Ֆրանչեսկո Պետրարկան իտալերեն բանաստեղծություններ է գրել դեռ պատանի հասակում: Իր նախորդների՝ պրովանսացիների և Դանտեի նման նա մշակել է առավելապես սիրային քնարերգության ժանրը: Իր սիրելիին Պետրարկան կոչում է Լաուրա և հայտնում է նրա մասին լոկ այն, որ առաջին անգամ հանդիպել է այդ կնոջը 1327 թ. ապրիլի 6-ին և որ 21 տարի անց այդ կինը վախճանվել է: Լաուրայի մահից հետո Պետրարկան ևս 10 տարի երգում է նրան և հետագայում իր «Կանցոնյերե» կոչվող ժողովածուն բաժանում է երկու մասի, որոնք կոչում է՝ «Տիկին Լաուրայի կյանքի օրոք» և «Տիկին Լաուրայի մահից հետո»: «Կանցոնյերեի» կազմն այնքան էլ չի համապատասխանում վերնագրին, քանի որ ժողովածուի հիմնական մասը կանցոնաներ չեն և իրենց քանակով զգալիորեն զիջում են սոնետներին: 317 սոնետից և 29 կանցոնաներից բացի ժողովածուն ընդգրկում է նաև սեկստիններ, բալլադներ և մադրիգալներ: Սիրային թեմայով գրված բանաստեղծությունների կողքին կան նաև փիլիսոփայական և քաղաքական թեմաներով գրված սոնետներ: Դրանց թվում առավել հայտնի են «Իմ Իտալիան» և «Բարձր ոգին»:
Լաուրա անունը շատ հետազոտողներ համարում են հորինված: Այն հարմար է «դափնի» (Laura - lauro) բառի հետ համահնչության պատճառով: Դափնին խորհրդանշում է բանաստեղծական փառքը: Պետրարկան անվերջ խաղարկում է այս երկու բառերը՝ ասելով, որ Լաուրան փառքի պսակներով է ծածկում իրեն: Մեզ են հասել Լաուրային նվիրված ոչ բոլոր բանաստեղծությունները, քանի որ բանաստեղծը ոչնչացրել է իր վաղ փորձերը:
Պետրարկան հեռու է «նոր քաղցր ոճի» բանաստեղծների սիրո սպիրիտուալիզացումից: Սերը նրա դեպքում զորեղ ուժ է, որն իրեն դաշնակից է ընտրում իր սիրելիին և զրնգուն դափնու է վերածում պոետին: Նա խոսում է իր զգացմունքի մասին, առանց փիլիսոփայական վերացականության: Իհարկե, նա չի խուսափում Դանտեի և նրա դպրոցի ուժեղ ազդեցությունից: Ինչպես Դանտեն, նա էլ առաքինության տիպար է դարձնում իր սիրելիին: Սակայն Լաուրան ամբողջությամբ չի նույնանում առաքինության հետ, չի կորցնում իր երկրային-զգայական հմայքը: Առաջին հերթին նա գեղեցիկ կին է: Բանաստեղծը պատկերում է նրան նավակում, ծառի տակ, ծաղկե անձրևի տակ:
Լաուրայի գեղեցկության պատկերումը միջոց է՝ արտահայտելու քնարական հերոսի հուզական աշխարհը: Պետրարկայի սերը անհույս է, այն սնվում է միայն անուրջներով, ստիպում է մահ տենչալ և արտասվել:
«Կանցոնյերեն» բացահայտում է Պետրարկային տանջող հույզերի հակասականությունը, նրա երկաբնակությունը վսեմ պլատոնիզմի և զգայական երկրային սիրո մեջ: «Ոչ այո-ն, ոչ էլ ոչ-ը լիարժեք չեն հնչում իմ սրտում»:
Երկրորդ մասում Լաուրայի սառնության դեմ բողոքը փոխվում է սգի: Լաուրայի պատկերը տեղափոխվում է հուշերի մեջ և այնտեղից է մարմնավորվում: Նա դառնում է ավելի կենդանի և հուզիչ: Մխիթարում է Պետրարկային, խրատում է նրան, սրբում է արցունքները, լսում է նրան: Սերը կորցնում է երկրային բնույթը:
Ֆրանչեսկո Պետրարկա | Երգերի գիրք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 07, 2015 Rating: