Ավետիք Իսահակյան | Գարիբալդիականը | համառոտ


Օդեսայում ապրած ժամանակ հեղինակը ճանաչել է ծեր իտալացի կոշկակար Ջիովաննիին, իր թուլակազմ, եղնիկի պես վախկոտ, տասը-տասներկու տարեկան աղջիկ-թոռնիկի հետ: Մի անգամ այցելում է ծերուկին իր արհեստանոցում, որտեղ սա մրմնջում է «Մարսելեզը»: Ծերուկի անշուք, մերկ սենյակի մեջ աչքի է ընկնում ոսկեզօծ շրջանակի մեջ դրած Գարիբալդիի պատկերը, որ կախված է ծերունու գլխի վերևը: Այն հարցին ի պատասխան, թե սիրում է արդյոք Գարիբալդիին, ծերուկը, պատմում է իտալացի հերոսի հետ անձնական շփման դիպվածը:
Նրա զինվորներից է եղել՝ «Ալպյան որսորդների» բանակի քաջերից մեկը, նրա «Հազարյակի» մշտական կամավորներից: Այն ժամանակ քսան և հինգ տարեկան երիտասարդ էր: Գարիբալդիի հետ արծվի պես մղվում էր մյուս զինվորների հետ թշնամու բանակի սիրտ և փոթորկի ուժով քշում նրանց աշնան տերևների պես-այդ կանոնավոր թնդանոթավոր, ավստրիական-կայսերական բանակները: Նրանց քշում են մինչև Վենետիկի լագուները: Բայց Ֆրանսիայի կայսրը նամակ է գրում Գարիբալդիին և արգելում առաջ գնալ: Գարիբալդին զայրացած պատռում է կայսրի նամակը և պատռած կտորները ետ ուղարկում նրան, իբրև պատասխան: Բայց երբ Իտալիայի թագավորն է նամակ գրում Գարիբալդիին, որ դադարեցնի արշավանքը, Գարիբալդին հնազանդվում է, զորքը տանում սուրբ Մարկոսի քաղաքի մոտերքից: Ջիովաննիի ընկերներից  շատերն ընկնում են կռվի սուրբ դաշտում, իսկ իրեն բախտը ուրիշ բան էր կամեցել: Նա տեսնում է Իտալիան ազատագրված, վերամիավորված, սակայն մի նոր գերության մեջ հայտնված: Աղքատ է շատ Իտալիայի գյուղացին ու բանվորը, իր որդին սպանվել է կառավարության զինվորների ձեռքով, մի բանվորական գործադուլի ժամանակ, իսկ հարսը՝ գործարանի ծանր աշխատանքից թոքախտից մեռնում է: Ծերունին նավ է նստում և պանդուխտ դառնում՝ գերադասելով ապրել օտարության մեջ: Հիմա ապրում է իր թոռան համար: Ծերունին երկար նայում է պատին կախված Գարիբալդիի նկարին: Տիրում է մի երկյուղ լռություն:
Այդ ժամանակ ներս է մտնում թոռնիկը և վախվխելով բարևում հեղինակին: Հեղինակը վեր է կենում, համբուրում ծերունու կոշտացած, սևացած ձեռքը, գլուխ տալիս և հեռանում:
Տարիներ հետո, երբ նորից լինում է Օդեսայում, շատ է որոնում ծերունուն, բայց չի գտնում:
«Ո՞վ գիտե, ուր է նա հիմա. արդյո՞ք նորից հոգին շքեղ երազների մեջ` գրկել է և ամուր սեղմել մանր ու չնչին մարդկանց կոշիկները իր առնացի, հերոսական սրտի վրա և համբերությամբ կարկատում` իր վերջին պարտքը կատարելով թոռնիկի հանդեպ, թե գոյության կռվի դաժան ալիքները, որ այնպե՜ս գռեհիկ են դեպի մեծություններն ու գեղեցկությունները, վերջնականապես խորտակել են այդ չքնաղ բեկորը և հողերի հավասարացրել և որբուկին թողել ապերախտ հայրենիքից դուրս, նյութապաշտ մարդկանց մեջ` խեղճ ու անօգնական»:

Ավետիք Իսահակյան | Գարիբալդիականը | համառոտ Ավետիք Իսահակյան | Գարիբալդիականը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 08, 2016 Rating: 5
Технологии Blogger.