Նովալիս | Հայնրիխ ֆոն Օֆթերդինգեն | համառոտ


Հեղինակը հերոս է դարձրել միջնադարյան բանաստեղծի կիսաառասպելական կերպարը: Պատկերված իրականությունը զուրկ է իրական պատմական նշաններից: Հայնրիխը համակված է երազում տեսած Երկնագույն ծաղկով, որը ռոմանտիկական անուրջի հանգանակն է: Նրան կարելի է հասնել անձի ներաշխարհում պոեզիայի, սիրո և իմացության միջոցով:
Աուգսբուրգ ճանապարհորդելիս Հայնրիխը հանդիպում է զանազան մարդկանց, ունկնդրում նրանց, ստանում է զանազան տպավորություններ: Վաճառականներից նա իմանում է պոեզիայի մոգական, աշխարհը վերափոխող ուժի մասին: Խաչակիրը պատմում է նրան պատերազմների, արևելցի գերուհին՝ հեռավոր երկրների էկզոտիկայի մասին, հանքափորը՝ Հայնրիխի առաջ բացում է ընդերկրյա աշխարհի գաղտնիքները, ճգնավորը՝ մարդկային պատմությունը: Աուգսբուրգում Հայնրիխը հանդիպում է Կլինգզորին և նրա դուստր Մաթիլդին, հանձին որի ճանաչում է Երկնագույն ծաղկի խորքում առկայծող դեմքը:
Սրանով ավարտվում է վեպի առաջին մասը: Այստեղ պատկերվում է հերոսի կողմից աշխարհի հայեցողական ընկալման ընթացքը: Երկրորդ, անավարտ մասում Հայնրիխին վիճակված է դառնալ բանաստեղծ: Վեպում զգալի տեղ են բռնում զրույցները, որոնք ավելի, քան ֆաբուլային գործողության զարգացման ընթացքը, բացահայտում են հեղինակի գաղափարները: Նովալիսի համար կարևորը ոչ թե աշխարհի նյութական, այլ հոգևոր էությունն է: Նա չի ձգտում պատկերել իրականությունը, այլ լոկ սիմվոլիկ նշում է նրա ուրվագիծը: Վեպի առաջին մասն ավարտվում է Կլինգզորի հեքիաթով, որ բովանդակում է սիրո և պոեզիայի օգնությամբ աշխարհը վերակենդանացնելու գաղափարը: Բանաստեղծի կոչումը, ըստ Նովալիսի, ուժ է, որ նպաստում է ոչ միայն աշխարհի իմացությանը, այլև վերափոխմանը:
Ոգու բանաստեղծական զարգացման ընդհանրացված պատկերը պահանջում էր գեղարվեստական մարմնավորման հատուկ միջոցներ: Վեպի պոետիկան ամբողջովին սիմվոլիկ է: Սիմվոլներում միախառնվում են անցյալն ու ներկան, իրականությունն ու անուրջները: Վերացական հասկացություններն օժտված են պոետական արտահայտչականությամբ: Բավական է հիշել Երկնագույն ծաղկի տեսիլքը: Այդ պատկերի մեջ ամփոփված խորհրդանիշի բազմիմաստությունը չի խանգարում նրա գեղարվեստական մատուցման յուրահատուկ կոնկրետությանը: Մենք տեսնում ենք ժայռերի խորունկ կապույտը վտակի ափին և ջրի վրա խոնարհված ծաղկի լայն, փայլուն թերթիկները, կյանքի տրոփյունը նրա մեջ: 

Նովալիս | Հայնրիխ ֆոն Օֆթերդինգեն | համառոտ Նովալիս | Հայնրիխ ֆոն Օֆթերդինգեն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 27, 2016 Rating: 5
Технологии Blogger.