Ժան Պոլ Սարտր | Սրտխառնոց | համառոտ


Վեպը ներկայացնում է Անտուան Ռոկանտենի օրագրային գրառումները: Հերոսը շրջել է աշխարհով մեկ, իսկ հիմա բնակություն է հաստատել Ֆրանսիայի Բուվիլ քաղաքում: Այստեղ նա պիտի ավարտի իր պատմագիտական աշխատությունը, որը նվիրված է XVII–րդ դարում ապրած մարկիզ Ռոլբոնին:
1932 թ. սկզբին Ռոկանտենը իր մեջ տարօրինակ փոփոխություններ է նկատում: Նա ունենում է խելահեղության նոպա հիշեցնող զգացում: Առաջին անգամ այդ զգացումը լինում է, երբ Ռոկանտենն ուզում է քար գցել ծովի ջրի մեջ: Քարը թվում է նրան օտար, բայց կենդանի: Բոլոր առարկաները սկսում են նրան կենդանի թվալ: Նաև վտանգավոր: Այս վիճակը խանգարում է Ռոկանտենին աշխատել մարկիզ Ռոլբոնի մասին իր աշխատության վրա:
Տաս տարի առաջ, երբ Ռոկանտենն իմացավ Ռոլբոնի մասին, սիրահարվեց այդ մարդու կյանքի պատմությանը և երեք տարի առաջ հաստատվեց Բուվիլում, ուր տեղի գրադարանում հավաքված է կարևոր գրականություն՝ նամակներ, օրագրեր, այլ փաստաթղթեր: Ռոկանտենի կարծիքով Ռոլբոնը նրա գոյության միակ արդարացումն է:
Տարօրինակ զգացողությունն ավելի ու ավելի հաճախ է համակում նրան: Այդ վիճակը նա կոչում է «սրտխառնուք»: Ավելի քիչ են դառնում այն վայրերը, որտեղ նա կարող է թաքնվել այդ զգացողությունից: Անգամ սրճարանում՝ մարդկանց մեջ, սրտխառնուքը չի լքում նրան: Նա խնդրում է մատուցողուհուն դնել իր սիրած ձայնապնակը՝ «Some of these days»: Երաժշտությունը հնչում է, մեղեդին իր մետաղյա թափանցիկությամբ է լցնում սրահը և սրտխառնուքն անհետանում է: Ռոկանտենը երջանիկ է: Մտածում է, թե ինչ բարձրունքների կարող էր հասնել, եթե մեղեդու հյուսվածքը դառնար իր կյանքը:
Ռոկանտենը հաճախ է հիշում իր սիրեցյալին՝ Աննիին, որի հետ բաժանվել են 6 տարի առաջ: Մի քանի տարվա լռությունից հետո նամակ է ստանում նրանից, որի մեջ Աննին հաղորդում է, որ մի քանի օրով լինելու է Փարիզում և նրանք պիտի տեսնվեն: Նամակում չկա ոչ մի ջերմ տող: Աննին ուներ կատարելության պահանջ: Երբ միասին էին, երբեք չէին կարողանում կուտակվածը թողնել անցյալին: Ահա ինչու բաժանվել են: Հավանաբար բեռը դարձավ անտանելի ծանր:
Ցերեկը Ռոկանտենն աշխատում է Բուվիլի գրադարանում: 1930 թ. նա ծանոթանում է գրադարում ոմն Պ. Օժյոյի հետ՝ գրասենյակային մի ծառայողի, որին կոչել է «Ինքնուս»: Սա ուսումնասիրում է գրադարանի գրքերը այբբենական սկզբունքով: Ինքնուսը հրավիրում է Ռակոնտենին ճաշի՝ հավանաբար կարևոր ինչ-որ բան հաղորդելու համար: Գրադարանի փակման ժամին Ռոկանտենն ուժեղ սրտխառնուք է զգում: Դուրս է գալիս մաքուր օդի՝ հուսալով, որ դա կօգնի իրեն: Նրան թվում է, որ քաղաքի վրա կախված է ինչ-որ սպառնալիք: Այս պահին աշխարհն այնպիսին է, ասես ուզում է դառնալ ուրիշ: Սարսափի նոպաները հետապնդում են Ռոկանտենին ամենուր՝ սրճարանում, տանը, զբոսայգում:
Գնում է թանգարան, որտեղ պատերից կախված են աշխարհահռչակ այրերի դիմանկարներ: Հասկանում է, որ Ռոլբոնի մասին գիրքը չի գրելու: Նա չի կարող գիրք գրել: Բայց ինչ անել սեփական կյանքը: Ինքն ուներ Ռոլբոնի կարիքը, Ռոլբոնը՝ իր: Նա ինքն էր դարձել այդ Ռոլբոնը: Իսկ հիմա իր գոյությունն է դարձել սրտխառնուքը:
Չորեքշաբթի օրն Ինքնուսի հետ գնում է սրճարան ճաշելու՝ հուսալով, որ սրտխառնուքը կանցնի: Ինքնուսը վիճում է Ռոկանտենի հետ, որը պնդում է, որ գոյությունը չունի իմաստ: Ինքնուսն իրեն համարում է հումանիստ և ասում է, որ կյանքի իմաստը մարդկանց հանդեպ սերն է: Պատմում է, թե ինչպես է գերի ընկել և ինչպես է, հայտնվելով տղամարդկանցով լեցուն զնդանում, սեր զգացել նրանց բոլորի նկատմամբ և անգամ ցանկացել է գրկել նրանց բոլորին: Բայց նա ակնհայտորեն շփոթում է հումանիզմը միասեռական բնույթի տենչանքների հետ, և Ռոկանտենի մոտ նորից սրտխառնուք է սկսվում: Նա կտրուկ բարձրանում է տեղից և հեռանում է սրճարանից՝ վախեցնելով Ինքնուսին:
Գրադարանում տեղի է ունենում անախորժություն: Ծառայողներից մեկը տեսնելով, թե ինչպես է Ինքնուսը շոյում իր կողքին նստած պատանիներից մեկի ոտքը, դուրս է շպրտում նրան գրադարանից:
Շաբաթ օրը Ռոկանտենը գալիս է Փարիզ և հանդիպում է Աննիի հետ: Աննին գիրացել է: Փոխվել է նաև ներքուստ: Չի ընկնում կատարյալ պահերի ետևից, քանի որ գիտի, որ միշտ կգտնվի մեկը, ով կփչացնի դրանք: Առաջ նրան թվում էր, որ կան հույզեր՝ սեր, ատելություն… Իսկ հիմա նա գիտի, որ ամեն բան իր ներսում է: Նա ապրում է ներկայով, «կենդանի դիակ է»: Վերամիավորման Ռոկանտենի հույսերը չեն արդարանում, որովհետև Աննին մեկնում է Լոնդոն ուրիշ տղամարդու հետ: Ռոկանտենը որոշում է տեղափոխվել Լոնդոն: Նրան թվում է, որ նա ավելորդ է: Գալով Բուվիլ՝ իրերը հավաքելու համար Ռոկանտենը մտնում է սրճարան: Լսում է իր սիրած երաժշտությունը: Մտածում է երգի հեղինակի մասին, երգչուհու… Քնքշություն է զգում նրանց նկատմամբ: Հանկարծ նրան այցելում է լուսավոր միտքը, այն, որն իսկույն դուրս է բերում նրան աբսուրդի շարունակական զգացումից: Որոշում է վեպ գրել: Եթե որևէ մեկը աշխարհում, կարդալով այդ վեպը, մտածի նրա մասին, ինչպես նա է մտածում երգի հեղինակի մասին, ինքը երջանիկ կլինի:
       
Տես նաև Ճանճերը և Պատը  
Ժան Պոլ Սարտր | Սրտխառնոց | համառոտ Ժան Պոլ Սարտր | Սրտխառնոց | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 09, 2015 Rating: 5
Технологии Blogger.