Փայտահատի երկամյա որդին կորում է անտառում և մտնում է գայլի որջը, որտեղ ահեղ մայր գայլ Ռաքշայի ձագուկների հետ սկսում է ծծել նրա կաթը։ Ռաքշան որդեգրում է նրան։ Հայր գայլը սովորոցնում է Մաուգլիին որս անել, իսկ Բալու արջը բացատրում է Ջունգլիների օրենքները։ Գայլ-տղան սկսում է հասկանալ թռչունների և օձերի լեզուն, խոտերի և տերևների ամեն շարժման իմաստը։ Նա սովորում է հովազ Բաքհիրայի նման ծառ մագլցել, ձկան պես լողալ ու կապիկի պես ճյուղից ճյուղ ցատկոտել։
Գրքի հերոսները կենդանիներ են, սակայն ապրում են մարդկային կրքերով՝ սիրում են, ատում, դավեր նյութում, նույնիսկ առասպելներ պատմում։ Մարդ Մաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով։ Այդ օրենքները խախտում է միայն շերտավոր հրոսակը՝ վագր Շեր Խանը։
Շեր Խանը Մաուգլիի մահացու թշնամին է։ Նա ի սկզբանե վտանգ է զգում մարդուց և ամեն բան անում է Մաուգլիին վերացնելու համար։ Սակայն Մաուգլին կարողանում է պաշտպանել իրեն, և ի վերջո սպանել շերտավոր թշնամուն, և նրա մորթին փռել Խորհրդի ժայռի վրա։
Մաուգլին չէր կարողանա հաղթել Շեր Խանին, եթե նրան չօգնեին իր բարեկամները՝ եղբայր-գայլերը, իմաստուն Բալու արջը, ջունգլիների սարսափ Բաքհիրա սև հովազը, Աքելա գայլը և Քաա վիշապը։ Ի վերջո, ջունգլիների ամենահզոր բնակիչը մարդն է։ Նույնիսկ իր ցեղակիցների՝ մարդկանց մոտ հեռանալուց հետո Մաուգլին մնում է ջունգլիների տերը։
Գրքի մյուս հայտնի պատմություններից է քաջ Ռիկի Տիկի Տավի մանգուստի մասին հեքիաթը: Սա կռվում է իրեն օթևան տված մարդկանց ընտանիքին սպառնացող օձերի դեմ և հաղթում է նրանց:
Սպիտակ ծովառյուծի մասին հեքիաթում հերոսը՝ Սպիտակ ծովառյուծը, փնտրում է կղզի, որտեղ կկարողանա վերաբնակեցնել իր եղբայրներին և փրկել նրանց մարդկանց հետապնդումներից: Նա 5 տարի շրջում է օվկիանոսի ջրերում և գտնում է այդպիսի կղզի:
Տես նաև Ջեք Լոնդոն Սպիտակ ժանիք, Ռիչարդ Բախ Լիվինգսթոն անունով ճայը և Հերման Մելվիլ Մոբի Դիկ կամ սպիտակ կետաձուկ
Ռեդյարդ Քիփլինգ | Ջունգլիների գիրքը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 31, 2015 Rating: