի կոչում: Գնում է եկեղեցի՝ լսելու հավատի խոսքը: Վերադառնալով հայտնում է ինկվիզիտորին, որ մի միտք զվարճացրել է իրեն. եթե երկնքում տասնապատիկ հատուցվում է երկրի վրա տվածի դիմաց, ապա հոգևորականները մահից հետո պիտի խեղդվեն այն գաղջ ապուրի մեջ, որն իբրև ավելցուկ կյանքի օրոք բաժանում են չքավորներին:
Նովել յոթերորդ
Շրջիկ երաժիշտ և բանաստեղծ Բերգամինոն հայտնվում է Կանե Դելա Սկալայի մոտ տոնակատարության: Չհամբերելով, որ մեծ տերը նրան ընծաներ կտա, պատմում է նրան աղքատ, բայց հանրահայտ պոետ Պրիմասի մասին, որը ճաշի է լինում աբբա Կլյունյիի մոտ, որը շատ հյուրասեր է և առատաձեռն: Սակայն այդ օրը աբբան ագահության գիրկն է ընկնում և հրամայում է ուտելիք չտալ Պրիմասին, որն այդ ժամանակ ծամում էր հոգապահուստ կտոր հացը: Երբ Պրիմասը կուլ է տալիս վերջին կտորը, աբբան ուշքի է գալիս և ուրախությամբ հյուրասիրում է պոետին: Այսպիսով Բերգամինոն ակնարկում է Կանե Դելա Սկալային, որը հասկանալով պատմության խորհուրդը, հարուստ ընծաներ է տալիս խորամանկ երաժշտին:  
Նովել ութերորդ
Հարուստ, բայց ժլատ Էրմինո դը Գրիմալդին մի օր խնդրում է նկարչին՝ պատերը նախշազարդելիս անսովոր ինչ-որ բան պատկերել: Նկարիչը պատասխանում է, որ կպատկերի մի բան, որը Էրմինոն երբեք չի տեսել՝ ազնվություն: Էրմինոն զղջում է իր ժլատության համար և առատորեն վարձատրում է նկարչին:
Նովել իններորդ
Գասկոնացի մի տիկին, պատվազուրկ եղած լինելով Կիպրոսում, գալիս է թագավորի մոտ, որը հայտնի է իր թուլությամբ և անգործությամբ, և խնդրում է, ոչ թե լուծել իր վրեժը, այլ սովորեցնել իր նման տանել վիրավորանքները: Թագավորը հասկանում է ակնարկը և փոխվում է:
Նովել տասներորդ
Ծեր, սակայն հարգված և իմաստուն մաեստրո Ալբերտոն Բոլոնիայից սիրահարված է մի կնոջ, բայց սա փորձում է ամաչեցնել նրան իր ընկերուհիների մոտ: Մաեստրոն ասում է, որ տեսել է, թե ինչպես են կանայք սոխ ուտում, չնայած որ այն բոլորովին համեղ չէ: Ինչու՞ պիտի նա հույս չունենա, որ երիտասարդ մարդկանց փոխարեն, կինը կընտրի իրեն՝ թեև ոչ կրքոտ, բայց ամբողջ սրտով սիրողին:
Շարունակելի

Տես նաև Դանտե Աստվածային կատակերգություն, Ֆրանչեսկո Պետրարկա Երգերի գիրք և Ջեֆրի Չոսեր Քենթրբերյան պատմվածքներ
Ջովանի Բոկաչչո | Դեկամերոն | համառոտ Ջովանի Բոկաչչո | Դեկամերոն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 20, 2015 Rating: 5
Технологии Blogger.