Ալեքսանդր Դյումա | Սև կակաչ | համառոտ



Հոլանդիայի Հանրապետությունում իշխանական պայքար է։ Հոլանդիայի Մեծ պենսիոնարիուս Յան դե Վիտը իր եղբոր՝ Կոռնելիուս դե Վիտի՝ ամբարտակների գլխավոր տեսուչի հետ պայքարում են արքայազն Վիլհելմ Երրորդ Օրանացու դեմ, որը ցանկանում է ետ վերադարձնել Վիտերի կողմից չեղյալ հայտարարված շտատհալտերի պաշտոնը։ Առավելությունը արքայազնի կողմն է։
Օրանժիստ բժիշկ Տիկելարի սուտ մեղադրանքի պատճառով դատապարտված Կոռնելիուսը խոշտանգումների է ենթարկվում Բյույտենհոֆ ամրոցում: 1672 թ. օգոստոսի 20-ին նրան պիտի ազատեն և աքսորեն։ Եղբոր հետևից է գալիս Յանը։ Այդ ընթացքում ամբոխը մոլեգնում է ամրոցի մերձակայքում՝ պահանջելով Վիտերի հանձնումը։ Հեծելազորի կապիտան կոմս Թիլլին, արիաբար պաշտպանում է ամրոցը, սակայն ամբոխը շարժվում է դեպի Հաագայի Ժողովը, որտեղ պատգամավորներ Բովելտից և Ասպերենից պահանջում են ետ կանչել Թիլլիի հեծելազորը։
Վիտ եղբայրների անկեղծ զրույցից պարզ է դառնում, որ Յանի և Ֆրանսիայի ռազմական նախարար մարքիզ դե Լուվուայի միջև նամակագրությունը, որը Կոռնելիուսի մոտ է, վերջինիս կողմից չի ոչնչացվել, այլ պահվում է նրա ազգական Կոռնելիուս վան Բերլեի մոտ, որն ապրում է Դորդրեխտում։ Իր ծառա Կրակեի միջոցով Յանը վան Բերլեին հրաման է ուղարկում ոչնչացնել այդ փաստաթղթերը։ Եղբայրները բանտապահի դուստր Ռոզա Գրիֆուսի խորհրդով ամբոխի զայրույթից թաքնվում են ետնամուտքում և շարժվում են դեպի դարբասը, որպեսզի դուրս գան քաղաքից։ Սակայն դարբասը կողպված է արքայազն Օրանացու հրամանով, որն իր հավատարիմ գնդապետ վան Դեկենի հետ հեռվից հետևում է բանտի մոտ տեղի ունեցող իրադարձություններին։ Հիասթափված դե Վիտերը ուղևորվում են դեպի մյուս դարբասը, սակայն ամբոխը վրա է հասնում, սպանում է նրանց, իսկ արքայազն Վիլհելմը շուտով ընտրվում է Հոլանդիայի Հանրապետության շտատհալտեր։
Կոռնելիուս վան Բերլեն, որը բնակվում է Դորդրեխտում, բացարձակապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ և տեղյակ չէ իր ազգականի ցավալի մահվանից։ Իր վաճառական հորից ստացած մեծ ժառանգությունը մսխելու համար վան Բերլեն  ընտրում է Հոլանդիայում տարածված ամենաթանկ հոբբին՝ կակաչների բուծումը։ Վան Բերլեն նույնիսկ չի կասկածում, որ ունի մահացու թշնամի: Դա իր հարևան Իսահակ Բոքստելն է, որը նույնպես պաշտում է կակաչները։ Բոքստելն ատում է Կոռնելիուսին և ամեն կերպ ջանում է փչացնել նրա կյանքը։ 1672 թ. հունվարին հեռադիտակի շնորհիվ տեսնում է, թե ինչպես է Կոռնելիուս դե Վիտը ազգականին փոխանցում եղբոր և մարքիզ դե Լուվուայի նամակագրությունը։ Իսկ Հաարլեմում՝ «կակաչների մայրաքաղաքում», Ծաղկաբույծների ընկերությունը 100 000 գուլդեն պարգև է խոստանում նրան, ով կաճեցնի առասպելական սև կակաչը։ Երկու հարևանները պայքարի են բռնվում, սակայն վան Բերլեն, բնականաբար, Բոքստելից առաջ է անցնում և աճեցնում է կակաչի երեք սոխուկ։ Հարևանը հիշում է փաստաթղթերի մասին և հայտնում է Դորդրեխտի դատավոր վան Սպենենին: Վերջինս ձերբակալում է Կոռնելիուսին և ուղարկում Հաագա։ Վան Բերլեն նվիրական սոխուկները վերցնում է իր հետ։
Հաագայում նա ծանոթանում է ծերունի Գրիֆուսի հետ, որն իր բանտապահն է։ Վերջինիս դուստրը՝ Ռոզան, սիրահարվում է վան Բերլեին։ Վերջինս, անտարբեր չլինելով Ռոզայի նկատմամբ և հիանալի հասկանալով, որ դատապարտված է կառափնարանի, նրան է կտակում իր երեք սոխուկները։ Բոքստելը՝ ուրիշի անվան տակ գալիս է Հաագա և ծանոթանում է Գերբրուկի՝ Կոռնելիուսի դահճի հետ։ Գերբրուկը խոստանում է մահապատժից հետո Բոքստելին հանձնել հանգուցյալի հագուստը, որտեղ Բոքստելի կարծիքով գտնվում են սոխուկները։ Սակայն մահապատժի ժամանակ հայտնվում է նորաթուխ շտատհալտեր արքայազն Օրանացու սուրհանդակը և հայտնում, որ մահվան դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Ավարը նորից խուսափում է Բոքստելից։
Կոռնելիուսին տեղափոխում են Լևեշտայնի ամրոց։ Ռոզան պաղատում է արքայազն Օրանացուն և վերջինս Գրիֆուսին նշանակում է Լևեշտայնի բանտապետ։ Ռոզան երեկոները հանդիպում է Կոռնելիուսի հետ։ Նրա հսկողությամբ Ռոզան սովորում է գրել և կարդալ, ինչպես նաև աճեցնում է սև կակաչի սոխուկներից մեկը՝ երկրորդը, իսկ երրորդը Ռոզան խնամքով պահում է իր խորդանոցում։ Լևենշտայն է ժամանում ոմն Յակոբ Գիզելս, որը մտերմանում է Գրիֆուսի հետ և ցանկանում կնության առնել Ռոզային։ Իրականում Գիզելսը նույն Բոքստելն է, որը ցանկանում է հայթհայթել սև կակաչի սոխուկը։ Վան Բերլեի սոխուկը ոչնչացվում է Գրիֆուսի հպատակի ձեռքով։ Ռոզայի սոխուկը ծլում է, բայց դրան տիրանում է Բոքստելը և հեռանում է Հաարլեմ։ Ռոզան, իր հետ վերցնելով երրորդ սոխուկը, գնում է նրա ետևից։
Հասնելով Հաարլեմ՝ Ռոզան ուղևորվում է Ծաղկաբույծների ընկերության նախագահ Պետերս վան Սիստենսի մոտ, սակայն վերջինս չի հավատում պատմության իրականությանը։ Սև կակաչը դիտելու համար Հաարլեմ ժամանած արքայազն Օրանացին լսում է Ռոզային, որը նրան ցույց է տալիս երրորդ սոխուկը և Կոռնելիուս դե Վիտի նամակը Բերլեին, որով ապացուցվում է վան Բերլեի անմեղությունը։ Գնդապետ վան Դեկեն արքայազնի հրամանով Լևեշտեյնից բերում է Կոռնելիուսին։ Վիլհելմը սև կակաչի համար նախատեսված պարգևը հանձնում է Կոռնելիուս վան Բերլեին և Ռոզա Գրիֆուսին և տեղում պսակում է նրանց։ Բոքստելը, որը մասնակցում է արարողությանը, մահանում է կաթվածից։ Գրիֆուսը հաշտվում է իր փեսայի հետ: Պաշտոնաթող լինելով նա Կոռնելիուսի և Ռոզայի հետ բնակություն է հաստատումԴորդրեխտում՝ հսկելով կակաչների այգին։

Տես նաև Ալեքսանդր Դյումա Երեք հրացանակիրներ, Կոմսուհի դը Մոնսորո և Ստենդալ Պարմի մենաստանը
Ալեքսանդր Դյումա | Սև կակաչ | համառոտ Ալեքսանդր Դյումա | Սև կակաչ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 21, 2015 Rating: 5
Технологии Blogger.