Հանս Քրիստիան Անդերսեն | Ջրահարսը



Ծովի խորքում գտնվում է ամուրի ծովային թագավորի դղյակը: Նրա դստրերի՝ ջրահարսների մեջ առանձնանում է կրտսերը: Նա մտածկոտ է, ունի ծովի նման կապույտ խորը աչքեր: Սիրում է իր փոքրիկ այգին և հաճախ է հիշում գեղեցիկ տղային, որը ծովի հատակն էր իջել կործանված նավի հետ միասին: Ջրահարսը երազում է մարդկանց աշխարհի և ցամաքային կյանքի մասին:
Իր տասնվեցերորդ տարեդարձի օրը նա ըստ ավանդույթի բարձրանում է ջրի երես: Տեսնում է եռակայմ նավը, որից երաժշտություն է լսվում: Տեսնում է հրաշալի արքայազնին, որն ունի մեծ սև աչքեր: Բարձրանում է փոթորիկ, նավը շուռ է գալիս և սկսում է սուզվել: Ջրահարսը փրկում է խեղդվող արքայազնին և ափ է դուրս բերում նրան: Ինքը վերադառնում է ծով: Հեռվից տեսնում է, թե ինչպես են հավաքվում մարդիկ և ինչպես է նրանց օգնությամբ ուշքի գալիս արքայազնը:
Վերադառնալով յուրայինների մոտ՝ ջրահարսը ամեն բան պատմում է քույրերին: Տատիկից իմանում է, որ մարդկանց կյանքն ավելի կարճ է, քան ջրահարսներինը: Ի տարբերություն մարդկանց՝ նրանք չունեն հոգի և մահից հետո վերածվում են փրփուրի: Նրանք կարող են հոգի ձեռք բերել, եթե որևէ մահկանացու սիրի իրենց: Սակայն դրան խանգարում է ձկան պոչը, որն ունեն ջրահարսները: Որպեսզի դուր գան մարդկանց, նրանք պիտի ձեռք բերեն ոտքեր:
Ջրահարսը գնում է ծեր վհուկի մոտ: Սա պատրաստում է թուրմ, որը խմելով, ջրահարսը կկորցնի ձկան պոչը և կունենա գեղեցիկ ոտքեր, ինչպես մարդիկ, սակայն նա այլևս չի կարող վերադառնալ ծով և բացի այդ, եթե արքայազնը ամուսնանա ուրիշի մեկի հետ, ջրահարսի սիրտը կտոր-կտոր կլինի և նա կդառնա փրփուր: Թուրմի դիմաց վհուկը վերցնում է ջրահարսի գեղեցիկ ձայնը և կտրում է լեզուն:
Շուտով ոտքեր ձեռք բերած, բայց համր ջրահարսը ցամաքում հանդիպում է արքայազնին: Նրա բոլոր հարցերին ի պատասխան լռում է, քանի որ չի կարող խոսել: Պալատում նրան գեղեցիկ զգեստներ են հագցնում, և նա դառնում է առաջին գեղեցկուհին: Արքայազնը սիրում է նրան որպես փոքր երեխայի: Մտքով անգամ չի անցնում ամուսնանալ նրա հետ:
Ծնողների պահանջով արքայազնը մեկնում է հարևան թագավորություն՝ ծանոթանալու այնտեղի արքայադստեր հետ: Տեսնելով իրար արքայազնն ու արքայադուստրը սիրահարվում են և նշանակվում է հարսանիք: Նրանք նավով վերադառնում են արքայազնի հայրենիք: Առավոտյան նրանք կհասնեն տեղ, իսկ հիմա երեկո է: Դրանք ջրահարսի վերջին ժամերն են: Երբ բացվի նոր օրը, նրա սիրտը կտոր-կտոր կլինի, և նա կդառնա փրփուր: Տախտակամածին նստած տեսնում է իր քույրերին, որոնք տվել են իրենց բոլոր զարդերն ու անգամ վարսերը վհուկին, որպեսզի սա ջրահարսին փրկելու հնար մոգոնի: Վհուկը տվել է նրանց սուր դաշույն, որով ջրահարսը պիտի խոցի արքայազնի սիրտը:
Ջրահարսը մտնում է արքայազնի վրանը և տեսնում է, որ հարսնացուի գլուխը դրված է իր սիրեցյալի կրծքին: Նա համբուրում է արքայազնին, նետում է դաշույնը ջրի մեջ և ինքն էլ հանձնվում է ալիքներին՝ դառնալով փրփուր:
Ջրահարսը միանում է օդի ոգիներին: Նա չունի հոգի: Տեսնում է, ինչպես են իրեն փնտրում և համբուրում է արքայազնի հարսնացուին: Հետո օդի մյուս զավակների հետ միասին բարձրանում է դեպի վարդագույն ամպերը:

Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Հեքիաթներ 
Հանս Քրիստիան Անդերսեն | Ջրահարսը Հանս Քրիստիան Անդերսեն | Ջրահարսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 09, 2015 Rating: 5
Технологии Blogger.