Ֆրանսիական էպոսը պատմում է Ռոնսևալի կիրճում տեղի ունեցած ճակատամարտի և դրա հետ կապված հանգամանքների մասին: Կառլոս Մեծ արքան 7 տարի պատերազմ է մղում մավրերի դեմ Իսպանիայում: Միայն Սարագոսայի տիրակալ Մարսիլիոսը դեռ չի հպատակվել նրան: Մարսիլիոսը ժողով է գումարում և խորհուրդ է հարցնում իր սարակեններից, թե ինչպես կարելի է խուսափել Կառլոսի հաշվեհարդարից: Ոմն Բլանկադրին առաջարկում է հարցը լուծել խորամանկությամբ: Պետք է կեղծ հաշտություն կնքել, ճոխ ընծաներ ուղարկել Կառլոսին, խոստանալ քրիստոնեություն ընդունել Ախենում, իսկ հետո՝ խաբել: Պատանդները կարող են նաև մեռնել, սակայն ինքը Մարսիլիոսը չի զրկվի գահից և ողջ կմնա:
Կառլոսը լսում է մավր դեսպաններին, ժողով է անում իր բարոննների հետ: Ռոլանդը, իմանալով Մարսիլիոսի նենգության մասին, փորձում է համոզել արքային չհավատալ մավրի խոստումներին: Հակառակ կարծիքի է Գանելոնը՝ Ռոլանդի խորթ հայրը, որը չի սիրում որդուն և անգամ նախանձում է նրան: Որոշում են Մարսիլիոսի մոտ պատասխան դեսպանություն ուղարկել, որը կգլխավորի Գանելոնը: Սա, վերցնելով Կառլոսի ձեռքից ձեռնոցը՝ դեսպանական իրավունքի նշանը, վայր է գցում այն: Բարոնները, տեսնելով դա, հասկանում են, որ փորձանքը անխուսափելի է:
Գանելոնը մեկնում է Սարագոսա: Նրա հետ է մավրերի դեսպան Բլանկադրինը, որի հետ բարեկամանում են և որոշում են կործանել Ռոլանդին: Մարսիլիոսի դղյակում նա մավրերի թագավորին ներկայացնում է իր նախագիծը: Կառլոսն իր հիմնական զորքով կլքի Իսպանիան՝ իր փոխարեն թողնելով Ռոլանդին: Ռոլանդի փոքր ջոկատը դյուրին կլինի ջախջախել: Մարսիլիոսին այս նախագիծը դուր է գալիս և նա ետ է ուղարկում Գանելոնին՝ պատվիրելով փոխանցել, որ ընդունում է Կառլոսի պայմանները:
Գանելոնը վերադառնում է ֆրանկների ճամբար՝ իր հետ բերելով Սարագոսայի բանալին: Առաջարկում է Իսպանիայում թողնել Ռոլանդին իր ջոկատով: Կառլոսը արտասվում է: Չի ուզում բաժանվել Ռոլանդից: Բացի այդ նրան տանջում է վատ կանխազգացումը: Ռոլանդի հետ Իսպանիայում են մնում քաջ ասպետներ Գոթիեն, Օդոնը, Ջերինը, Օլիվերը և արքեպիսկոպոս Տուրպինը: Կառլոսը իր զորքով հեռանում է:
Ռոլանդը և իր ջոկատը մնում են Ռոնսևալի կիրճում: Բլուրի վրա բարձրացած Օլիվերը տեսնում է մոտեցող ուխտադրուժ սարակենների զորքը: Խնդրում է Ռոլանդին փչել փողերը. Կառլոսը դեռ շատ չի հեռացել և կարող է լսել իրեն: Սակայն հպարտ Ռոլանդը հրաժարվում է անել դա: Մավրերը հարձակվում են հետնապահ ջոկատի վրա, և ֆրանկները անհավասար մարտի են բռնվում անհավատների հետ: Ռոլանդը իր զինվորների հետ միասին զոհվում է հանուն «քաղցրիկ Ֆրանսիայի» և քրիստոնեական պատվի: Տեսնելով ընկերների կոտորածն ու մահը՝ Ռոլանդը ի վերջո փչում է փողը: Կառլոսը հասել է Իսպանիայի սահմանին, սակայն լսում է փողի ձայնը: Նա շրջում է իր զորքը և վերադառնում: Ռոլանդի ջոկատից ոչ ոք կենդանի չի մնացել: Գրկելով Ռոլանդի դիակը՝ Կառլոսը արտասվում է և խոստանում է վրեժ լուծել: Նախ կոտորում է մավրերի մեծ զորքը, որ հավաքված էր ողջ մահմեդական աշխարից, ապա դաժանորեն պատժում դավաճան Գանելոնին` ենթարկելով նրան քառատման:
Սակայն ոչինչ չի փարատում Կառլոսի վիշտը: Ռոլանդին անհնար է վերադարձնել…
Ռոլանդի երգը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 08, 2015 Rating: