Ֆրանսուա Վիյոն | Բալլադներ


Բալլադ անցած ժամանակների կանանց մասին
Ո՞ւր է, ասեք ինձ Ֆլորան՝
Զարդն Հռոմի հրաշակերտ,
Ագրիպինան կամ Դաիսան,
Զարմուհին իր չքնաղագեղ:
Էքոն քնքուշ, ընկեր անգին 

Կանաչ ափին առվակների,
Ո՜նց դիմանալ այդ հմայքին,
Ո՞ւր է ձյունը հին օրերի:

Էլոի՛զը նկուն եղեգ,
Որի համար օծվեց տերտեր
Աբելյարը վշտակեղեք,-
Ո՞ւր են նրանք, ո՞ւր են, Տե՜ր:
Իսկ թագուհին հավատամերժ-
Բուրիդանին նա անտեղի
Նետեց Սենան՝ մի պարկի մեջ…
Ո՞ւր է ձյունը հին օրերի:

Կամ Բլանշը ճերմակ շուշան,
Որ ասես մի ջրանույշ էր,
Խոհուն Բերթը, Բեատրիսան,
Էրենբուրգը… Լոկ զո՜ւր հուշեր…
Ժա՛ննան, որին այն մութ գիշեր
Անգլիացիք տվին հրի
Մեծ Ռուանում, դա վաղուց էր,
Ո՞ւր է ձյունը հին օրերի:

Մի հարցրեք բարի իշխան,
Թե ինչ եղան, ո՞ւր են հիմի,
Այս երգն էլ ձեզ հուշ չի մնա,
Ո՞ւր է ձյունը հին օրերի:

Կրկնակի բալլադ սիրո մասին
Ինչքան էլ դուք սեր խոստանաք,
Ու կյանքներդ մաշեք այսօր,
Խաղ չէ սերը, ոչ էլ հանաք:
Սիրո հարցում ո՞վ չէ անզոր:
Սողոմոնը մեծ ու հզոր
Խելագարվեց, խե՞նթ էր, դե ինչ,
Իսկ Սամսո՞նը ամենազոր…
Անհոգ է, ով չունի ոչինչ:

Օրփեոսը մեր վշտահակ-
Եգն էր թռչում իր սար ու ձոր,
Մեռնելու էր նա նահատակ
Դժոխքի մեջ այսպես մի օր:
Կամ Նարգիսը տարակուսող.
Խեղդեց իրեն գետակում ջինջ,
Ծաղիկ դարձավ արցունքացող:
Անհոգ է, ով չունի ոչինչ:

Կամ Սարդանան մեծավաստակ,
Որ գրավեց Կրետան ստող.
Կին ձևացավ, տասը կտոր
Արին կանայք: Աստծուն պաշտող
Դավիթը խեղճ… մերկ ազդրերից
Խելքը կորցրեց իր օրեցօր:
Անհոգ է, ով չունի ոչինչ:

Կամ Ամոնը, չզարմանաք,
Քրոջը իր շատ պատվավոր
Բռնաբարեց այն ժամանակ,
Հերովդեսը թույլ թագավոր
Հովհաննեսին մեր լուսավոր
Գլխատեց. դե գիտե՞ք, թե ինչ՝
Սերը դրդեց թունավորող:
Անհոգ է, ով չունի ոչինչ:

Իմ մասին էլ դուք կիմանաք,
Ինձ լաթի պես կանայք մի օր
Ճմռթեցին, կհավատա՞ք,
Կատերինը լիք ու կլոր,
Ծեծի քաշեց, վռնդեց ինձ:
Ես ու Նոեն փախանք մոլոր:
Անհոգ է, ով չունի ոչինչ:

Բակալավրը՝ սիրո համբակ,
Կանե՞ր արդյոք նա աչքաթող
Ընկերուհուն սիրուց պապակ:
Կհագենար, վառեին թող,
Քաղցր է սերը, բայց և ստոր:
Չկա այստեղ ոչինչ հուզիչ,
Սա կյանքս է լոկ, սերս պղտոր,
Անհոգ է, ով չունի ոչինչ:

Բալլադ, որ գրեց Ֆրանսուա Վիյոնը իր ընկերների հետ կախաղան հանվելուց առաջ
Եղբայրնե՛ր, դո՛ւք, որ կենդանի եք դեռ,
Մի եղեք քարսիրտ, մի՛ եղեք դաժան,
Քանզի թե ներեք, գութը շարժի ձեր,
Կխղճա, գիտեմ, մեզ Տերն անպայման:
Հինգ-հինգ կախված ենք մենք միշտ անբաժան,
Ի՞նչ մնաց կյանքից, ի՞նչ, ո՜վ եղբայրներ,
Միայն գարշահոտ, փտած դիակներ:
Լոկ մոխիր ենք մենք, կամ փոշին հողի,
Ծիծաղելի չէ, օ, ո՛չ, տեսքը մեր,
Աղոթեք Աստծուն, որ մեզ ողորմի:

Իսկ թե, եղբայրնե՛ր, մենք ձեզ աղերսենք,
Մի՛ արհամարհեք դուք մեռելներիս,
Գուցե լսել եք, որ ամենուրեք,
Դե, շատ են մարդիկ և՛ անգութ և՛ խիստ:
Այնժամ աղերսը ձեր խոհեմ հղեք
Ամենակալին՝ Հիսուս Քրիստոսին.
Կների նա մեր նախկին կյանքը սին,
Դժոխքի բոցին գուցե չի թողնի,
Չէ՞ որ տանջվում ենք անհույս ու լռին,
Աղոթեք Աստծուն, որ մեզ ողորմի:

Ցողեց ու լվաց զով անձրևը մեզ,
Արևը խանձեց բոլորիս մաշկը,
Սև ագռավը մեր մորութը փետեց,
Փորփրեց-հանեց մեր աչքը:
Էլ չենք նստելու: Ո՞րն է արարքը
Մեր աններելի: Քամին անդադրում
Փչում է ուժգին, մեզ տարուբերում,
Խոցոտված ենք մենք բոլոր կողմերից,
Անդարման ցավից մեր եղեք հեռու,
Աղոթեք Աստծուն, որ մեզ ողորմի:

Ո՜վ Հիսուս Քրիստոս, դու տե՜ր երկնավոր,
Տո՜ւր խաղաղություն, հանգիստ ու անդորր,
Մի՛ նետիր դժոխք սարսափներով լի:
Մի՜ հեգնեք, մարդի՜կ, ի՞նչ կա անսովոր,
Աղոթեք Աստծուն, որ մեզ ողորմի:

Քառյակ, որ հորինեց Վիյոնը կախաղան հանվելուց առաջ
Ֆրանսուան եմ, անուն տխուր,
Գիժ Ֆրանսուան, ծնված Փարիզ:
Մի պարանով ձիգ ու ամուր
Կզգա վիզն իմ քաշն հետույքիս:

Թարգմանությունը՝ Մ. Փոլադյանի

Տես նաև Ֆրանսուա Վիյոն  
Ֆրանսուա Վիյոն | Բալլադներ Ֆրանսուա Վիյոն | Բալլադներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 14, 2016 Rating: 5
Технологии Blogger.