Միքայել Նալբանդյանը այսպես է գրում Ռաֆայել Պատկանյանի նշանավոր բանաստեղծության մասին. «Ես տասնյակ անգամներ կարդացել եմ «Արաքսի արտասուքը» և միշտ հիացել եմ, որովհետև դորա մեջ լսում և զգում եմ հայ ազգի իղձը, որովհետև այն ճշգրիտ և գեղեցիկ խոսում է ազգի ցավերի մասին»:
Րաֆֆին այս բանաստեղծությունը կոչել է «Հայ պոեզիայի թագուհի»:
Արաքս գետը հայերի համար նույնն է, ինչ Գանգեսը՝ հնդիկների, Նեղոսը՝ եգիպտացիների, կամ Հռենոսը՝ գերմանացիների համար: Այն բովանդակում է իր մեջ մայրական սկզբունքի խորհրդանիշը:
Հին կտակարանում Արաքսը կոչվել է Գիհոն և համարվել է դրախտի չորս գետերից մեկը:
Պատկանյանի բանաստեղծության մեջ Մայր-Արաքսը վշտահար է: Բանաստեղծը «քայլամոլոր» շրջում է գետի ափերով և նրա պղտոր ալիքները դիտելով՝ փորձում պեղել պատմական հիշողությունը: Զրույցը գետի հետ սկսվում է հարցով և դա թույլ է տալիս այս բանաստեղծությունը գեթ ձևաբանորեն դասել ռոմանտիկական այն հարացույցին, որի բարձր նմուշներն են Եվրոպայում Լամարթինի «Լճակը», «լճային դպրոցի» բանաստեղծների շատ գործեր և զուտ ձևաբանորեն նաև Դուրյանի «Լճակը»:
-Արա՛քս, ինչու ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չհասած
Սգավոր ես ինձ նըման:
Հարցը առաջ է բերում Արաքսի վրդովմունքը: Գետը հիշում է, որ ժամանակին, երբ դեռ գոյություն է ունեցել հայոց պետականությունը, ինքը եղել է թագուհի: Ոչինչ չի մնացել հին ժամանակներից, քանի որ իր ջրերն են մտնում «ճպռոտ աչքերով» օտարները, իսկ հպարտ գետը օտար փեսա չի ընդունում: Հայաստանի անկախության հավատարիմ այրին է Արաքսը:
-Խիզա՜խ, անմի՜տ պատանի,
Նիրհս ինչո՞ւ դարևոր
Վրդովվում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր:
Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտքից գլուխ պճնվի
Իր զարդերով թանկագին:
Մայր-Արաքսը երազում է այն պահը, երբ իր որդիները կհամախմբվեն, և այն ժամանակ միայն ինքը նորից շքեղորեն կզարդարվի: Բանաստեղծության ավարտը որոշակիորեն նաև կոչ է ցարական բռնապետության դեմ:
Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընան պանդուխտ,-
Ինձ միշտ սըգավոր կըտեսնեք,
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ…:
Գետի սուրբ ուխտը հայկական ոգու տոկունության խորհրդանիշն է:
Որպես ռոմանտիկական բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանն այս բանաստեղծության մեջ թանձրացնում է անցյալի և ապագայի բաժանարար գիծը:
Տես նաև Դուրյան Տրտունջք, Շահազիզ Սմբատ Լևոնի վիշտը և Պեշիկթաշլյան Պոեզիա
Ռաֆայել Պատկանյան | Արաքսի արտասուքը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 26, 2015 Rating: