
Տեսնում եմ ամռան տղաների կործանումը
Որ թողնում են հողը անբերրի,
Որ չեն անում բերքահավաք և հողն են սառեցնում.
Նրանց տապի մեջ ձմեռն է ներհոսում,
Պաղած սիրուց բերում աղջիկներին
Եվ խորտակում բեռնած խնձորները նրանց մակընթացության մեջ:
Եվ լույսից հյուսված այս տղաներին հիմարությունն է մակարդում:
Թվում է` փեթակներում եռացող մեղրն ու եղյամն են նրանք շոշափում,
Արևի տակ կասկածի ու խավարի սառը շարաններով են սնվում նյարդերը նրանց.
Եվ այդ պարապուրդի մեջ մեծ լուսինն է զրոյանում:
Տեսնում եմ ամռան երեխաներին մայրերի ընդերքում
Անջատվող հզոր արգանդի պտղաջրերից,
Բաժանող մութն ու լույսը արդար մատներով.
Խորքում արևի և լուսնի քառատած շվաքով
Նրանք իրենց պատնեշներն են նկարում,
Ինչպես արևի շողն է նկարում պատյանները նրանց գլխի:
Տեսնում եմ, որ այս տղաներից
Կաճեն ոչնչի մարդիկ
Եվ կհատեն օդը` դուրս ցատկելով դրա տապից,
Իսկ այնտեղ` նրանց սրտերից սիրո և լույսի անկոտրում
զարկերակն է ժայթքում նրանց կոկորդներում:
Օ՜, տե′ս, սառույցի մեջ զարկերակը ամռան:
[…]
Մենք` ամռան տղաներս,
Տարվա քամիների պտույտի մեջ,
Կանաչ ենք ինչպես ջրիմուռը:
Պահում ենք ալիք ու փրփուրից գոյացող երկրագունդը,
Զսպելու համար անապատի մակընթացությունը
Եվ մշակելու այգիները պսակի համար:
Գարնանը մենք պսակում ենք մեր ճակատը փշարմավով,
Փառաբանում ենք արյունն ու հատապտուղը
Եվ խրոխտ շեղվածներին գամում ենք ծառին:
Այստեղ սիրո թաց մկանը չորանում է և մեռնում,
Այստեղ սիրո զոհի համբույրն է ընդհատվում:
Օ՜, տե′ս տղաների մեջ խոստման բևեռները:
Ես տեսնում եմ ամռան տղաների կործանումը:
Ամուլ է մարդն իր թրթուրի մեջ,
Իսկ տղաները լիքն են և օտար են արգանդի մեջ:
Ես այն մարդն եմ, որ քո հայրն էր,
Մենք որդիներն ենք կայծքարի և աբեթի
Օ՜, տե′ս, բևեռները խաչվելիս համբուրվում են:
Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Վարդանյանի
Տես նաև Պաուլ Ցելան Մահվան Ֆուգա
Դիլան Թոմաս | Տեսնում եմ ամռան տղաներին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 05, 2016 Rating:
