Շառլ Բոդլեր | Կատուն



Ինչպես մի տաքուկ ապաստարանում,
Իմ ուղեղի մեջ զբոսնում է հուշիկ
Մի սիրուն կատու՝ թովիչ, անուշիկ
Եվ անլսելի մռռո՜ւմ, մլավո՜ւմ. 


Նրա ձայնն այդպես նուրբ է, քնքշագին,
Բայց եթե անգամ ոռնա ահավոր,
Այդ ձայնը միշտ էլ հարուստ է ու խոր.
Դա է գաղտնիքը նրա թովչանքի:

Այդ ձայնը հոգուս խորքում մթահեղ
Ամեն ինչ զտում, հղկում է, կոկում,
Հնչեղ երգի պես սիրտս է համակում
Եվ զվարթացնում ինչպես սիրադեղ:

Տիրում է բազում զմայլանքների,
Մեղմում է ցավերն ամենադաժան,
Ասելու համար խոսքեր բազմազան՝
Կարիք չի զգում երբեք բառերի:

Ո՛չ նա չի տանջում ճանկերով իր սուր
Իմ սիրտը՝ քնքուշ ջութակ ոսկելար,
Եվ կուսուցանի, որ արքայաբար
Հոգուս լարերը հնչեն քաղցրալուր,

Ինչպես քո ձայնը, օ՜ խորհրդավոր,
Մոգական կատո՛ւ իմ խորհրդավոր
Ամեն ինչ քո մեջ, օ՜ իմ հրեշտակ,
Նրբին է նույնքան, որքան դաշնավոր:

II
Բուրում է այնպես անո՜ւշ, դյութակա՜ն
Նրա նուրբ մորթը՝ շեկ ու թխահեր.
Շնչել եմ ես այդ բույրը մի գիշեր,
Շոյելով նրան միայն մե՛կ անգամ:

Նա տան ոգին է, տերը իրերի.
Դատում է, վարում, ամեն առարկա
Դարձընում է իր հլու ենթական.
Գուցե աստվա՞ծ է, կամ ինչ-որ փերի՞:

Հնազանդորեն աչքերն իմ անվերջ
Շրջվում են դեպի կատուն իմ սիրած,
Որ մագնիսի պես ձգում է նրանց.
Նայում եմ այդպես ես ինքս իմ մեջ:

Եվ տեսնում այնտեղ զարմանքով անհուն
Նրա բիբերը՝ գունատ կրակներ,
Կենդանի ջահեր ու արևակներ,
Որ զննում են ինձ անթա՜րթ, սևեռո՜ւն:


Թարգմանությունը ֆրանսերենից՝ Հենրիկ Բախչինյանի

Տես նաև Լեշը
Շառլ Բոդլեր | Կատուն Շառլ Բոդլեր | Կատուն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 04, 2016 Rating: 5
Технологии Blogger.