
Հունվար: Չորս օր գիշեր-ցերեկ ձյուն է եկել: Փողոցներում ձյան վրա բարակ արահետներ կան, տնից տուն ձգվող, որից ամենից տրորվածը դեպի գյուղամիջի աղբյուրն է տանում: Եզ ու կով ձմռան այդ սաստիկ սառնամանիքին տաք գոմերից ջրելու տանելը դժվարագույն գործ է: Օջախները միշտ վառ են: Ցերեկով երբեմն, երբ արև է անում, շտապ ներս ու դուրս են անում, տավարը տեղավորում, փայտ ու աթար բերում: Հեղինակը երբեք չի մոռանա ձմռան այդ գիշերը: Երեխաներով կուչ են եկել քուրսու մոտ, ոտքերը վերմակի տակ, իրար մոտեցել ու լսում են պապին, որ բարձերին թիկն տված, շորերն առանց հանելու մտել է տեղաշորի մեջ, պատմում է հին օրերից:
- Պապի, սուս... դուռը չանգռում են, - ընդհատում է նրան հեղինակը:
Քեռին ետ է քաշում դռան հաստ կապը: Ներս է գալիս Ավանը, որը Առաքելի՝ երեխաների հոր հետ գնացել է անտառից գերաններ բերելու: Վայ է կանչում և տնքում: Շորերը, փափախը, տրեխները ձյունով ծածկված, բեղերից, փափախի մազերից սառցի կտորներ են կախվել: Քեռին մահակի ծայրին փալաս է փաթաթում, գունդ անում դդումի չափ, կոխում սև նավթի կարասի մեջ: Կտուրի վրայով ինչ-որ մարդիկ են անցնում: Քեռին գոռում է ձիու վրա, որը դժկամությամբ է տաք գոմից դուրս գալիս: Իսկ Ավանը, որ մտել է քուրսու տակ ու միայն գլուխն է երևում, մերթընդմերթ տնքում է, ասում.
- Վայ՛, ապերս, վա՛յ...Էս ի՞նչ փորձանք էր...
Ավանը Առաքելի հետ եզները տեղափոխելիս Լուս խաչեր կոչվող տեղում չեն կարողացել բորանից թաքնվել ժայռի ակոսում:
- Գետին որ հասանք, Ալա եզանը ոտը սլխկաց, սառնը կոտրեց, քիչ մնաց եզն ընկներ...Ապերը թռավ լուծի վրա, թռնելիս փափախն ընկավ...Վազ տվի, ընկա ջուրը, փափախը ձեռքս ընկավ, տվի իրեն...Հասանք Լուս խաչերը...Էլ ճար չկար, ոչ ճանապարհ էր երևում, ոչ քար, ոչ սար...Ապերս թե՝ Ավան, ես եզների մոտ մնամ, դու թռի, հավարը քցի, թե չէ ձյունը մեզ կխեղդի...Մինչև հասա, էլ ինչ ասեմ, տարի քաշեց: Ու ցածր ձայնով ավելացրեց.
- Ինքն էլ մի քիչ քեֆով էր...Ցուրտը որ նեղում էր, կանգնում էր, բութուլի բերանը բաց անում...Եզներն էլ էին մոլորվել, փնչացնում էին, թաղվում ձյունի մեջ...Երկու գերան թողինք գետի են կողմը...Հիմա ով գիտի ձյունը ծածկել է…
Քիչ հետո գնացողները գալիս են: Բակում լսվում է ոտների ձայնը, ձիու վրնջոցը: Ներս են գալիս 2 հոգի և բերում Առաքել ապոր մարմինը: Փեյին են վառում, որ տաքացնեն Առաքելին:
- Փորձանքը մարդուց մշտական անպակաս է... – ասում է ջաղացպանը, որը նոր ներս մտածների թվում է: - Էն տարին էլ Սարվանենց ալևորն էր մնացել ձյունի տակ...Եկա տեսա փետացած, գերանի պես մեկնված: Տարանք էլի փեյինը ճեղքեցինք, դրինք մեջը: Մի քիչ հետո ետ եկավ...
Սակայն Առաքելին ետ բերել չի լինում: Մի քիչ հետո Առաքելը իմաց է տալիս, որ չի շնչում:
Ակսել Բակունց | Ձմռան մի գիշեր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 07, 2016 Rating:
