Հենրիկ Իբսեն | Պեր Գյունտ | համառոտ



Գործողությունը տեղի է ունենում 19-րդ դարի Նորվեգիայում, Մորոկկոյում, Սահարայի անապատում, Կահիրեի հոգեբուժարանում, ծովում և դարձյալ Նորվեգիայում: Պեր Գյունտը հարուստ և մի ժամանակ բոլորի կողմից հարգված Յոն Գյունտի որդին է: Հայրը կյանքի վերջում դարձել է հարբեցող և վատնել է ողջ հարստությունը:
Պեր Գյունտն ուզում է վերադարձնել հոր կորցրածը, սակայն երազներից այն կողմ չի գնում: Նրան հարբեցնում և ներքաշում են ծեծկռտուքի մեջ, որից հետո հերոսը գողանում է հարսնացու Ինգրիդին՝ նրա հարսանիքի օրը: Պերին հայտարարում են օրենքից դուրս և նա փախչում է հարազատ գյուղից: Գտնվելով աքսորում՝ նա հանդիպում է երեք սիրատենչիկ հովվուհիների, տրոլների թագավոր Դովրյան պապու դստերը, որի հետ ուզում է ամուսնանալ, և Բեյգեն հրեշին:
Հեգստեդում մի հարսանիքի ժամանակ հանդիպում և սիրահարվում է Սոլվեյգին: Վերջինս գալիս է ապրելու նրա մոտ անտառի խրճիթում, սակայն Պեր Գյունտը լքում է նրան և շարունակում է իր թափառումները: Հերոսը երկար տարիներ բացակայում է հայրենիքից, փոխում է բազում մասնագիտություններ, լինում է ամենատարբեր երկրներում: ԱՄՆ-ում զբաղվում է ստրկավաճառությամբ, Մարոկկոյում դառնում է բեդվինների առաջնորդ, փորձում է գայթակղել բեդվինների առաջնորդի դուստր Անիտրային: Հայտնվում է Կահիրեի հոգեբուժարանում, որտեղ նրան կոչում են «կայսր»: Երբ ծերացած Պեր Գյունտը վերջապես ճամփա է ընկնում տուն, նրա նավը նավաբեկության է ենթարկվում: Նավի վրա նա հանդիպում է Անհայտ նիհար ուղևորի, որը ցանկանում է օգտագործել Պեր Գյունտի մարմինը իր փորձերում՝ պարզելու համար, թե որտեղ են գտնվում երազանքները:
Վերադառնալով հարազատ գյուղ, նա լինում է Ինգրիդի թաղմանը և մասնակցում է աճուրդի, որտեղ վաճառում է նախկին կյանքից մնացած բոլոր իրերը: Այստեղ հանդիպում է կոճակների վարպետին, որը համոզված է, որ Պեր Գյունտի հոգին հարկ է ձուլել մնացյալ կեղտոտ ունեցվցածքի հետ միասին և վերածել կոճակի, եթե, իհարկե, նա չկարողանա բացատրել, թե երբ է իր կյանքում եղել ինքը: Նա եղել է ով ասես, բայց ոչ ինքը: Պեր Գյունտը խնդրում է Կոճակների վարպետին մի փոքր ժամանակ տալ իրեն: Անտառում հանդիպում է Անծանոթ նիհար պարոնին (սատանային), որը համոզված է, որ Պեր Գյունտին չի կարելի կոչել դժողքին արժանի մեղսավոր:
Հուսահատ Պեր Գյունտը գալիս է տուն և տեսնում է իր խրճիթում Սոլվեյգին, որը բոլոր այս տարիներին սպասել է իրեն: Սոլվեյգն ասում է, որ իր համար Պեր Գյունտը միշտ եղել է ինքը:  

Տես նաև Կնուտ Համսուն Պան, Սով և Մաքսիմ Գորկի Պառավ Իզեգրիլը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Հենրիկ Իբսեն | Պեր Գյունտ | համառոտ Հենրիկ Իբսեն | Պեր Գյունտ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 14, 2015 Rating: 5
Технологии Blogger.