Նիկոլո Մաքիավելի | Տիրակալը | համառոտ



Պետական բարձր նպատակների իրագործման համար տիրակալն իրավունք ունի օգտագործել ցանկացած միջոց, անգամ նրանք, որ համարվում են անբարո: Այսպիսի դիրքորոշմամբ Նիկոլո Մաքիավելին (1469-1527) իր «Տիրակալը» տրակատատում արդարացնում է «փառահեղ վրեժը», «առաքինի դավաճանությունը», ամեն տեսակ դաժանություններ և բռնություն, եթե դրանք կատարվում են ի շահ պետության:
Մաքիավելիի տեսության մեջ քաղաքական միտքը առաջին անգամ բացահայտում է իր զարգացման ինքնուրույն հեռանկարները և բաժանում է իրեն հումանիստական կորպուսի առաջատար գիտակարգերից, ամենից առաջ, իհարկե, էթիկայից և կրոնից:
Այս կտրուկ շրջադարձը բացատրվում է մասամբ Ֆլորենցիայում և ընդհանուր առմամբ Իտալիայում ստեղծված նոր քաղաքական իրավիճակով: Մաքիավելիի մտքի հիմնական կետերը սրանք են. 1. Քաղաքական ռեալիզմ, 2. Տիրակալի առաքինության նոր ըմբռնում, 3. Վերադարձ սկզբունքներին, որպես պայման քաղաքական կյանքի վերականգնման և վերանորոգման համար:
Քաղաքական ռեալիզմը ելնում է «ինչ կա» սկզբունքի արժևորումից: Հեգնելով ուտոպիական տեսությունների հեղինակների հասցեին, Մաքիավելին գրում է. «Տիրակալը, եթե ցանկանում է պահպանել իշխանությունը, պիտի ձեռք բերի բարուց ետ կանգնելու կարողություն և ըստ անհրաժեշտության օգտվի այդ ունակությունից»:
Միապետը կարող է հայտնվել այնպիսի պայմաններում, որոնք ուղղակի կստիպեն նրան գործել անմարդկային քայլեր: Ընդ որում, ծայրահեղ չարիքը պահանջում է պայքարի ծայրահեղ միջոցներ և չի հանդուրժում կիսատություն:
Մաքիավելիի դառը դատողությունները կապված են մարդու հոռետեսական գնահատականի հետ: Ինքնին մարդը ոչ բարի է, ոչ էլ չար, սակայն հակված է լինել չար: Հետևաբար քաղաքական գործիչը չի կարող հույսը դնել մարդու լավ կողմերի վրա, ահա ինչու հարկ է պահել ժողովրդին ահի մեջ: Տիրակալը պիտի լինի պաշտամունքի, բայց միաժամանակ նաև ահի աղբյուր:
Տիրակալի առաքինությունը չի համընկնում քրիստոնեական առաքինության հետ, կամ այն հասկացության, որը կիրառում էին Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը: Այն ավելի մոտ է սոփեստների առաքինության հասկացությանը: Դա ուժ, առողջություն, խորամանկություն և էներգիա է:
Այդ առաքինությունը գիտի, թե ինչպես կարելի է դիմակայել ճակատագրին: Հումանիստների համար ազատության և ճակատագրի հակադրությունը ուներ կարևոր նշանակություն: Շատերը կարծում են, թե ճակատագիրն է շարժում իրադարձությունները, ահա ինչու անիմաստ է լարվել, հակադրվել դրան: Մաքիավելին փորձում է հարմարվել այս կարծիքին: Նա լուծում է հարցն այսպես: Մարդկության մի մասը կախված է ճակատագրից, իսկ մյուս մասը՝ ազատությունից: «Ֆորտունան փոփոխական է, իսկ մարդը համառ է իր գործողություններում, ահա ինչու, քանի դեռ նրանց միջև համաձայնություն է, մարդը բարօրության մեջ է, իսկ երբ սկսվում է գժտություն, բարօրությունն ավարտվում է: Ֆորտունան կին է, և նա, ով ուզում է նրանից գլուխ հանել, պիտի ծեծի և բոթի նրան: Այդպիսիններին Ֆորտունան հեշտ է տրվում…»:
Եվ այդուհանդերձ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական իդեալը նրա նկարագրած սկզբունքը չէր, քանզի սա ավելի շուտ ժամանակի թելադրանքով ստեղծված տեսություն էր: Հոգու խորքում նա հանրապետության կողմնակից է: Նկարագրելով այն՝ Մաքիավելին նորովի է մեկնաբանում առաքինության կոնցեպցիան: Հռոմը երբեք չի դրել հույսը Ֆորտունայի վրա, քանզի «առաքինությունը կայսրություն կառուցելու գործում ավելի կարևոր է ճակատագրից»:      

Տես նաև Պլատոն Պետություն, Թոմաս Մոր Ուտոպիա և Շառլ Լուի Մոնտեսքյո Պարսկական նամակներ

Նիկոլո Մաքիավելի | Տիրակալը | համառոտ Նիկոլո Մաքիավելի | Տիրակալը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 25, 2015 Rating: 5
Технологии Blogger.