Պատմությունը սկսվում է մի ավանդության հաղորդմամբ, որը վերաբերում է Զարեհավան նահանգի Ատրպատականի հայաբնակ գյուղերից Ծաղկավանի ծերունի Հովասաբին:
Մի օր նրա ձիերը կատաղում են և սկսում են օրերով վազել դաշտերում: Հովասաբը քահանաներին առատ փող է բաշխում, որ աղոթեն և պատարագ անեն իր անասունների համար, բայց դա չի օգնում: Հովասաբը գործ է դնում կախարդական զորություններ: Լսել էր, որ դևիկները սիրում են նստել ձիերի վրա և աներևութաբար վազ տալ դաշտերում: Պողովատի ասեղների միջոցով, որոնք շարում է ձիու՝ ձյութով օծված նստատեղին, բռնում է այդ դևիկին: Պողովատի օղակներ անցկացնելով ոգու պարանոցին ու ականջներին, որսը տուն է տանում: Սա որպես հնազանդ աղախին ծառայում է Հովասաբենց տանը: Նրա անունը Խլվլիկ է: Մայրը Նավասարդի վերջին գիշերը միշտ գալիս է Հովասաբենց կտուրի վրա, լաց լինում, որ արձակեն իր աղջկան՝ խոստանալով փոխարենը մեծ փրկանք: Անցնում են մի քանի բոլորակ դարեր Հովասաբի մահից, երբ նրա թոռնիկներից մեկը, լուսահոգի Խնջիկը, ազատում է դևիկ գերիին միայն այն պայմանով, որ Խլվլիկի մայրը իրեն կուսուցաներ մի հնար, որով ինքը և իր որդիները կկարողանային փրկել բոլոր դիվահարներին: Մայր դևը կատարում է Խնջիկի ասածը՝ խոստում վերցնելով, որ Խնջիկը բուժման գաղտնիքը կհայտնի միայն իր որդիներին: Երկար ժամանակ գերբնական իմաստնության գաղտնիքը ծածուկ է մնում Հովասաբենց ցեղի մեջ: Նրանք բժշկում են դիվահարներին, անգամ նրանց տան հողը տանում են հեռու երկրներ, ցրում դևոտների վրա, և նրանք իսկույն բժշկվում են: Այս գերբնական գիտությունը, Հովասաբենց տոհմի մեջ, որդոց որդի անցնելով, որպես մի ժառանգական սեփականություն, եկել հասել է վարպետ Պետրոսին, արվեստով ոսկերիչ՝ իմաստուն տղամարդուն, որ Հովասաբենց համարյա վերջին ժառանգն է: Պետրոսը որոշել էր չամուսնանալ, ապրում էր անապատում որպես մի աղոթասեր ճգնավոր: Բայց շուտով հասկանում է իր սխալը, այն, որ պետք է ամուսնանա, ժառանգներ ունենա, որոնց կփոխանցի ցեղի իմաստնությունը, հակառակ դեպքում, այն կկորչի աշխարհի երեսից: Այսպես նա ամուսնանում է օրիորդ Թարլանի հետ, բայց երկար տարիներ նրանք երեխա չեն ունենում: Վարդավառից մի ամիս առաջ նրանք ուղևորվում են բազմաթիվ ուխտավորների քարավանը դեպի Մուշ: Ընկերանում են Տեր-Առաքելենց Մահտեսի Ավետիսի և նրա կնոջ՝ Սկուհու հետ, որոնք նույնպես գնում են դիմելու սուրբ Կարապետին՝ որդի ունենալու աղերսով: Իրենց վրանը կազմում են վանքի շրջապատից դուրս, մի բարձր սարավանդի վրա: Վարպետ Պետրոսը երազ է տեսնում. սուրբ Կարապետը հյուրասիրում է իրենց զույգ կարմիր խնձորներով, որոնց վրա ոսկե տառերով գրված են «Սալբի» և «Հովհաննես» անունները: Ավետիսն ու Պետրոսը, հասկանալով, որ իրենց ուխտը ընդունելի է երկնքում, մեկ այլ ուխտ էլ են անում, այն, որ իրենց երեխաները ամուսնանան և իրենց հավատարիմ բարեկամությունը լինի խնամություն: Եվ իսկապես որոշ ժամանակ անց Պետրոսն ու Թարլանը ունենում են աղջիկ, իսկ Ավետիսն ու Սկուհին՝ տղա: Սալբիի դաստիարակությունը առաջ է գնում ծնողների գաղափարների և ճաշակի համաձայն: Մանկությունից նա տպավորվում է հիմար սնոտիապաշտությամբ և մոլեկան սնահավատությամբ: Շուտով վարպետ Պետրոսը մահանում է: Տիկին Թարլանը Սալբիին հանձնում է Հովասաբենց դրացի Մարթային, որ նրա մոտ կար և ձև, խելք-հրամանք և ազնիվ ու առաքինի բարք ու վարք սովորի: Գրագիտությունը այն ժամանակ տարածված չէր և մարդիկ գրել-կարդալ անգամ չգիտեին: Սակայն Սալբին այստեղ աղախնու դեր է կատարում և առավոտից մինչև իրիկուն հրամաններ կատարում: Տեր-Առաքելենց տան անդամներից նրա մայրը՝ Հուրի Խան-Դայան, ևս շատ սնահավատ կին է: Սալբիի նշանածին՝ Ռուստամին (նրան այդպես են անվանում) գրավում են զենքերը, դեռ մանկությունից նրա մեջ եփ է գալիս քաջազնական ոգին: Չի սիրում անարդարությունը, և իր ազատության իրավունքը, մարդկային պատիվը անարատ պահելու համար պատրաստ է նահատակվել: Կրոնի և աստծո զգացումը նրա մեջ, ներշնչում են պարզ երկինքը, ոսկե արևը, վարդագեղ արշալույսը: Սարի վրա նստած, երգելիս նա մի օր տեսնում է Սալբիին և սիրահարվում նրան: Սալբին ևս սիրահարվում է ի վերուստ իրեն նշանակված Ռուստամին: Երբեմն-երբեմն հանդիպում են նվիրական աղբյուրի մոտ: Ռուստամը սիրո երգեր է հնարում: Տեր-Առաքելեց հյուր է գալիս մի անծանոթ տղամարդ՝ Արամ Աշխարունին, բնիկ պարսկաստանցի, որը մի ամերիկացի ճանապարհորդի միջոցով տարվել էր Նոր աշխարհը, ընդունվել Նյու Յորքի մի աստվածաբանական ճեմարան: Վարդապետի տիտղոս ստանալով՝ նա այժմ եկել է, որ լուսավորի իր ժողովրդին: Առանց գումարի նա որոշում է կրթել Մահտեսի Ավետիսի զավակներին: Նրա առաջին աշակերտներն են տիկին Սկուհու քույրը՝ օրիորդ Սալլաթինը, որի հետ ավելի ուշ Արամը ամուսնանում է և Ռուստամը: Չնայած խավարասեր տերտերները փակել են տալիս նրա վարժարանը, բայց մի մեկենասի՝ պարոն Մելիքզադեի շնորհիվ, Աշհարունին կարողանում է բարելավել վարժարանի դրությունը և դասերը շարունակվում են: Արամը ուսուցանում է տղաներին, իսկ Սալլաթինը՝ աղջիկներին: Նրանց թվում է նաև Սալբին: Նրանք սովորում են պատմություն, հայոց հին ու նոր լեզուները, գաղիերեն, անգղիերեն, մաթեմատիկա, թվաբանություն, ճշմարիտ կրոնագիտություն, ի տարբերություն տգետ ժողովրդի ու քահանաների, որոնք պարականոն գրքերի տարբեր ավադազրույցներ ու պատմություններ ներկայացնում են իբրև ճշմարիտ իրողություններ: Այս ամենը դուր չի գալիս ո´չ տիկին Թարլանին և ո´չ էլ Հուրի Խան-Դայային, որը դեմ է Սալբիի և Ռուստամի ամուսնությանը: Բայց սիրահարներին խանգարող այլ արգելք է գոյանում: Պարզվում է, որ Սալբիին սիրահարվել է նաև Մելիքի որդի Ավազակյաց Սոլոմոն-բեկը, որը Ռես Վասակյանի՝ գյուղի տանուտերի միջոցով փորձում է խանգարել նրանց ամուսնությանը: Ամուսնությունը պետք է տեղի ունենա Բարեկենդանի շաբաթ օրը, քանի որ դրանից հետո պսակները չեն թույլատրվում մոտ երեքուկես ամիս մեծ պասի պատճառով: Ռես Վասակյանը կաշառում է վարդապետին, որ վերջինս հետաձգել տա պսակը: Հայր սուրբը Ավետիսից պահանջում է պսակի հրամանագիրը՝ պատճառաբանելով, թե իբր պետք է վերանայի Ռուստամի ու Սալբիի միջև արդյոք մերձավոր արյունակցություն եղել է, թե ոչ, քանի որ քահանաները, «խորհրդի» գիշերը հարբած լինելով, չեն կարողացել որոշել: Ռեսը և Սոլոմոնը իրենց քույրերին միաժամանակ ուղարկում են Սալլաթինի մոտ ուսուցանելու, որպեսզի նրանք համոզեն Սալբիին ամուսնանալ Սոլոմոն-բեկի հետ: Հարսանիքի հետաձգումը պատճառ է դառնում, որ Ռուստամը հիվանդանա: Սա առիթ է տալիս Ռեսին նաև մեկ այլ ծրագրի՝ սպանել Ռուստամին: Նա կաշառում է Տեր Մարկոսին, որ սա սուրբ հաղորդության մեջ թույն խառնի և մատուցելով հիվանդին՝ սպանի նրան: Սակայն ծրագիրը խափանվում է Խլվլիկի օգնությամբ, որը միաժամանակ երևում է Սալբիին՝ զգուշացնելով, որ թշնամիներ ունի: Միևնույն րոպեսին մի ձեռք խթում է պարոն Մելիքզադեի կողքը: Օրիորդ Նազանիի տեսքով Խլվլիկը արթնացնում է նրան և ասում, որ հալածի չարագործներին, որ հաղորդության մեջ թույն են կամենում մատուցանել Ռուստամին: Ռուստամը մեծ դժվարությամբ, բայց ապաքինվում է ամերիկացի բժիշկ մըստր Սեյսունի օգնությամբ, թեև Հուր Խան-Դայան էլ բանեցնում էր իր միջոցները՝ կանչելով դերվիշի և անելով այլ սնահավատ բաներ: Ռեսը փորձում է սպանել Ռուստամին ավազակների միջոցով, բայց սա ևս չի հաջողվում, ընդհակառակը, ավազակը, հիացած Ռուսամի քաջությամբ, խոստանում է այսուհետ օգնել նրան: Ռեսի և Սոլոմոն-բեկի քույրերը չեն կարողանում շահել Սալբիի սիրտը: Սալբին այս ամենի մասին գրում է Ռուստամին, որը գնում է սարերը: Ռուստամը ևս գրում է Սալբիին: Պատմում է սարերում ապրած իր օրերի մասին, ինչպես է համախմբել որոշ տղաների և նրանց դասեր է կարդում, սովորեցնում է իրենց պատմությունը: Այնտեղ կյանքը ավելի գեղեցիկ է, կան վրանաբնակներ, որոնց մեջ Ռուստամը շատ համակրում է մի կնոջ: Նրա ամուսինը մահացել է, իսկ նա գեղեցիկ երգեր է երգում իր մանկանը: Ռուստամը միշտ այցելում է նրան, նույնիսկ երգ է գրել փոքրիկի համար: Ռուստամի օրագրությունները կարդում են նաև Արամ Աշհարունին և Մելիքզադեն: Ռեսը դիմում է նաև մեկ այլ միջոցի և Միրզա-Ֆաթալի օգնությամբ այնպես է դասավորում, թե իբր Պետրոսը պարտք է եղել նրան, և Ֆաթալը Թարլանի տունը և այգին վերցնում է պարտքի դիմաց: Ռեսը այցելում է Թարլանին և ասում է, որ Սոլոմոն-բեկը կվճարի նրա պարտքը, կարողությունները կվերադարձվեն նրան, պայմանով, որ Սալբիին ամուսնացնի նրա հետ: Տիկին Թարլանը համաձայնում է՝ խախտելով հանգուցյալ ամուսնու ուխտը, բայց այս ծրագիրը ևս խափանվում է, քանի որ Սոլոմոն-բեկը հիվանդանում է և հուսահատված, երկու անգամ ինքնասպանության փորձ է անում, բայց Ռեսը փրկում է նրան: Ռուստամը վերադառնում է: Մելիքը իմանալով, որ որդին սիրահարվել է հասարակ գյուղացու, այնպես է անում, որ Խանը տեսնի Սալբիին: Բայց այս անգամ ևս Խլվլիկը օգնության է հասնում և գեղեցիկ Սալբիի փոխարեն Խանը տեսնում է մի տգեղ աղջկա ու բարկանում է: Դա Խլվլիկն է լինում՝ այլ կերպարանք առած: Դրանից հետո Ռուստամը բացահայտ խոսում է Խանի դեմ, Խանը հրամայում է սպանել Ռուստամին, բայց նրան օգնության են հասնում ավազակները, որոնք այժմ նրան են օգնում: Ռուստամն ու Սալբին որոշում են հեռանալ երկրից և ապրել որևէ այլ տեղ: Պայմանավորված գիշերը Սալբին երկար սպասում է Ռուստամին, բայց նա չի գալիս: Ռուսամին հափշտակում են և նրա արյունոտ հագուստը գտնում են հեռու, Աղվանա սարերում: Սալբին, լսելով լուրը, ուշաթափ է լինում:
Րաֆֆի | Սալբի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 03, 2016 Rating: