Հայնրիխ Հայնե | Գերմանիա.Ձմեռային հեքիաթ | համառոտ


1843 թ.: Աշուն - ձմեռ: Քնարական հերոսը թողնում է ուրախ Փարիզը և սիրելի կնոջը՝ կարճ ժամանակով այցելելու համար հարազատ Գերմանիան և ծեր մորը, որին չի տեսել 13 տարի:
Նա հարազատ վայրեր է հասնում նոյեմբերին: Աչքերը լցվում են արցունքով: Լսում է մայրենի գերմաներենը: Փոքր աղջիկը երգում է երկրային դառը կյանքի և երկնային երանության մասին: Բանաստեղծն առաջարկում է երգել երկրային դրախտի մասին: Հացը, կանաչ ոլոռը և սերը կարող է բավականացնել բոլորին: Փոքրիկ աղջիկը շարունակում է երգել իր տխուր երգը, իսկ մաքսավորները ստուգում են բանաստեղծի ճամպրուկները՝ փնտրելով արգելված գրականություն: Զուր ջանքեր են: Արգելված գրականությունը նրա գլխում է:
Առաջին քաղաքը, որ այցելում է Աախենն է, որտեղ տաճարում պահվում է Կառլոս Մեծի աճյունը: Հանդիպում է պրուսացի զինվորների, որոնք 13 տարվա ընթացքում չեն փոխվել: Փոստում տեսնում է ատելի արծիվով ծանոթ զինանշանը:
Երեկոյան հասնում է Քյոլն: Ուտում է ապուխտով ձվածեղ և խմում է գինի: Շրջում է գիշերային Քյոլնով: Սա ատելի կղերականների քաղաքն է, ովքեր խարույկի են մատնել ազգի լավագույններին: Իրավիճակը փրկել է Լյութերը, որը թույլ չի տվել, որ ավարտեն տաճարի շինարարությունը և փոխարենը հիմնել է բողոքականությունը: Բանաստեղծը զրուցում է Հռենոսի հետ: Հետո գալիս է տուն և քնում է ինչպես մանուկը:
Ֆրանսիայում նա երազում էր քնել հենց Գերմանիայում, որովհետև գերմանական մահճակալն ամենափափուկն է: Նա գտնում է, որ ի տարբերություն ժլատ ֆրանսիացիների, ռուսների և անգլիացիների, գերմանացիներին հատուկ է երազկոտությունը:
Առավոտյան ուղևորվում է Հագեն: Բանաստեղծը մեկնում է փոստային կառքով: Հասնելով Հագեն՝ բանաստեղծը ճաշում է: Նա ուտում է աղցան, շագանակներ, թառափ, կաթնաշոռ, յուղոտ երշիկ, սագի և գոճու միս: Բայց բավական էր դուրս գալ Հագենից, բանաստեղծն իսկույն նորից քաղց է զգում: Մի վեստֆալցի աղջիկ նրան մի գավաթ պունշ է հյուրասիրում: Հիշում է, թե ինչպես էր երիտասարդ օրերին մասնակցում վեստֆալյան խնջույքներին և քնում սեղանի տակ:
Կառքը մտնում է անտառ, որտեղ իններորդ դարում տեղի մի իշխան ջարդել է հռոմեացիների զորքին: Եթե չաներ դա, Գերմանիան կունենար լատինական բարքեր:
Կառքը կոտրվում է: Փոստատարը գնում է մոտակա գյուղը օգնության դիմելու, իսկ բանաստեղծը մնում է անտառում և նրան շրջապատում են գայլերը: Նրանք ոռնում են: Առավոտյան կառքը վերանորոգում են և ուղևորությունը շարունակվում է: Մթով հասնում են Մինգեն ամրոցին: Մթնոլորտն այստեղ ճնշող է: Կապրալը քննում է նրան, իսկ ամրոցի ներսում նրան թվում է, որ նա բանտարկված է: Հյուրանոցում անգամ չի կարողանում ուտել: Գիշերը նրան այցելում են սարսափելի տեսիլներ: Առավոտյան ուրախությամբ լքում է ամրոցը:
Ցերեկը հասնում է Հանովեր, որտեղ ճաշելուց հետո շրջում է տեսարժան վայրերով: Այստեղ կա դղյակ, որում ապրում է թագավորը: Սա երեկոները ստամոքսի լվացումներ է անում իր ծեր շանը:
Ուշ երեկոյան բանաստեղծը հասնում է Համբուրգ և գալիս է հայրենի տուն: Դուռը բացում է մայրը և լուսավորվում է երջանկությունից: Կերակրում է որդուն ձկով, նարինջներով և սագի մսով: Հարցեր է տալիս կնոջ, Ֆրանսիայի և քաղաքական կացության մասին:
Մի տարի առաջ Համբուրգում մեծ հրդեհ է եղել: Հիմա քաղաքը վերակառուցում են: Փողոցներն ավելացել են: Չկա այն տունը, որտեղ բանաստեղծն առաջին անգամ աղջկա է համբուրել: Չկա տպարանը, որը տպում էր նրա առաջին գործերը: Չկա հրապարակը, սենատը և բորսան, սակայն պահպանվել է բանկը:
Հրատարակիչ Կամպեի հետ բանաստեղծը գնում է Լորենցոյի գինետուն՝ ոստրեներ ճաշակելու և կարմիր գինի խմելու: Կամպեն լավ հրատարակիչ է, որովհետև ամեն հրատարակիչ չէ հյուրասիրում բանաստեղծին ոստրեներով ու գինով: Այստեղ տեսնում է կարմրաքիթ մի կնոջ: Կինը բարևում է նրան և ասում է, որ ինքը Համմոնիան է՝ Համբուրգի աստվածուհին ու տիրուհին: Բանաստեղծը նրան չի հավատում և գնում է կնոջ հետ նրա մանսարդը: Հաճելի զրույց են ունենում, որի ընթացքում Համմոնիան հյուրասիրում է բանաստեղծին թեյ ու ռոմ: Բանաստեղծը մտցնում է ձեռքը կնոջ փեշի տակ, դնում է նրա ոտքին և ասում է, որ համեստ կլինի ինչպես բանավոր, այնպես էլ տպագիր խոսքում: Աստվածուհին կարմրում է և սկսում է զառանցագին հիմարություններ խոսել այն մասին, որ գրաքննիչ Հոֆմանը կկտրի բանաստեղծի ամոթույքը: Հետո գրկում է բանաստեղծին:
Այդ գիշերվա հետագա զարգացումների մասին բանաստեղծը գերադասում է խոսել ընթերցողի հետ մասնավոր զրույցի ժամանակ:
Փառք Աստծո հին մաքրամոլների դարը անցնում է: Ի հայտ է գալիս նոր սերունդ, որի միտքը և հոգին ազատ են: Բանաստեղծը հույս ունի, որ երիտասարները կհասկանան իրեն, քանի որ իր սիրտը սիրո մեջ չափ չի ճանաչում և անարատ է, ինչպես հուրը:

Տես նաև Հայնրիխ Հայնե Երգերի գիրք 
Հայնրիխ Հայնե | Գերմանիա.Ձմեռային հեքիաթ | համառոտ Հայնրիխ Հայնե | Գերմանիա.Ձմեռային հեքիաթ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 10, 2015 Rating: 5
Технологии Blogger.