Կարապը, խեցգետինը և գայլաձուկը
Ինչքան կուզեն` իրենց տանջեն,
Երբ ընկերներն համերաշխ չեն,
Օգուտ չունեն բռնած գործից.
Այ, մի առակ կյանքի փորձից,
Թեև անցուկ,
Բայց ոչ մոռցուկ:
Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին,
Եվ երեքով եկան սայլին լծվեցին,
Ինչ են անում, ինչ չեն անում,
Սայլը տեղից չի էլ շարժվում.
Շատ թեթև է բեռը թվում,
Բայց կարապը վեր է թևում,
Խեցգետինը քաշում է հետ,
Գայլաձուկն էլ հո դեպի գետ:
Ով է արդար, ով մեղավոր,
Մենք չդատենք: Բանն այն է, որ
Մինչև այսօր
Թե սայլ, թե բեռ
Նույն տեղն են դեռ:
Ճպուռն ու մրջյունը
Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի
Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
- Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
- Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
- Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ...
- Ուրեմն դու՞ ...
- Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
- Երգո՞ւ մ էիր...
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:
Համերգ
Պիկ-պրկ
Մեծ ծաղրածու մի կապիկ,
Էշը,
Այծը,
Բրդոտ արջը ծուռ թաթիկ
Ուզեցին տալ մի համերգ.
Իսկույն ընկան ոտ ու ձեռք,
Թե որտեղից, հազիվհազ
Գտան-բերին նոտա, բաս,
Մի ալտ, երկու հատ ջութակ,
Նստան հովտում, ծառի տակ՝
Գերել իրենց բուն ձիրքով
Արար-աշխարհ բովանդակ:
Ճըզը՛, վը՛զը, խը՜փ, խըփո՜ց,
Կընտ, կընտ, կնտնտոց...
Բան դուրս չեկավ համերգից,
Կապիկն էդտեղ դուրս շարքից.
— Է՛, մեր տղերք... է՛, դադար,
Սա՞ ինչ գործ է կիսկատար,
Եկեք հեշտ կարգ հաստատենք,
Այնպես նստենք վիստվիստենք.
Միխո՜, ալտի դեմ՝ բասով,
Միայն՝ վիստ-վիստ հավեսով,
Ես էլ երկրորդ ջութակի,
ճիշտը, առանց կատակի.
Ա՜յս է, պար-պար հավասար,
Պար կբռնեն անտառ, սար:
Նրանք եղան տեղափոխ,
Բայց համերգն է անփոփոխ:
— Տղերք, հերիք...
Քթից բերիք,-
Էշը զռաց,—
Քիչ սպասեք՝
Ուղղեմ ձեռաց
Ես իմ գտած հնարքով,
Պիտի նստենք մի շարքով...
Ու լսելով
Էշ քեռուն,
Անուն-անուն
Մեծի կարգով
Շարվան շարքով
Լուրջ, վայելուչ.
Գործն էլի փուչ...
Խումբն սկսեց կռիվ, վեճ,
Ծուլի, ծուլի,
Առաջվանից էլ ավելի
Վեճը խիստ էր,
Ով՝ ոնց նստեր:
Պատահեցավ սոխակին
Ներկա լինել աղմուկին:
Նրանք չորսով,
Ասուխոսով
Եկան աղաք,
Ասին՝ սոխակ,
Դու մեզ ների՜,
Քիչ համբերի՜.
Մեր էս գործը կարգի դիր,
Մեր կասկածը փարատի՛ր:
Նոտա էլ կա և չորս գործիք ջոկ, տարբեր,
Միայն ասա, ինչպե՞ս նստենք, մեր ախպեր:
Սոխակը թե՝ ասեմ ճիշտ,
Որ դուք դառնաք երաժիշտ,
Ձեզ պետք է ձիրք, նուրբ ականջ,
Մի հասարակ պարզ պահանջ:
Իսկ դո՜ւք, բարի ընկերնե՜ր,
Հիմա և այլ անգամներ
Ինչպես էլ որ չնստեք,
Քաշեք, քսեք, քսմստեք,
Թարգմանությունը` Աթաբեկ Խնկոյան
Իվան Կռիլով | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 02, 2016 Rating: