Իր մասշտաբներով Քսենոփոնի «Անաբասիսի» հաղորդած իրադարձությունն աննշան է: Մեկ բյուր (տասը հազար) հույն վարձկան զինվորներ մասնակցում են պարսկական տերության մեջ տեղի ունեցող հերթական ապստամբությանը, արշավում են Պարսկաստան՝ գահի հավակնորդի առաջնորդությամբ, և նրա վախճանից հետո թշնամի երկրի միջով նահանջում դեպի հայրենիք:
401 թ. գարնանը դուրս գալով Սարդեսից՝ Լիդիայի, Փռյուգիայի և Կապադովկիայի սատրապ Կյուրոսը, որը հայտնի է «Կրտսեր» անունով, բազմաքանակ զորքի գլուխ անցած արշավում է եղբոր՝ պարսից արքա Արտաքսերքսես Երկրորդ Մնեմոնի դեմ: Կտրելով Փոքր Ասիան՝ արշավող բանակը, որի թվում կար նաև հույն վարձկանների մի մեծ ջոկատ, Կիլիկիայի և Ասորիքի վրայով մուտք է գործում Միջագետք և Եփրատի ձախ ափով առաջ է շարժվում դեպի հարավ: Չհասած Բաբելոն քաղաքին, Կունաքսայի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտը, որի ելքը աղետաբեր է դառնում Կյուրոսի համար: Նա սպանվում է, իսկ բանակը ցաք ու ցրիվ է լինում: Վարձկան հույներին այլ բան չի մնում, քան ետ վերադառնալու ուղիներ փնտրել:
Այս ոչ շատ մեծ իրադարձությունը հսկայական արձագանք է գտնում անտիկ աշխարհում և մտնում է օրինակելի սխրանքների շարքը: Ք. ա. 36 թ. հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, իր պարթևական արշավանքի ձախողումից հետո թշնամի երկրի միջով նահանջելիս հիշում է հունական Տասը հազարին:
Քսենոփոնը իր գրչին ազատություն և պատմածին ավելի կշիռ տալու նպատակով «Անաբասիսը» հրապարակել է ուրիշի անվամբ (ոմն Թեմիստոգենես Սիրակուսացու): Արշավանքի սկզբում Քսենոփոնը ստվերում է: Նա առաջին պլան է դուրս գալիս այն բանից հետո, երբ Կունաքսայի ճակատամարտից հետո հույներն ընկնում են ծանր վիճակի մեջ: Այդժամ Քսենոփոնը աստվածների ներշնչմամբ հորդոր է կարդում զինվորներին, վստահություն ներշնչում նրանց իրենց ուժերի նկատմամբ և ընտրվելով զորավար փաստորեն ստանձնում է բյուրի ղեկավարությունը: Հետագա ողջ նահանջի ընթացքում զորքի բոլոր հաջողությունները կապվում են Քսենոփոնի նախաձեռնության, իմաստնության և եռանդի հետ:
Քսենոփոնը իր երկում նշում է ոչ միայն կատարված անցումների թիվը, այլև յուրաքանչյուրի երկարությունը՝ մասամբ պարսկական փարսախներով, իսկ մասամբ էլ ասպարեզներով: Քսենոփոնը Կյուրոսի հետ արշավելիս անցնում է ողջ Փոքր Ասիան և Հյուսիսային Միջագետքը, տեսնում է բազմաթիվ երկրներ, քաղաքներ ու բնակավայրեր, հաղորդում է պարսիկների վարք ու բարքի մասին: Սակայն եզակի կարևորություն է ձեռք բերում նրա պատմածը այն բանից հետո, երբ սկսում է Բյուրի նահանջը անծանոթ ու թշնամի երկրների միջով: Հույները կտրում-անցնում են Հայկական լեռնաշխարհը հարավից հյուսիս-արևմուտք, Վանա լճից հարավ ընկած Կարդուխների երկրից դեպի Սև ծովի ափերը և այնուհետև ընթանում են հարավային ափի երկայնքով: Ծանոթանում են տասնյակ ցեղերի ու ժողովուրդների հետ:
Հելլենների հետ են նրանց աստվածները, որոնց հետ ամեն օր շփվում են զոհաբերությունների և հարցումների ձևով: Մոռացության չեն մատնվում նաև ավանդական մարմնամարզական մրցությունները:
Քսենոփոնը ներկայացնում է Բյուրի դավադրաբար սպանված երեք զորահրամանատարների՝ Կլեարքոսի, Պրոքսենոսի և Մենոնի բնութագիր դիմանկարները: Դրանից առաջ նա տալիս է Կյուրոս Կրտսերի հմայիչ դիմանկարը: Տալիս է նաև բարբարոս Տիսսափեռնեսի, Արիայոսի և ուրիշների դիմանկարները:
Առատ են արշավանքի տեսարանների, ռազմական գործողությունների, առանձին ընդհարումների, առօրյա դեպքերի, խնջույքների նկարագրությունները:
Քսենոփոն | Անաբասիս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 10, 2015 Rating: