Վրթանես Փափազյան | Չռչռ-քար | համառոտ


Հեղինակը ընկերների հետ հեռանում է քաղաքից և սայլով գալիս քարքարոտ մի տեղ: Հասնում են Չռչռ-քար, որը ժայռոտ և անտառապատ լեռ է, որ ցցված է կնճռոտ ձորակի ծայրին: Այդ վայրերը նշանավոր են նրանով, որ այդտեղ են սպանվել Հասար գյուղի չորս հայտնի եղբայրները: Ընկերներից մեկը սկսում է պատմել Չռչռ-քարի մասին: Հասարցի չորս եղբայրներն իրենց գյուղի կտրիճներն էին: Մեծը, որ հիսնամյա հսկա մարդ էր, լեռների հարազատ ծնունդը, ամուսնացած էր, միայն մի մանուկ ուներ, տասնամյա տղա, մյուսները ամուրի էին, ամուրի էլ մեռան: Հաբեթ աղան բազմահարուստ մի աղա էր իր շրջանում, հարուստ և լիրբ: Փողի ուժը փորձել և լրբացել էր: Փողը տեր և իշխան էր ամեն բանի: Հարուստը կարող էր գոռալ, կանչել, հայհոյել, ծեծել: Եվ Հաբեթ աղան փող ուներ շատ: Դիզել էր նա բավական: Տոկոսով էր տալիս: Գյուղացիներին էր ստրուկ շինել, մուրհակներով, գրավներով շղթայել, հետո, շրջանը մեծացրել էր այնքան, որ հասել էր մինչև Հասար և հեռուն: Գյուղացի չկար, որ պարտք չունենար նրան: Նրա մեռնելուց հետո որդին քաղաքում փողը ցորենի նման բռով դեսուդեն ցրելով` հազիվ 3 – 4 տարում հասավ իր շորերը ծախելու օրին: Բանն այն է, որ խեղճ Սողոմոնն ու իր եղբայրները վաղուց պարտք ունեին աղային: Մի տարի հիվանդությունը կոտորել էր գոմեշներին, եզներն էլ սովածությունից ընկել-սատկել էին: 200 ռուբլի 40 տոկոսով առել էին, պարտքն էլ ձնագնդի նման գլորվել, սար էր դարձել: Հաբեթ աղան, երևի որովհետև Սողոմոնը շատ խոնարհ ողջույններով չէր հանդիպել նրան, թշնամացել էր հետը և այժմ իր փողն էր ուզում: Սողոմոնն էլ շատ դես ու դեն է անում, լուր է ուղարկում, աղաչում, բայց տեսնում է, որ աղան անդրդվելի է, մի օր չարուխները հագնում, ոտքով Դուզան է գալիս, որ անձամբ աղաչի, գուցե մուրհակը կարողանա նորոգել տալ: 20 – 30 մանեթ ճարում է, որ տոկոսները վճարի, գուցե խղճա և ժամանակ տա: Սակայն Հաբեթ աղան մի թունդ, լկտի հայհոյանք է բաց թողնոմ, և մի մեծ ապտակ հասցնում Սողոմոնին: Սողոմոնն էլ մոռանում է աղա, պարտք, անճարություն, արյունը գլխին է խփում, այնպիսի հարված է հասցնում աղային, որ սա պառկում է: Նրանց փորձում են հաշտեցնել, չեն հաշտվում: Այդ ձմեռ Սողոմոնն ու ընտանիքը, բոլոր եղբայրները, մնում են համարյա անոթի: Աղան ամեն կերպ աշխատում է և փողի ուժով հաջողվում է հասցնել նրանց այդ դրության: Խլում է տավարը, խոտը, կալի արդյունքը: Սողոմոնի կինը կրած տանջանքներից մեռնում է, թողնելով որբ տասնամյա մանուկին: Գարունը երբ բացվում է, այլևս չկան ոչ եզ, ոչ գոմեշ, ոչ սերմացու, ոչ փող: Չորս եղբայրները դառնում են օրվա հացի կարոտ մարդիկ: Եվ խորունկ զայրույթ է բռնկվում մի ժամանակ մեծ, առատ տան զավակների սրտի մեջ: Եղբայրներին թողնում են ամեն ինչ և ընկնում լեռները: Մի գիշեր էլ զինված, իջնում են Դուզան, գտնում գյուղի գիշերապահներից մեկին, ստիպում, որ նա մի պատրվակով բաց անել տա Հաբեթ աղայի տան դուռը, ներս են նետվում և բռնում աղայի կոկորդից: Մեկը գտնում է բոլոր մուրհակները, վառում է, իսկ Սողոմոնը վար է բերում տանտիրոջ արծաթապատ հրացանը, կամենալով զրկել նրան պաշտպանվելու միջոցից: Սպառնում է սպանել, եթե ցույց չտա փողի տեղը: Այդպիսով մտածում է իրենց քանդած տունը վերանորոգող գումար ձեռք բերելուց հետո` թողնել հեռանալ: Եղբայրները գոհ, պատրաստվում են հեռանալու: Սողոմոնը կամենում է հետը վերցնել նաև աղայի լի հրացանը, վախենալով, որ հետևիցը չխփեն իրեն: Հաբեթ աղան բռնում է հրացանի փողից և չի թողնում, որ տանեն: Աղայի կինը սթափվում է, դուրս է սպրդում և ճիչ ու աղմուկ բարձրացնում: Լսվում է աղմուկ, շների հաչոց: Պետք էր փախչել, բայց աղան ձյութի պես կպել է հրացանից, ոչ աքացիները, ոչ գլխին տված բռունցքները, ոչինչ չեն հաջողվում պոկել նրան: Եղբայրները հասկանում են, որ վաշխառուն դիտմամբ է սարքում այս տեսարանը, մինչև օգնության հասնեն, բռնեն նրանց: Սողոմոնը քաշում է բլթակը: Լսվում է մի խուլ թնդյուն, հետո բարձրանում են ճիչեր, աղմուկ և չորս եղբայրները հազիվ կարողանում են իրենց դուրս նետել գյուղից, մտնել անտառները և ազատվել հետապնդումից: Այլևս նրանք ղաչաղներ են: Այսպես նրանք փախստական` ապրում են ամբողջ ամառը: Ձիավորների զինված խմբերը նրանց հետևից ընկած` որոնում-գտնում են, բայց միշտ փախստականներին հաջողվում է ազատվել, մինչև մի օր, այդ դժբախտ Չռչռ-քարի լեռը եղած ժամանակ, մատնությամբ կամ պատահմամբ, պաշարվում են` այս անգամ էլ ազատվելու: Կռվում են, որքան հնարավոր է: Եղբայրներից կրտսերը զարնվում է մի թփի տակ և մեռնում, երկրորդը վիրավոր` ժայռերից գլորվում է ձորը և փշրվում քարերի վրա, երրորդին գտնում են ոտքը կոտրած` մի քարայրի մոտ, և նա էլ բանտում է մեռնում, իսկ Սողոմոնն արյունաքամ, մի քանի գնդակ մարմնի մեջ, տասնամյա որդուն գրկած` նետում է իրեն մեծ քարայրը: Երկու օր պաշարված, արյունաքամ, անխնամ և անոթի, որդուն սեղմած կրծքի վրա, մեռնում է՝ անիծելով լեռն ու ձորը, կյանքն ու նրա դառնությունները, աղայի ամբողջ սերունդն ու հայրենի հողը: Երկու օրից հետո պաշարողները` հասնում են քարայրին և սառած կանգ են առնում արյունալի տեսարանի առաջ: Ծերունի հայրը արյունատապալ մեռած, իսկ մանուկը անոթությունից և հուզմունքներից` նվաղած նրա կրծքի վրա: Երեխան մեծանում է: Նրան ուսումի են տալիս: Ասում են, որ հեռու մի քաղաքում լավ մարդ է դարձել նա:

Տես նաև Թումանյան Հառաչանք, Չարենց Խմբապետ շավարծը և Զոհրապ Այինկա   

Վրթանես Փափազյան | Չռչռ-քար | համառոտ Վրթանես Փափազյան | Չռչռ-քար | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 06, 2016 Rating: 5
Технологии Blogger.