Ակսել Բակունց | Մուրոյի զրույցը | համառոտ


Հերոսն ընկերոջ հետ Մաղդայում են, Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում: Նստել են քարին, հիացմունքով նայում են դաշտին և փորձում գտնել ծանոթ գյուղերը: Նրանց հետևում Մաղդան է՝ տափարակ կտուրներով նոր տներ կանաչների մեջ: Մի քիչ հեռու արտերն են: Հնձվորը երգ է երգում, որն ընդհատվում է, երբ նա կռանում է: Հետևից մեկը սուլում է: Ետ են նայում: Հովիվն է, որ վաղուց տեսել է իրենց: Իջնում է, կաղում է: Անունը Մուրո է: Մի ոտը կարճ է, դեմքը ծաղկատար է, ձախ աչքի տակը՝ ճոթռած: Նրա զգեստը, գդակը, դեմքը, ձեռքերը համարյա հողագույն են, բայց մի քաղցրություն կա միամիտ ու կոշտ դեմքին: Ընկերը հարցուփորձ է անում Մուրոյին՝ կարդալ գիտի՞, Լենինի անունը լսած կա՞: Մուրոն կարդալ չգիտի, բայց Լենինի մասին զրույց էլ գիտի և պատմում է: Լենինը ռուս էր, գնում է ուսումնարան, խնդրում, որ իրեն վերցնեն, չքավոր է, ուզում է ուսում ստանալ: Ընդունում են, սովորում է, խելքի գալիս: Հասկանում է, որ աշխարհի վնասը թագավորից է, ուսումնարանի տղաներին առաջարկում է կազմակերպություն ստեղծել և կռիվ տալ: Թագավորը իր հավատարիմ մարդուն ուղարկում է երկրով մեկ շրջելու, իմանալու, թե ժողովուրդն ինչ է խոսում թագավորից: Մարդը վերադառնում է միայն յոթ տարի անց, պատմում, որ տասներկու տարեկան մի տղա՝ Լենին անունով, թագավորին փորձանք կբերի: Թագավորը հրամայում է աքսորել այդ Լենինին: Քշում են, բայց էլի չի խրատվում: Լենինի եղբայրը, իմանալով, որ եղբորը աքսորել են, որոշում է գնալ ու մորթել թագավորներին: Թագավորը դա էլ է իմանում և բերել է տալիս Ալեքսանին և թրով զարկում: Լենինը արցունք է թափում եղբոր համար, բայց էլի ուժեղանում է, ընկերներին առաջարկում «գազեթ» սարքել: Որոշում է, որ պիտի զենք վերցնեն ու կռվեն թագավորի դեմ: Թագավորը հրամայում է մորթել Լենինին: Բայց չքավոր բանվորները, մտածելով, թե առանց Լենինի իրենց ով ուղիղություն ցույց կտա, իրենք էլ ընդդիմանում են թագավորին: Այսպես հավաքվում են ու զենքով գնում թագավորի պալատ: Լենինը թրով ճեղքում է թագավորի գլուխը, երկու կես անում, տապալում նրան: Հարստությունը բաժանում է չքավորների մեջ ու ասում, որ հիմա գնան, հանգիստ ու խաղաղ ապրեն, էլ կռիվ չի լինելու: Այդ մասին որոշում են գրում, և լինում է խորհրդային իշխանություն: Հարուստների մի մասը մահանում է, մի մասը փախչում, բայց մեկը մնում է: Սա մտածում է հնար գտնել Լենինին վերացնելու համար ու  մի աղջկա է ուղարկում նրա մոտ: Սա ասում է, թե խնդիր ունի, ու երբ ֆայտոն են նստում Լենինի հետ, աղջիկը խփում է նրան: Լենինը պատվիրում է չսպանել աղջկան և իմանալ, թե ով է ուղարկել: «Հարուստի փոր-փսոր լե տրորին, էղավ հավասար»: Հետո Լենինը հիվանդանում է և մահանում, ժողովուրդը յոթ օր, յոթ գիշեր սուգ է անում, նրան թաղում մի բարձր տեղ, որ արևին մոտ լինի: Մուրոն գնում է: «- Հը, ո՞նց էր….»- հարցնում է հերոսը ընկերոջը:    «-Երբեք չէի սպասի…»:
Ընկերները նստում են մինչև իրիկվա նրբին լազուրը հալչում է մութի մեջ:
Կարծես մութ օվկիանի վրա լողում են հրավառ նավեր

Ակսել Բակունց | Մուրոյի զրույցը | համառոտ Ակսել Բակունց | Մուրոյի զրույցը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 01, 2015 Rating: 5
Технологии Blogger.