Փավստոս Բուզանդ | Արշակ և Շապուհ | համառոտ



Պարսից Շապուհ արքան Արշակ թագավորին իր մոտ էր կանչում, որ իրար մեջ սեր, խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն։ Իսկ Արշակ թագավորը թեպետ ուզում էր պատերազմ տալ, սակայն բախվում է Հայոց զորքի դժկամությանը: Ուստի ակամա հրովարտակ է ուղարկում պարսից Շապուհ արքային՝ ինչպես հպատակն իր տիրոջը։ Շապուհը նրան իր մոտ է հրավիրում: Արշակը նրանից խնդրում է երդվել, որ անկասկած լինելով գնա։ Շապուհը պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերում է աղ, կնքում վարազագիր մատանիով և ուղարկում Արշակին, ասելով, որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։ Արշակը վերցնում է իր հետ հայոց սպարապետ Վասակին՝ իր դայակին, ճանապարհ ընկնում, ներկայանում պարսից Շապուհ թագավորին։ 
Շապուհ թագավորը հրամայում է իր խորանի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը և վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնական հողով։ Եվ հայոց Արշակ թագավորին բերել է տալիս իր առաջ և մյուս մարդկանց հրամայում հեռանալ, և նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում է։ Բերում է հայկական հող շաղ տված հատակի վրա, որտեղ Արշակը սաստիկ ըմբոստանալով, հպարտանալով լեզուն փոխում է, սկսում է ըմբոստ խոսել: Շապուհը դարձյալ նրա ձեռքից բռնած տանում է պարսկական հողի վրա, և Արշակը զղջում է ասածների համար, խոնարհվում է, նրա ոտքերն է ընկնում սաստիկ ափսոսում, զղջում է ասածների համար։ Առավոտից մինչև երեկո շատ անգամ է փորձում նրան: Երբ հայկական հող շաղ տված հատակի վրա է տանում, Արշակը խստանում է, ամբարտավանանում, իսկ խորանի բնական հողի վրա լալիս է, զղջում։  Երեկոյան, պարսից թագավորի ընթրիքի ժամին, սովորությունն այնպես էր, որ հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում պարսից թագավորի տախտի վրա, իրար մոտ. իսկ այդ օրը նախ պատրաստեցին այնտեղ գտնված բոլոր թագավորների բազմելու տեղերը, և ամենից վերջը, բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը, որի հատակում հայկական հող էին շաղ տվել։ Բոլորը բազմեցին ըստ իրենց աստիճանների, հետո բերեցին Արշակին։ Նա մի կարճ ժամանակ բազմեց, մնաց մռութները կախած, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին. - Իմն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես։ Վեր կաց այդ տեղից, որ ես բազմեմ, որովհետև մեր Արշակունյաց ազգի տեղն է եղել այդ, իսկ եթե ես իմ աշխարհը դառնամ՝ քեզանից վրեժխնդիր կլինեմ։ Այդ ժամանակ պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս երկաթե շղթաներ բերել, կապկպել Արշակին, տանել Անհուշ բերդ, և կապած պահել մինչև մեռնի։ Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր մոտ բերել Վասակ Մամիկոնյանին, Մեծ Հայքի սպարապետին։ Որովհետև Վասակը փոքր էր մարմնով, պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. - Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ և քաջերին չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ի՞նչպես պետք է իմ ձեռքից ազատվես, ես քեզ աղվեսի մահով պիտի սատկացնեմ։ -Վասակ սպարապետը պատասխան տալով ասաց. - Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով և սուրս էլ վրաս չէ՝ իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա։ Բայց երբ ես դեռ Վասակ էի, ես հսկա էի, մի ոտս մի լեռան վրա էր, մյուսը՝ մյուս լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ կողմի լեռը գետինն էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում՝ ձախ կողմի լեռն էի գետին կոխում։ -Շապուհը հարցնում է. - Չի՞ լինի ասես, այդ ի՞նչ լեռներ են, որ դու տափն էիր կոխում։ - Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը` հունաց թագավորը ։ - Պարսից արքան հրամայեց հայոց Վասակ զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին։ 
Քուշանների Արշակունի թագավորը, որ նստում էր Բալխ քաղաքում, պատերազմ սկսեց պարսից Շապուհ թագավորի հետ, որ Սասանի տոհմից էր։ Եվ Շապուհ թագավորը պարսից բոլոր զորքերը գումարեց ու տարավ նրա հետ պատերազմելու, Հայոց աշխարհից գերության տարած ամբողջ հեծելազորքը նույնպես պատերազմի տարավ, մինչև անգամ հայոց Արշակ թագավորի ներքինուն։ Հայոց Արշակ թագավորի այդ ներքինու անունն էր Դրաստամատ։ Երբ քուշանաց թագավորի և պարսից թագավորի մեջ պատերազմը սկսվեց, քուշանների զորքերը շատ նեղ գցեցին պարսից զորքերին, շատերին կոտորեցին պարսից գորքից, շատերին ձերբակալեցին, մյուսների փախուստի մատնեցին։ Իսկ Դրաստամատն այնտեղ քաջություններ գործեց, Շապուհ թագավորի համար այնչափ կռվեց, որ կարողացավ նրան մահից ազատել և քուշաններից շատերին կոտորեց։ Շապուհ թագավորին էլ փրկեց, երբ նրան պատերազմի խառնուրդի մեջ թշնամիները շրջապատել ու նեղն էին գցել: Իսկ երբ պարսից Շապուհ թագավորը եկավ Ասորեստան, մեծ շնորհակալություն հայտնեց Դրաստամատին նրա ծառայությունների համար և առաջարկեց խնդրել իրենից, ինչ կուզի: Դրաստամատը խնդրեց, որ թույլ տա իր բնիկ տիրոջը՝ հայոց Արշակ թագավորին տեսնել։ Շապուհը նրան տվեց մի հավատարիմ թիկնապահ ու հրովարտակ` արքունական մատանիով կնքված, որ գնա Անհուշ բերդը և ինչպես որ խնդրեց, այնպես էլ վարվի կապյալ Արշակի հետ։ Եվ Դրաստամատը արքունական հրովարտակով թիկնապահի հետ գնաց Անհուշ բերդը, տեսավ իր տիրոջը՝ Արշակին, արձակեց երկաթե կապանքներից, գլուխը լվաց, լողացրեց, ազնիվ զգեստներ հագցրեց, սեղան սարքեց նրա համար, թագավորավայել ընթրիք տվեց, գինի դրեց առաջը, զվարթացրեց, մխիթարեց և նվագարաններով ուրախացրեց։ Երբ աղանդերի հերթը հասավ, նրա առջև դրին միրգ, խնձոր, վարունգ, ամիճ ու դանակ տվին, որպեսզի կտրի և ուտի, ինչպես կամենում է։ Դրաստամատն էլ ոտքի կանգնած՝ նրան շատ ուրախացնում էր և մխիթարում: Արշակը դանակը խրում է իր սիրտը և տեղում մեռնում։ Դրաստամատը, երբ սա տեսնում է, վրա է ընկնում, դանակը քաշում, հանում նրա մարմնից և իր կողը խրում։ Նա էլ նույն ժամին մեռնում է։

Տես նաև Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն, Մովսես Խորենացի Հայոց պատմություն և Ագաթանգեղոս Հայոց պատմություն 

Փավստոս Բուզանդ | Արշակ և Շապուհ | համառոտ Փավստոս Բուզանդ | Արշակ և Շապուհ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 18, 2016 Rating: 5
Технологии Blogger.