Մենք կայինք նաև նրանից առաջ և հետո: Պատսպարվում էինք լեռներում, անշունչ քարը դարձնում էինք ձուկ, կավը՝ կարաս: Արշակները մեր՝ Հայրենի հողին ոտքով շփվելով, լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում և ըմբերանում տիրակալներին: Մուշեղները մեր՝ օտար ուժին ընդդիմանալիս նրանց հարեմը գերի առնելով ու ձեռք չտալով ոչ մի կնոջ՝ առնականության և վեհանձնության դաս էին, որ ոսոխն անգամ անգիր էր անում...
Բայց եկել էր եբրայեցին և ասել. «Այս է մարմինն իմ. առեք ու կերեք: Այս է արյունն իմ. ըմպեցեք սիրով»... Հին աստվածների նման չէր: Նրանք ճշտախոս էին, մարդուն մարդ էին ասում, աստծուն աստված: Իսկ սա բոլորին հավասարեցնում է, իրեն էլ մարդ է կոչում: Նա հաստատվում է հին աստվածների փոխարեն, իսկ իր մորը հաստատում է Աստղիկների ու Անահիտների փոխարեն: Ամեն բան փոխվեց: Խոսքով միայն: Մենք այդպես էինք ապրում այդ ժամանակ, Հայաստանն էլ լոկ անուն էր:
Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով Քրիստոսը արդեն որպես բյուզանդացի ուրիշի տուն ու երկիր է մտնում: Օտար վարք ու բարք, օտար ծես ու կարգ է տարածում: Զորքից հետո միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում, և ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝ լեզուն է անում:
Իրավունք չկար երգելու մեր երգը: Անդնդանում էր մի անհայտություն, անորոշություն, որ վատ է անգամ որոշյալ մահից: Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ Նա՝ Այր մի՝ Մեսրոպ Մաշտոց անունով: Նա եկավ աշխարհ՝ պատասխանելու, ոչ թե հարցերի քանակն ավելացնելու: Նա եկավ դառնալու նոր սկիզբ: Նրանից առաջ կային դպրության աստվածներ, սակայն դպրություն չկար: Մեր հայրենիքը կիսված էր: Մաշտոցը հենց այդ կիսվածքի ճեղքից էր ծնվել: Նրա շնորհքով բիրտության տեղ փռվեց կրթություն, քերականություն և պարապմունք: Դա նոր զենք էր, որովհետև լույս էր, արյան դեմ թանաք էր, սրի դեմ՝ գրիչ: Այդ զենքի ուժով հաղթեցինք դաժան ժամանակներին: Մաշտոց են կոչում նրան: Մաշտոց եկավ ապացուցելու, որ կա մի տեղ, որտեղ վերջը դառնում է սկիզբ, որ հրաշք չկա, այլ կա լոկ կարիք, որ ապացուցեց և կոչ է անում ապացուցելու, որ այնտեղ է լոկ սկսվում սխրանքը, որտեղ վերջանում է ամեն մի հնար...
Տես նաև Պարույր Սևակ Անլռելի զանգակատուն և Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Եվ այր մի՝ Մաշտոց անուն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 24, 2015 Rating: