Կար-չկար մի արքայազն: Նա ուզում էր ամուսնանալ միայն իսկական արքայադստեր հետ: Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածին գտնի, բայց՝ իզուր: Արքայադուստրեր շատ կային: Բայց իսկական էին, թե ոչ, նա ոչ մի կերպ պարզել չէր կարողանում: Բոլորն էլ ինչ-որ պակասություն ունեին: Եվ ահա նա տուն վերադարձավ շատ վշտացած:
Մի անգամ երեկոյան եղանակը խիստ վատացավ: Որոտում էր ամպրոպը, փայլատակում էր կայծակը և անձրևը հորդում էր ասես դույլից: Ահա այդ ժամին քաղաքի դարպասը բախեցին և ծերունի թագավորը գնաց բանալու: Դարպասի առաջ կանգնած էր մի արքայադուստր: Ամբողջությամբ թրջվել էր: Ծեր թագուհին որոշում է ստուգել արքայադստերը և պարզել, իսկական արքայադուստր է, թե ոչ: Նա մտավ ննջարան, մահճակալից վերցրեց բոլոր ներքնակները և բարձերը, տախտակի վրա մի սիսեռահատիկ դրեց, հետո այդ հատիկը ծածկեց 12 ներքնակով, իսկ ներքնակների վրա էլ 12 հատ բարձ դրեց, որոնք լցված էին փափուկ փետուրներով: Արքայադստերը պառկեցրին այդ մահճակալին և նա ամբողջ գիշեր այդտեղ պառկած մնաց: Առավոտյան նրան հարցրին, թե ինչպես քնեց: Եվ նա պատասխանեց, որ սոսկալի վատ: Ասաց, որ ամբողջ գիշեր աչք չի փակել: Աստված գիտի, թե ինչ էր ընկել նրա անկողնու մեջ: Նրան թվում էր, թե պառկած է ինչ-որ կոշտ բանի վրա, այնպես որ հիմա նրա մարմինը անտանելի ցավում է: Ահա այդժամ բոլորը հասկացան, որ նա իսկական արքայադուստր է: Չէ՞ որ նա 12 ներքնակի և նույնքան բարձերի տակից էլ զգացել էր սիսեռահատիկի կոշտությունը: Այդքան նուրբ ու զգայուն կարող էր լինել միայն իսկական արքայադուստրը: Արքայազնը նրան կնության վերցրեց, քանի որ չէր կասկածում, որ նա իսկական արքայադուստր է: Իսկ սիսեռահատիկը տարան-դրեցին թանգարանում և եթե որևէ մեկն այն չի գողացել, ուրեմն այն մինչև հիմա էլ դրված է այդտեղ:
Տես նաև Անդերսեն Հեքիաթներ
Հանս Քրիստիան Անդերսեն | Արքայադուստրը սիսեռահատիկի վրա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 08, 2016 Rating: