Ֆրանց Կաֆկա | Օրենքի առաջ


«Օրենքի դարպասները մի պահապան է հսկում։ Նրա մոտ երկրաբնակ մի այր է գալիս և օրենքի տիրույթը մուտք գործելու թույլտվություն է խնդրում։ 
Բայց պահապանը պատասխանում է, որ այժմ չի կարող նրան ներս թողնել։ Այրը մտածում է և հարցնում՝ արդյոք ավելի ուշ կարելի կլինի՞ մտնել։ «Հնարավոր է,- ասում է պահապանը։- Բայց ոչ հիմա»։ Եվ որովհետև տարածքի դարպասը, ինչպես միշտ, բաց էր, և պահապանը մեկդի էր կանգնել, մարդը՝ դարպասի միջով ներս նայելու համար, կռանում է։ Այդ բանը նկատելով, պահապանը ծիծաղում է և ասում «Եթե այդքան հետաքրքիր է քեզ, փորձիր իմ մերժումն անտեսելով մտնել, իմացիր, սակայն, որ ես հզոր եմ, բայց և ամենափոքր պահապանն եմ միայն։ Սրահից սրահ մուտքերի մոտ ավելի հզոր ու ազդեցիկ պահապաններ են կանգնած։ Արդեն երրորդի հայացքին ես ինքս չեմ կարող դիմանալ»։ Երկրաբնակ այրը նման դժվարություններ չէր սպասում։ Նա մտածել էր, թե օրենքը բոլորի համար է, և միշտ պետք է մատչելի լինի։ Այժմ, երբ ուշադիր է նայում մորթե մուշտակ հագած պահապանին, տեսնում է նրա երկար, սուր քիթը, սև, երկար և բարակ թաթարական մորուքը, որոշում է, որ ավելի լավ է մինչև ներս մտնելու թույլտվություն ստանալը սպասի։ Պահապանը նրան աթոռակ է տալիս և կարգադրում է դռնից փոքր֊-ինչ հեռու նստել։ Այնտեղ նա նստում է օրեր և տարիներ, ներս մտնելու բազմաթիվ փորձեր է անում և պահապանին հոգնեցնում է իր խնդրանքներով։ Պահանանը երբեմն կարճատև հարցաքննություններ է անցկացնում, հետաքրքրվում է նաև հայրենիքով և ուրիշ շատ բաներով (դրանք հենց այնպես տրված հարցեր էին, ինչպես միայն մեծ պարոններն են տալիս) և վերջում ասում է շարունակ, որ առայժմ չի կարելի ներս մտնել։ Ճանապարհ ընկնելուն լավ նախապատրաստված մարդը ամեն ինչ՝ նույնիսկ ամենաթանկարժեք բաները, օգտագործում է պահապանին կաշառելու համար, վերջինս՝ թեև վերցնում է տվածները, բայց միաժամանակ ասում է «Ես սոսկ այն պատճառով եմ վերցնում, որ չմտածես, թե որևէ հնարավորություն չես օգտագործել»։ Երկար տարիների ընթացքում երկրաբնակ այրը համարյա ամեն օր անդադար հետևում է պահապանին։ Նա մոռանում է մյուսների գոյությունը, և թվում է, թե այս պահապանն է օրենքի տարածքը մտնելու խանգարող միակ խոչընդոտը։ Առաջին տարիներին նա բարձրաձայն անիծում է անհաջող պատահականությունը, իսկ երբ ծերանում է, միայն մրթմրթում է ինքնիրեն։ Նա երեխայական հատկանիշներ է ձեռք բերում և, որովհետև պահապանին երկար տարիներ ուսումնասիրելուց հետո անգամ նրա մուշտակի մորթու ողջիլներին է ճանաչում, նրանց խնդրում է, որ օգնեն և տարհամոզեն պահապանին։ Վերջում նրա տեսողությունը թուլանում է, և նա չի հասկանում՝ արդյոք շուրջը գնալով մթնո՞ւմ է իրոք, թե՞ միայն իր աչքերն են դավաճանում, ու մթության մեջ՝ օրենքի դռներից առկայծող լույսի շող է տեսնում։
Շուտով նա մահանում է։ Մահից առաջ՝ սպասելու ընթացքում կուտակված փորձը նրա մեջ մի հարցի է վերածվում, որ նա մինչ այդ դեռ չէր տվել։ Եվ որովհետև հասակների տարբերությունը ոչ հօգուտ երկրաբնակ այրի էր փոխվել, ու նա այլևս չէր կարողանում ուղղել փայտացած մարմինը, նշան է անում, որ պահապանը կռանա։ «Հիմա՞ ինչ ես ուզում իմանալ,- հարցնում է վերջինս։- Դու ոչնչով չես բավարարվում»։ «Ախր բոլորը դեպի օրենքն են ձգտում,- ասում է մեռնողը։- Այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան տարի ինձնից բացի ոչ ոք ներս մտնելու իրավունք չպահանջեց»։ Պահապանը նկատում է, որ մարդը մեռնում է, և նրա թուլացող լսողությանը հասանելի դարձնելու համար ականջի տակ բղավում է «Այստեղ ուրիշ ոչ ոք չէր կարող մուտքի իրավունք ստանալ, որովհետև սա միայն քեզ համար էր նախատեսված։ Ես այժմ կգնամ ու կփակեմ»։

Տես նաև Էդգար Պո Լռություն

Ֆրանց Կաֆկա | Օրենքի առաջ Ֆրանց Կաֆկա | Օրենքի առաջ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 02, 2016 Rating: 5
Технологии Blogger.