Էռնստ Թեոդոր Հոֆման | Ոսկե կճուճ | համառոտ


Համբարձման տոնի օրը՝ կեսօրին, Դրեզդենի Սև դարբասն անցնում է ուսանող Անսելմը: Հանկած անզգուշորեն շուռ է տալիս խնձորներով ու կարկանդակներով լեցուն կողովը, որը պատկանում էր մի այլանդակ պառավի: Սա անիծում է Անսելմին՝ գուշակելով, որ երիտասարդը կհայտնվի ապակու տակ: Անսելմը հեռանում է՝ ինքն իրեն բողոքելով իր դառը ճակատագրից: Նրա մենախոսությունն ընդհատում է ծառից եկող ուժեղ շրշյունը: Նա տեսնում է երեք ոսկե-կանաչավուն օձերի. նրանցից մեկը կապույտ աչքերով նայում է Անսելմին: Հանկարծ օձերը նետվում են Էլբա գետը և չքվում են: Իսկ Անսելմը փաթաթվում է ծառին՝ իր տարօրինակ տեսքով ու վարքով վախեցնելով այգում զբոսնողներին: Տան ճանապարհին նա հանդիպում է իր ընկերներին՝ ռեգիստրատոր Հեերբրանդտին և կոնռեկտոր Պաուլմանին, որին ուղեկցում են դստրերը: Կոնռեկտորը հրավիրում է Անսելմին զբոսնելու նավակով: Ջրի մեջ Անսելմը քիչ է մնում շուռ տա նավակը՝ խոսելով տարօրինակ օձերի մասին: Բոլորը կարծում են, որ երիտասարդը մի փոքր ցնդել է և որ պատճառը նրա աղքատությունն է: Հեերբրանդտը խորհուրդ է տալիս նրան որպես գրագիր աշխատանքի անցնել արխիվարիուս Լինդհորսթի մոտ: Ուսանողն ուրախությամբ է ընդունում այդ առաջարկը, քանի որ արտագրությունը նրա տարերքն է:
Հաջորդ առավոտյան Անսելմն ուղևորվում է Լինդհորսթի մոտ: Ուզում է բարձրացնել դուռը թակելու մուրճը, երբ հանկարծ բրոնզե դեմքը ծռվում է, և վերափոխվում է պառավի դեմքի, այն, որին Անսելմը բախվել էր Սև դարբասի մոտ: Մուրճը հարվածելիս լսում է չարաբաստիկ բառերը, որ իրեն վիճակված է հայտնվել ապակու տակ: Զանգի թելը վերածվում է մեծ օձի և փաթաթվում է Անսելմին: Օձը շիկացած երկաթից իր լեզուն դնում է Անսելմի կրծքին, և սա կորցնում է գիտակցությունը: Ուշքի գալով ուսանողը տեսնում է, որ անկողնում է, իսկ իր գլխավերևում կանգնած է կոնռեկտոր Պաուլմանը:
Այս դեպքից հետո Անսելմն այլևս չի շտապում այցելել արխիվարիուսին: Ձգտելով ծանոթացնել Լինդհորսթին և Անսելմին՝ ռեգիստրատորը հրավիրում է նրանց սրճարան: Եվ ահա արխիվարիուսը պատմում է տարօրինակ պատմություն վառվող շուշանի մասին, որը ծնվել է նախաստեղծ հովտում, և պատանի Ֆոսֆորի մասին, որ համբուրել է շուշանին, վերջինս բոցավառվել է և նրանից դուրս է եկել նոր էակ և թռել-հեռացել է՝ հոգ չտանելով սիրահարված պատանու մասին: Ֆոսֆորը լաց է լինում իր կորուսյալ ընկերուհու համար: Ժայռից դուրս է թռչում սև վիշապը, որսում է այդ էակին, փաթաթվում է նրան իր թևերով, և այդ էակը վերածվում է շուշանի: Սակայն նրա սերը Ֆոսֆորի հանդեպ դառնում է սուր ցավ, որից ամեն բան շուրջը դալկանում է: ֆոսֆորը մենամարտում է վիշապի հետ և ազատում է շուշանին, որը դառնում է հովտի թագուհի: «Ես ծագում եմ հենց այն հովտից և իմ նախա-նախա-տատիկը հենց այդ վառվող շուշանն էր, այնպես որ ես արքայազն եմ»,- ավարտում է Լինդհորսթը: Նրա այս խոսքերը ցնցում են Անսելմին: Նա ամեն երեկո գնում է այն ծառի մոտ, որտեղ տեսել էր օձին, փաթաթվում է ծառին և ասում է. «Ա՜խ, ես կմեռնեմ, եթե դու չվերադառնաս»:
Մի երեկո էլ նա իր հետ պատահածը պատմում է Լինդհորսթին: Վերջինս հաղորդում է Անսելմին, որ օձերը իր դուստրերն են և որ Անսելմը սիրահարված է կրտսեր Սերպենտինային: Իր տուն է հրավիրում ուսանողին և կախարդական  հեղուկ է տալիս պառավից պաշտպանվելու համար: Հետո վերածվում է ցինի և թռչում-հեռանում է:
Կոնռեկտոր Պաուլմանի դուստր Վեռոնիկան լսելով, որ Անսելմը կարող է դառնալ պալատական խորհրդական, երազում է դառնալ նրա կինը: Երազանքների ամենաբուռն պահին լսում է սոսկալի մի ձայն, որ ասում է, որ Անսելմը երբեք չի լինի նրա ամուսինը: Ընկերուհուց իմանալով, որ Դրեզդենում է ապրում ծեր գուշակուհի ֆրաու Ռաուերինը, Վեռոնիկան որոշում է խորհուրդ հարցնել նրանից: Վհուկը խորհուրդ է տալիս թողնել Անսելմին, քանի որ Անսելմը վատ մարդ է և կապվել է իր վաղեմի թշնամի ծերուկի հետ, սիրահարվել է նրա դստերը՝ կանաչ օձին և երբեք չի դառնա պալատական խորհրդական: Գուշակուհու բառերից դժգոհ Վեռոնիկան ուզում է հեռանալ, սակայն գուշակուհին վերածվում է Վեռոնիկայի ծեր դայակ Լիզայի: Վեռոնիկային կանգնեցնելու համար խոստանում է, որ կբուժի Անսելմին ծեր կախարդի հմայանքից: Դրա համար աղջիկը պիտի իր մոտ գա գիշերով: Հույսը նորից ծնվում է Վեռոնիկայի սրտում:
Այդ ժամանակ Անսելմն աշխատանքի է անցնում արխիվարիուսի մոտ: Լինդհորսթը նրան է տալիս թանաքի փոխարեն ինչ-որ սև հեղուկ, գունավոր փետուրներ, սպիտակ թուղթ և պատվիրում է արտագրել ինչ-որ արաբական ձեռագիր: Պատանուն աշխատելիս թվում է, որ նրան օգնում է Սերպենտինան: Արխիվարիուսն ասում է, որ այդ աշխատանքը կբերի նրան երջանկություն:
Գիշերով գուշակուհին բերում է Վեռոնիկային դաշտ: Կրակ է անում և տարօրինակ մարմիններ է նետում կաթսայի մեջ, հետո Վեռոնիկայի մազափունջը և մատանին: Հրամայում է նայել եռացող ջրի մեջ: Կաթսայից դուրս է գալիս Անսելմը և մեկնում է Վեռոնիկային իր ձեռքը: Գուշակուհին կաթսայից հալած մետաղ է ուզում լցնել տիպարի մեջ, երբ հանկարծ վերևից լսվում է ահեղ ձայն, որը հրամայում է նրան չքվել: Պառավն ընկնում է գետնին, իսկ Վեռոնիկան կորցնում է գիտակցությունը: Ուշքի գալով նա իր թիկնոցի գրպանում գտնում է արծաթե հայելի, որը գիշերը մետաղից ձուլել էր պառավը: Հայելու միջից նրան էր նայում իր սիրեցյալը:
Անսելմն արդեն երկար ժամանակ աշխատում է արխիվարիուսի մոտ: Անվերջ իր կողքին է զգում Սերպենտինայի ներկայությունը: Սերպենտինան մի օր իսկապես հայտնվում է և պատմում է, որ իր հայրը սալամանդրների ցեղից է: Նա սիրել է կանաչ օձին՝ շուշանի դստերը, որն աճում էր ոգիների իշխան Ֆոսֆորի այգում: Սալամանդրը գրկում է օձին, որը վերածվում է մոխրի, որից ծնվում է թևավոր էակ և հեռանում է: Սալամանդրը հուսահատ վազում է այգում՝ չորացնելով այն: Ատլանտիս երկրի իշխան Ֆոսֆորը մարում է Սալամանդրի հուրը, բայց կախարդական ընծա է թողնում նրան: Սալամանդրը կազատվի իր լծից, երբ կգտնվեն պատանիներ, ովքեր կլսեն նրա դստրերի երգը և կսիրեն նրանց: Նշանադրության ժամանակ կճուճից կաճի հրեղեն շուշան, պատանին կհասկանա դրա լեզուն և կապրի իր կնոջ հետ Ատլանտիսում: Այնտեղ կվերադառնա նաև ներում ստացած Սալամանդրը: Պառավ վհուկը ձգտում է տիրել կախարդական կճուճին: Սերպենտինան զգուշացնում է Անսելմին հեռու մնալ պառավից: Այս պատմությունը քիչ անց Անսելմը հայտնաբերում է իր ձեռագրի պատճենի վրա:
Սակայն Անսելմը մտածում է նաև Վեռոնիկայի մասին: Տեսնում է նրան երազում: Արխիվարիուսի տուն գնալու փոխարեն գնում է Պաուլմանի տուն: Այնտեղ տեսնում է կախարդական հայելին, որի մեջ դիտում է իրեն և Վեռոնիկային: Վեռոնիկային համբուրելուց հետո լցվում է վստահությամբ, որ միշտ մտածել է միայն Վեռոնիկայի մասին: Խոստանում է աղջկան ամուսնանալ նրա հետ:
 Ճաշից հետո գալիս է ռեգիստրատոր Հեերբրանդտը և պատրաստում է պունշ: Մի կում անելուց հետո Անսելմը նորից հիշում է վերջին շաբաթների ողջ անցուդարձը: Սկսում է բարձր զառանցել Սերպենտինայի մասին: Հեերբրանդտը և Պաուլմանը սկսում են բղավել. «Կեցցե՜ Սալամանդրը: Թող կորչի պառավը»: Անսելմը փախչում է:
Զարթնելուց հետո նորից մտածում է իր և Վեռոնիկայի ամուսնության մասին: Հաջորդ օրը աշխատում է արխիվարիուսի մոտ, բայց նրան երևում են ոչ թե տառեր, այլ անվերծանելի նշաններ: Թանաք է կաթում թղթին, որից դուրս է թռչում կայծակը, մառախուղի մեջ հայտնվում է արխիվարիուսը և փակում է Անսելմին բյուրեղյա անոթի մեջ: Նրա կողքին են ևս երեք անոթներ, որոնց մեջ նա տեսնում է ևս երեք ուսանողների: Անսելմը սկսում է երազել Սերպենտինայի մասին: Հանկարծ դիմացի թեյնիկի մեջ ճանաչում է պառավ վհուկին: Սա խոստանում է Անսելմին ազատում, եթե նա ամուսնանա Վեռոնիկայի հետ: Անսելմը հրաժարվում է: Պառավը փորձում է վերցնել ոսկե կճուճը և փախչել, բայց նրան խանգարում է արխիվարիուսը: Սալամանդրը հաղթում է, և պառավը վերածվում է բազուկի: Հայտնվում է Սերպենտինան և ասում, որ Անսելմը ներված է: Ապակին պայթում է և նա հայտնվում է սիրելիի գրկում: Հաջորդ օրը ռեգիստրատոր Հեերբրանդտը և կոնռեկտոր Պաուլմանը ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես սովորական պունշը հասցրեց նրանց այդպիսի վիճակի: Մեղավոր է անիծյալ ուսանողը: Մի քանի ամիս անց Վեռոնիկայի ծննդյան օրը Պաուլմանների տուն է այցելում նորանշանակ պալատական խորհրդական Հեերբրանդտը և առաջարկություն է անում Վեռոնիկային: Վեռոնիկան համաձայնում է և ապագա ամուսնուն պատմում է Անսելմի հանդեպ սիրո և պառավի մասին:
Հեղինակը արխիվարիուս Լինդհորսթից ստանում է նամակ, որով վերջինս թույլ է տալիս հրապարակել Անսելմի հետ պատահածը: Ուսանողը նշանվում է Սերպենտինայի հետ, շնչում է ոսկե կճուճի մեջ աճած հրաշալի շուշանի բույրը և հավերժական երանություն է գտնում Ատլանտիսում:

Էռնստ Թեոդոր Հոֆման | Ոսկե կճուճ | համառոտ Էռնստ Թեոդոր Հոֆման | Ոսկե կճուճ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 18, 2015 Rating: 5
Технологии Blogger.