Կնուտ Համսուն | Սիրո ստրուկները



Ես եմ գրել։ Գրել եմ այսօր, սիրտս թեթևացնելու համար։ Սրճարանում կորցրեցի աշխատանքս ու երջանիկ օրերս։ Կորցրեցի ամեն ինչ։ Սրճարանը կոչվում էր «Մաքսիմիլյան»։  
Ամեն երեկո գորշ հագուստով մի պարոն էր գալիս իր երկու ընկերների հետ ու նստում իմ սեղաններից մեկի մոտ։ Շատ պարոններ էին գալիս։ Բոլորն էլ որևէ սիրալիր բառ էին ասում ինձ, իսկ այս մեկը՝ ոչինչ։ Բարձրահասակ ու նրբակազմ էր, ուներ փափուկ ու սև մազեր, կապույտ աչքեր, որոնք երբեմն նայում էին ինձ։ Շրթունքից վեր սկսել էր բեղ ծլել:
Այդ մարդը հենց սկզբից ինձ չէր համակրում։
Մի շաբաթ անընդմեջ գալիս էր։ Ես սովորել էի նրան, և երբ չէր գալիս, կարոտում էի։ Մի երեկո չեկավ։ Պտտվում էի սրճարանում և փնտրում նրան։ Վերջապես գտա մյուս մուտքի մեծ սյուներից մեկի մոտ։ Նստած էր կրկեսի դերասանուհիներից մեկի հետ։ Կինը դեղին շրջազգեստ էր հագել, իսկ երկար ձեռնոցները ձգվում էին արմունկներից վեր: Նա ջահել էր, ուներ սքանչելի, սևմութ աչքեր։ Իսկ իմ աչքերը կապույտ են։
Ես մեն մի պահ կանգ առա ու ականջ դրեցի, թե ինչ էին խոսում. կինը հանդիմանում էր, հոգնել էր երիտասարդից ու խնդրում էր հեռանալ։ Մտքումս ասացի. «Սուրբ կույս, ինչո՞ւ նա ինձ մո՛տ չի գալիս»։
Հաջորդ իրիկուն նա եկավ իր երկու ընկերների հետ ու նստեց այն հինգ սեղաններից մեկի մոտ, որ ես էի սպասարկում։ Ես չդիմավորեցի նրան, ինչպես անում էի սովորաբար, սակայն կարմրեցի ու ձևացրի, թե չեմ նկատել։ Երբ ձեռքով նշան արեց, առաջ գնացի։
Դուք երեկ այստեղ չեք եղել,— ասացի:
Ի՜նչ սքանչելի կազմվածք ունի մեր մատուցողուհին,— ասաց նա ընկերներին։
Գարեջո՞ւր,— հարցրեցի ես։
Այո,— պատասխանեց նա։
Ու ես ավելի շուտ թռա, քան գնացի նրանց համար գարեջուր բերելու։

II
Անցավ մի երկու օր։
Նա մի այցետոմս տվեց ու ասաց.
Սա տարեք...
Մինչ ասելիքը կավարտեր, ես այցետոմսը տարա դեղին կնոջը։
Ճանապարհին կարդացի նրա անունը. «Վլադիմիրց Թ՝...»։
Երբ վերադարձա՝ հարցական նայեց ինձ։
Հա, տարա,— ասացի ես։
Իսկ պատասխան չստացա՞ր։ Չէ։
Նա մի մարկ տվեց ու ժպտալով ասաց.
Է՛, պատասխան չտալն էլ պատասխան է։
Ամբողջ երեկո նստել ու նայում էր կնոջն ու նրա ընկերներին։ Ժամը տասնմեկին տեղից վեր ելավ ու գնաց դեպի նրա սեղանը։ Կինը նրան սառը ընդունեց, իսկ հետի երկու պարոնները, ընդհակառակը, ծանակելով քինոտ հարցեր էին տալիս ու ժպտում, նա այնտեղ մնաց ընդամենը մի քանի րոպե, իսկ երբ վերադարձավ, նկատել տվեցի, որ գարնանային վերարկուի գրպանին գարեջուր է թափվել։ Վերարկուն հանեց, կտրուկ շրջվեց ու շեշտակի նայեց կրկեսի կնոջ սեղանի կողմը: Ես մաքրեցի վերարկուն, իսկ նա ժպտաց ու ասաց.
Շնորհակալություն, ստրուկ։
Երբ վերարկուն հագնելիս օգնում էի, գաղտնի շոյեցի նրա թիկունքը։
Նա նստեց ու խորասուզվեց մտքերի մեջ։ Նրա ընկերներից մեկը գարեջուր խնդրեց։ Գավաթները վերցրեցի, որ տանեմ լցնելու։ Ցանկացա վերցնել նաև Թ...-ի գավաթը։
Ոչ,— ասաց նա՝ ձեռքը դնելով իմ ձեռքին։
Այդ հպումից ձեռքս թուլացավ ու կախվեց։ Նա շատ լավ նկատեց դա ու փութով ձեռքը հետ քաշեց։
Երեկոյան մահճակալիս առջև երկու անգամ ծնկաչոք աղոթեցի նրա համար։ Ես երջանկությունից համբուրեցի իմ աջ ձեռքը, որին դիպել էր նա։

III
Մի անգամ ինձ ծաղիկներ տվեց, շատ ծաղիկներ, որ գնել էր ծաղկավաճառ կնոջից ու անմիջապես եկել սրճարան։ Ծաղիկները թարմ էին, կարմիր ու գրեթե ծաղկավաճառ կնոջ զամբյուղով մեկ։ Երկար ժամանակ նստել էր՝ ծաղիկներն առջևը՝ սեղանին։ Ընկերներից ոչ մեկը հետը չէր։ Հենց որ ազատ ժամանակ էի ունենում, սյան հետևից ուշադիր նայում էի նրան ու մտածում. «Նրա անունը Վլադիմիրը Թ... է»։
Երևի մի ժամ անցավ։ Շարունակ նայում էր ժամացույցին։
Ինչ-որ մեկի՞ն եք սպասում,— հարցրեցի ես։ Ցրված նայեց ինձ ու անսպասելի պատասխանեց.
Ոչ, ես ոչ մեկին չեմ սպասում։ Ո՞ւմ պետք է սպասեմ։
Իսկ ես կարծում էի, թե ինչ-որ մեկին սպասում եք,— կրկնեցի ես։
Եկեք այստեղ,— ասաց նա:— Այդ ծաղիկները ձեզ համար են։ Եվ բոլորը տվեց ինձ։
Շնորհակալություն,— ասացի ես: Ու էլ ոչ մի խոսք չգտնելով՝ նույնն էի շշնջում։ Երջանկությունից արյունս մրրկեց ինձ։ Իջա և շնչակտուր կանգնեցի ներքևում, բուֆետի մոտ՝ առանց որևէ բան պատվիրելու։
Ի՞նչ եք կամենում,— հարցրեց բուֆետում աշխատող աղջիկը։
Դուք չգիտե՞ք,— հարցրեցի ես։
Ես ի՞նչ իմանամ,— ասաց նա,— գժվե՞լ եք, ինչ է։
Դուք չգիտե՞ք ումից եմ ստացել այս ծաղիկները,— ասացի։
Վերակացուն անցավ մեր կողքով։
Լսեցի, որ ասաց.
Դուք մոռացել եք փայտե ոտքով պարոնին գարեջուր մատուցել։
Այս ծաղիկները Վլադիմիրցից եմ ստացել,— ասացի ու գարեջուրը ձեռքիս վազեցի։
Թ...-ն չէր գնացել։ Երբ ելավ գնալու, կրկին շնորհակալություն հայտնեցի։ Նա խոժոռվեց ու ասաց.
Ճիշտն ասած, ծաղիկներն ուրիշի համար էի գնել։ Ի՞նչ կա որ։ Գուցեև ուրիշի համար էր գնել։ Բայց չէ՞ որ ինձ նվիրեց։ Հենց ինձ նվիրեց և ոչ թե նրան, ում համար գնել էր։ Թույլ տվեց նաև, որ շնորհակալություն հայտնեմ ծաղիկների համար։ Բարի գիշեր, Վլադիմիրց։

IV
Հաջորդ առավոտ անձրև էր գալիս։
«Այսօր սև կամ կանաչ շրջազգեստ չհագնե՞մ,— մտածեցի ես։ Կանաչը հագնեմ, նրա համար նորություն կլինի։ Ուրեմն՝ կհագնեմ կանաչը»։ Շատ ուրախ էի։
Երբ կանգառ հասա, դրսում՝ անձրևի տակ, մի կին սպասում էր տրամվային։ Անձրևանոց չուներ։ Առաջարկեցի, որ կանգնի իմ անձրևանոցի տակ, բայց նա, շնորհակալություն հայտնելով, հրաժարվեց։ Անձրևանոցս իջեցրի։ «Խեղճ կինը մենակ չթրջվի»,— մտածեցի ես։
Երեկոյան Վլաղիմիրցը եկավ սրճարան։
Շնորհակալություն երեկվա ծաղիկների համար,— հպարտ ասացի ես։
Ի՞նչ ծաղիկներ,— հարցրեց նա։ Այդ ծաղիկների մասին ոչ մի խոսք։
Ուզում էի շնորհակալություն հայտնել ծաղիկների համար,— ասացի։
Ուսերը վեր քաշելով՝ պատասխանեց.
Քե՛զ չէ, որ սիրում եմ, ստրո՛ւկ։
Նա ինձ չի սիրում։ Է՛, ի՛նչ անեմ։ Ես դրան չեմ էլ սպասում ու քիթս չկախեցի։ Բայց հո՛ նրան տեսնում էի ամեն երեկո։
Նա նստում էր հենց ի՛մ և ոչ թե մեկ ուրիշի սեղանի մոտ, և հենց ե՛ս էի գարեջուր մատուցում նրան։
Բարի գալուստ, Վլագիմիրց։
Հաջորդ երեկո ուշ եկավ։ Ասաց.
Փող շա՞տ ունես, ստրո՛ւկ։
Ոչ։ Ցավոք,— պատասխանեցի։ Ես մի աղքատ աղջիկ եմ։
Նայեց ինձ ու ժպտալով ասաց.
Դուք հաստատ ինձ սխալ հասկացաք։ Վաղն ինձ փող է պետք։
Մի քիչ ունեմ։ Հարյուր երեսուն մարկ։ Տանն է։
Տա՞նը։ Ո՞չ այստեղ։
Ես պատասխանեցի.
Քառորդ ժամ սպասեք, սրճարանը փակվի, հետս կգաք, փողը կտամ ձեզ։
Քառորդ ժամ սպասեց ու եկավ ինձ հետ։
Ընդամենը հարյուր մարկ,— ասաց նա։
Ամբողջ ճանապարհին գալիս էր իմ կողքով և թույլ չէր տալիս, որ իրենից առաջ կամ հետ ընկնեմ, ինչպես սովորաբար անում են ուրիշ պարոններ։
Ես միայն մի փոքրիկ սենյակ ունեմ,— ասացի, երբ կանգ առանք դարպասի առջև։
Ես վերև չեմ գա,— պատասխանեց նա։ Այստեղ կսպասեմ։
Սպասեց։
Երբ կրկին ներքև իջա, փողը հաշվեց ու ասաց.
Այստեղ հարյուր մարկից ավել է։ Ես ձեզ տասը մարկ թեյի փող եմ տալիս։
Փողն ինձ պարզեր, բարի գիշեր ասաց ու գնաց։ Տեսա, որ անկյունում կանգ առավ և մուրացիկ կաղ պառավին մի շիլլինգ տվեց։

V
Հաջորդ երեկո իսկույն ներողություն խնդրեց, որ չի կարող փողը վերադարձնել։ Դրա համար ես շնորհակալություն, հայտնեցի։ Նա անկեղծորեն խոստովանեց, որ փողը մսխել է։
Ի՞նչ ասեմ, ստրուկ,— ասաց ժպտալով։ Դուք ճանաչում եք այն դեղին կնոջը։
Ինչո՞ւ ես մեր մատուցողուհուն ստրուկ անվանում,— հարցրեց նրա ընկերներից մեկը։ Չէ՞ որ դու ավելի ստրուկ ես, քան նա։
Գարեջո՞ւր,— ընդհատելով նրանց՝ հարցրեցի ես։
Քիչ անց ներս մտավ դեղին կինը։ Թ...-ն վեր կացավ ու գլուխ տվեց։ Այնքան կռացավ, որ սև մազերը դեմքը ծածկեցին։ Կինն անցավ նրա կողքով ու նստեց մի ազատ սեղանի մոտ, ապա երկու ազատ աթոռները թիկնակով սեղանի կողմը շրջեց՝ հասկացնելով, որ զբաղված են։ Թ...-ն անմիջապես գնաց նրա մոտ ու նստեց աթոռներից մեկին։ Երկու րոպե անց տեղից ելավ ու բարձրաձայն ասաց.
Լավ։ Գնում եմ և այլևս չեմ վերադառնա։
Շնորհակալություն,— ասաց կինը։
Ուրախությունից ոտքերս թուլացան։ Վազեցի ներքև՝ բուֆետի կողմը, ու սկսեցի պատմել։ Հավանաբար այն մասին, որ նա այլևս չի գնալու այդ կնոջ մոտ։
Վերակացուն անցավ մեր կողքով և ինձ խիստ նկատողություն արեց։ Սակայն պետքս չէր։
Երբ ժամը տասներկուսին սրճարանը փակվեց, Թ...-ն հետս եկավ մինչև իմ դարպասը։
Երեկվա տասը մարկից հինգը տվեք ինձ,— ասաց նա։
Ես ցանկացա տասը մարկն էլ տալ։ Նա վերցրեց, բայց հինգը կրկին վերադարձրեց՝ իբրև թեյի փող։ Առարկություններս լսել անգամ չցանկացավ։
Այս երեկո չափազանց երջանիկ եմ,— ասացի ես։ Եթե համարձակվեմ ձեզ վերև հրավիրել... Բայց ընդամենը մի փոքրիկ սենյակ ունեմ։
Ես վերև չեմ գա,— պատասխանեց նա։ Բարի գիշեր։
Գնաց։ Անցավ պառավ մուրացկանի կողքով, բայց մոռացավ որևէ բան տալ պառավին, որը սիրալիր ողջունեց նրան։
Ես վազեցի պառավի մոտ և մի գրոշ տալով ասացի.
Սա այն մարդու կողմից, որ անցավ այստեղից, այն գորշ կոստյումով պարոնի։
Այն գորշ կոստյումով պարոնի՞,— հարցրեց կինը։
Այն սև մազերով պարոնի։ Վլադիմիրցի։
Դուք նրա կի՞նն եք։
Ես պատասխանեցի.
Ոչ։ Ես նրա ստրուկն եմ։

VI
Հաջորդ մի քանի երեկոներին նա շարունակ ներողություն էր խնդրում, որ չի կարողանում վերադարձնել իմ փողը։ Ես խնդրեցի չնեղացնել ինձ: Այնքան բարձր էր խոսում, որ բոլորը կարող էին լսել, իսկ շատերն էլ՝ ծիծաղել նրա վրա։
Ես ստոր սրիկայի մեկն եմ,— ասաց նա։ Պարտքով վերցրեցի ձեր փողերն ու հիմա չեմ կարողանում վերադարձնել: Կուզենայի հիսուն մարկի համար աջ ձեռքս կտրել։
Լսելով այդ բառերը՝ ես անչափ վշտացա ու մտածեցի, թե ինչպես ճարեմ այդքան փող` հասկանալով, որ շատ դժվար բան է։
Ապա դիմելով ինձ ասաց.
Իսկ եթե ուզում եք հարցնել՝ ի՞նչ է պատահել, ապա իմացեք, որ դեղին կինը մեկնել է իր կրկեսի հետ։ Ես մոռացել եմ նրան։ Ես նրան այլևս չեմ հիշում։
Բայց դու այսօր, այնուամենայնիվ, նամակ գրեցիր նրան,— ասաց նրա ընկերներից մեկը։
Վերջին անգամ,— պատասխանեց Վլադիմիրցը։
Ծաղկավաճառ կնոջից ես մի վարդ գնեցի ու դրեցի նրա պիջակի լամբակին։ Երբ գնում էի, ձեռքերիս զգացի նրա շունչը և հազիվ կարողացա ծաղիկն անցկացնել օղակի միջով:
Շնորհակալ եմ,— ասաց նա։
Մի քանի մարկ, որ պետք է մուծեի դրամարկղ, տվեցի նրան։ Բայց շատ քիչ էր։
Շնորհակալ եմ,— դարձյալ ասաց նա։
Ամբողջ երեկո ես երջանիկ էի, քանի դեռ Վլադիմիրցը չէր ասել.
Այս փողով ես մեկ շաբաթ պետք է բացակայեմ։ Երբ որ գամ, կվերադարձնեմ։ Նկատելով իմ շարժումը՝ ավելացրեց.
Ես հենց ձեզ եմ սիրում,— ու ձեռքս բռնեց։
Շատ վշտացա, որ գնում է ու չի էլ ասում, թե՝ ուր։ Ախր, հարցրեցի էլ։ Ամեն բան, ողջ սրճարանը, ջահերը, բոլոր այցելուները աչքիս առջև պտտվեցին, ամեն ինչ լողում էր: Չկարողացա ինձ պահել ու նրա ձեռքը բռնեցի։
Մեկ շաբաթից կվերադառնամ ձեզ մոտ,— ասաց նս ու կտրուկ վեր կացավ։
Լսեցի, որ վերակացուն ասաց.
Ձեզ աշխատանքից կազատեմ։
«Լավ,— մտածեցի ես։ Ի՛նչ արած։ Մի շաբաթից Վլադիմիրցը կգա ինձ մոտ»։ Ցանկացա դրա համար շնորհակալություն հայտնել ու շրջվեցի։ Նա գնացել էր։

VII
Մի շաբաթ անց, երեկոյան, երբ տուն եկա, նրանից մի նամակ էր եկել։ Շատ հուսահատ նամակ էր։ Պատմում էր, որ գնացել է դեղին կնոջ հետևից, որ այլևս չի կարող վերադարձնել իմ փողը և որ հայտնվել է ծայր աղքատության մեջ։ Կրկին նախատում էր ինքն իրեն, անվանում սրիկայի մեկը։ Նամակի տակ գրել էր. «Ես դեղին կնոջ ստրուկն եմ»:
Զօր ու գիշեր վշտի մեջ էի և ոչինչ չէի կարողանում անել: Մի շաբաթ անց կորցրեցի աշխատանքս ու սկսեցի նորը փնտրել։ Ամբողջ օրն աշխատանք էի փնտրում ուրիշ սրճարաններում ու հյուրանոցներում, ինչպես նաև զանգահարում էի մարդկանց տները և առաջարկում իմ ծառայությունը։ Բախտս չէր բերում։ Այսօր, ուշ երեկոյան, կես գնով առա բոլոր թերթերն ու տուն հասնելուն պես ուշադիր կարդացի հայտարարությունները։ «Գուցե մի բան կարողանամ գտել, որ փրկի և՛ Վլադիմիրցին, և՛ ինձ»,— մտածեցի ես...
Թերթերից մեկում պատահեցի նրա անվանն ու կարդացի նրա մասին։ Հետո անմիջապես դուրս եկա, շրջեցի փողոցներում ու տուն դարձա առավոտյան։ Գուցե ինչ-որ տեղ քնել եմ, նստել աստիճաններին։ Էլ չէի կարողանում քայլել։ Է՛, չգիտեմ։
Այսօր թերթը նորից կարդացի։ Երեկ իրիկուն էր, որ տուն եկա ու առաջին անգամ կարդացի։ Սկզբում ձեռքերս զարկեցի իրար, ապա նստեցի աթոռին։ Քիչ անց իջա հատակին ու հենվեցի աթոռին։ Մտածում էի ու ձեռնափայտով զարկում հատակին։ Գուցե չէի մտածում։ Գլխիս մեջ աղմուկ էր, ու ինքս ինձանից բան չէի հասկանում։ Հետո վեր կացա ու դուրս գնացի։ Ներքևի անկյունում, հիշում եմ, մուրացկան պառավին մի շիլլինգ տվեցի ու ասացի.
Այն գորշ կոստյումով պարոնի կողմից։ Դուք ճանաչում եք նրան։
Երևի դուք նրա նշանա՞ծն եք,— հարցրեց նա։
Ո՛չ։ Ես նրա այրին եմ,— պատասխանեցի։
Մինչև առավոտ թափառեցի փողոցներում։ Քիչ առաջ թերթը նորից կարդացի։ Նրա անունը Վլադիմիրց Թ... էր։


Թարգմանությունը նորվեգերենից՝ Արտաշես Յայլոյանի

Տես նաև Խորխե Լուիս Բորխես Աստծո գրերը
Կնուտ Համսուն | Սիրո ստրուկները Կնուտ Համսուն | Սիրո ստրուկները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 03, 2016 Rating: 5
Технологии Blogger.